ՀՀ արտաքին գործերի նախարարության ոչինչ չասող պատասխանները
Նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։
Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։
Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։
Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:
Այս համաձայնագրի ստորագրումից հետո բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ բարձրաձայնեցին, որ այնտեղ ներառված բոլոր 9 կետերն անհասկանալի են, չկա հստակություն։
Համաձայնագրի հետ կապված նաև որոշ խնդիրներ ի հայտ եկան՝ կապված հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս և մի քանի հարցերի վերաբերյալ 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։
ԱԳՆ ուղարկել էինք հետևյալ հարցերը՝
1. Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, Բաքվի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհ է կառուցվելու։ Մինչ այդ համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանի վերոնշյալ երկու տարածքներն իրար հետ կապվում էին Իրանի ճանապարհով։ Այս հանգամանքը որոշակի անհանգստություններ է առաջացրել Իրանում։ Այս կետը համաձայնագրում ներառելիս արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցել է Իրանի իր գործընկերների հետ, եթե ոչ՝ ապա պատճառը ո՞րն է եղել։ Իսկ եթե խորհրդակցել է՝ իրանցի գործընկերներն ի՞նչ դիրքորոշում են արտահայտել։
2. Այդ հայտարարության մեջ ինչո՞ւ հստակ նշված չէ, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է անտեսվել Իրանի անվտանգ, ապահով և անվճար ճանապարհը և նոր ճանապարհ առաջարկվել Բաքվի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու համար:
3. Արդյո՞ք այդպիսով, Իրանի Նորդուզի անցակետից բացի, Իրանն ու Հայաստանն այլևս սահման չեն ունենալու։
4. Հայտարարության մեջ նշված է, որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի այդ հատվածն անջատվում է երկրից, և կառավարումը փոխանցվում է ՌԴ-ին:
5. Արդո՞ք Հայաստանի հարավային տարածքով Բաքու-Նախիջևան միջանցքի կառուցումն աստիճանաբար չի նվազեցնի Իրանի առևտրատնտեսական ներկայությունը Հայաստանում։ Այս հարցն իրանցի գործընկերների հետ քննարկվե՞լ է։
Մեր հարցերի առնչությամբ, Արտաքին գործերի նախարարության լրատվության
և հանրային դիվանագիտության օպերատիվ-տեղեկատվական բաժնից ստացել ենք հետևյալ պատասխանները՝
Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մակարդակով:
Հայտարարությամբ ՀՀ և ԻԻՀ միջև անցակետերի փոփոխություն տեղի չի ունեցել:
4-րդ կետի առնչությամբ խնդրում ենք ծանոթանալ հայտարարության 9-րդ կետի
հետ, որում նշված է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն
իրականացնում է ՌԴ համապատասխան ծառայությունը:
Ինչ վերաբերում է Ձեր հարցման 5-րդ կետին, ապա դրանում ներկայացված հարցը
թերի է: