Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար
«Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,- նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:
Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ նրանից հետաքրքրվելով՝ պետք է սարը սա՞ր մնա, թե՞ հանք դառնա, ի պատասխան՝ նախարարը նշել էր. «Ես, իհարկե, լսել եմ մի քանի ամիս առաջ Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը էստեղ, ստիպված եմ նույն կերպ պատասխանել:
Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա: Այսինքն՝ ես մի կողմից՝ գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից՝ վնասները:
Այս վերջերս առիթ եղավ, տեսաք, Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ, այսինքն՝ մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս, կարելի է ասել, վայնասուն ենք բարձացնում, կամ, ասենք, շատ ցավոտ ենք ընդունում, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի: Որովհետև Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»:
Լրագրողի դիտարկմանը, թե բնակիչներն ասում են՝ ոչ մեր առողջության հաշվին ու ոչ համայնքը աղտոտելու հաշվին, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Ես մարդկանց առողջությունը շատ բարձր եմ գնահատում և համարում եմ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնենք հնարավորինս կանաչ ձևով, այսպես ասած, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի տարածաշրջանային միջավայրում, որ իրավունք չունենք մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ:
Ես չեմ ուզում ասել, որ Ամուլսարը պետք է բացվի կամ պետք է չբացվի. դա մի որոշում է, որտեղ պետք է համադրել տնտեսական շահը, համայնքների շահը և բնապահպանական շահը: Երեք շահերն էլ, ոնց որ, իրար հետ հավասար են»: