«Դուք պատկերացնում եք, որ քրեական գործ է հարուցվելու Փաշինյանի կողմից կաշառքի և պետական դավաճանություն հանցագործությունների փաստո՞վ». Գևորգ Կոստանյան
Օրեր առաջ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ոչ հրապարակային զրույցից, որը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպման ընթացքում: Զրուցակիցները խոսում էին Արցախի հարցի մասին․ «Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում էր Լուկաշենկոն, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասում է. «Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»:
Մեծ աղմուկ առաջացրած այդ ձայնագրության վերաբերյալ նաև ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակն էր հայտարարությամբ հանդես եկել, որում ասվում էր. «Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից: Փակ ձևաչափով նիստերը մեկնաբանման ենթակա չեն»:
Օրեր անց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ» տեսաշարում պատասխանեց այս օրերին ամենատարածված հարցին՝ արդյո՞ք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ Փաշինյանին։
«Ես վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը․ 2018թ․ հոկտեմբերին ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ 5 աստղանի հյուրանոցի խոլում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևի կոնկրետ անձը՝ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ։ Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր, որ մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձև չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ ԱՄՆ դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018թ․ հոկտեմբերին։ Այդ առաջարկը եղել է գաղտնի, և այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը։ Եվ նաև՝ արդեն մենք բոլորս։ Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Եվ շատ հանկարծակի ես իմացել եմ այդ նամակի մասին։ Ավելին ասեմ՝ այդ նամակի մասին գիտեն արդեն ՀՀ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն մարդը, որ ստացել է այդ նամակը, նաև պատմել է բարձրաստիճան սպաներին, որ եղել է պետական դավաճանություն»,- ասել էր Միքայել Մինասյանը։
Օրեր առաջ էլ Մ․ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․
«․․․Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»։
Ի դեպ, ի պատասխան լրագրողների հարցերի, Արթուր Վանեցյանն ասել է․
«Կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններով կհրապարակայնացնեմ այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ես որպես ԱԱԾ տնօրեն՝ ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես ասած, օպերատիվ կապը, դրա մասին բազմիցս խոսվել է։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում»,–ասել է նա։
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորրդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը`անդրադառնալով Միքայել Մինասյանի այդ հայտարարություններին, ասել է․
«Միքայել Մինասյանի հայտարարությունն ինքնին հանցագործության մասին լրջագույն հաղորդում է: Եվ այստեղ ակնկալել Նիկոլ Փաշինյանի ինչ-որ արձագանք, միամտություն է: Արձագանքը պտք է լինի իրավապահ մարմիններից և մասնավորապես դատախազությունից: Ցանկացած նման հաղորդման պարագայում 10 օրվա ընթացքում պետք է որոշում կայացվի կամ քրեական գործ հարուցելու, կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին»:
Նա վստահություն հայտնեց, որ քրեական գործ չի հարուցվելու:
«Այսինքն`Դուք պատկերացնում եք, որ քրեական գործ է հարուցվելու Նիկոլ Փաշինյանի կողմից կաշառքի և պետական դավաճանություն հանցագործությունների փաստո՞վ: Այսօրվա դատախազության և այսօրվա Հատուկ քննչական ծառայության կողմի՞ց: Իհարկե, ո՛չ: Դուք հիմա պատկերացնում կամ ենթադրում եք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվող ՀՔԾ պետը և այս ընթացքում որոշ դատախազների, այդ թվում`գլխավոր դատախազի կողմից քաղաքական գործընթացները կազմակերպելու արդյունքում այսօր հնարավոր է նման մեղադրանք առաջադրվի Փաշինյանի՞ն: Դա միամտություն է»,-ասել է ՀՀ նախկն գլխավոր դատախազը:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ նման գործարք կարող էր տեղի ունեցած լինել Փաշինյանի և Ալիևի միջև, Գևորգ Կոստանյանը պատասխանել է, որ զուտ վերլուծական և տրամաբանական տեսանկյունից պետք է համադրել նախորդ ձայնագրությունը, որը շատ կարևոր էր, երբ հրապարակվեց Բելառուսի նախագահի և Սերժ Սարգսյանի խոսակցությունն այն մասին, որ Լուկաշենկոն Ալիևի անունից 5 միլիարդ էր առաջարկել, և ՀՀ 3-րդ նախագահը ոչ միայն չէր համաձայնել, այլև հակըննդեմ պահանջ էր ներկայացրել:
«Ո՞վ է ասում կամ ո՞վ է բացառել, որ եթե Ալիևը Սերժ Սարգսյանին նման առաջարկով դիմել է, Նիկոլ Փաշինյանին չի դիմել: Առավել ևս այդ պարագայում, երբ Միքայել Մինասյանն անում է այդ հայտարարությունը, վստահ եմ, հասկանում է դրա իրավական պատասխանատվության մասին: Եթե նման բան չի եղել, ու նման հայտարարություն է անում, սա էլ այլ խնդիր է առաջացնում: Հետևաբար ես կարծում եմ, որ փոխադարձ պատասխանատու վերաբերմունքի պարագայում, իհարկե, մենք հարուցված քրեական գործ չենք ունենալու, թեպետ ուսումնասիրելու բան չկար, պետք է հարուցվեր»,-նշեց Գևորգ Կոստանյանը:
Մանրամասները` տեսանյութում: