Երևանը կկարողանա՞ պատասխանել Անկարայի առաջարկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը: Ըստ Էրդողանի` այդ հարթակում ներառված կլինեն Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը, եթե ցանկանա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «բացել դռները Հայաստանի համար»։ Թուրքիայի նախագահի խոսքով` Անկարան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»: «Մենք կողմնակից ենք տարածաշրջանում խաղաղությանը, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար: Մենք խնդիրներ չունենք հայ ժողովրդի հետ»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը:

Թեև հարկ է նաև հիշեցնել, որ զորահանդեսի իր ելույթում Էրդողանը սպառնացել էր ՀՀ իշխանություններին, հիշել Էնվեր ու Նուրի փաշաների մասին` ասելով, որ այդ օրը լուսավորվում են նրանց հոգիները, դրանով իսկ հաստատելով Թուրքիա պետության ցեղասպան բնույթը և ծավալապաշտական քաղաքականությունը: Ուշագրավ է, որ, բացի ՀՀ-ին ուղղված ռազմատենչ հայտարարություններից, նա ընթերցել էր մի հատված Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմից, որում գրվում է, որ և՛ Բաքուն, և՛ Թավրիզը Ադրբեջան են: Էրդողանը նշել է.

«Արազը կիսեցին,

Ավազով այն լցրեցին։
Ես քեզ երբեք չէի լքի,
Մեզ ուժով բաժանեցին»:

Բնականաբար, Իրանի տարածքի ադրբեջանական պատկանելիության վերաբերյալ ադրբեջանցի գրողի բանաստեղծության հիշատակումը բուռն է ընդունվել պաշտոնական Թեհրանի կողմից։

Թեհրանը բացատրություններ է պահանջել Անկարայից և դատապարտել Էրդողանի ծավալապաշտական հակումները:

«Մենք արտգործնախարարություն ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին և փոխանցել նրան, որ տարածքային հավակնությունների ու կայսերական զավթողական քաղաքականության ժամանակները վաղուց անցել են»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Այս դրվագին մի շարք մեկնաբանություններով անդրադարձել էին ԻԻՀ ամենաբարձր մի քանի պաշտոնյաներ։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում նախ ասաց, որ Բաքվի զորահանդեսին հնչեցված ելույթները տարակուսելի էին, քանի որ դրանում նորանոր տարածքային հավակնություններ կային հարևան բոլոր երկրների հանդեպ։ Թեև դա, ըստ նրա, անակնկալ չէր Թուրքիայի քաղաքականությանը ծանոթ մասնագետների համար, և չնայած Թուրքիայի ԱԳ նախարարը նշում է, թե Թուրքիան «աչք չունի» այս կամ այն երկրի հողի վրա, Թուրքիան «ունի աչք» հարևանության բոլոր երկրների հողերի վրա, և վերջին տասնամյակի էրդողանական քաղաքականությունը դրա վառ ապացույցն է։

Թուրքագետի խոսքով, Թուրքիան չունի որևէ երկրի հետ նորմալ հավասար հարաբերություններ, երկրներից մեծ մասի հետ հարաբերվում է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն իրականացնելով։

«Սա ոմանք ճկունություն են որակում, սակայն իրականությունն այն է, որ Թուրքիան բոլոր երկրների հետ հարաբերություններում օգտագործում է ուժի գործոնը, դա կա և Արևմուտքի հետ հարաբերություններում, և Ռուսաստանի, և մերձավորարևելյան քաղաքականության շրջանակում, թե Իրանի, ընդհանուր առմամբ տարածաշրջանի նկատմամբ։

Բաքվի զորահանդեսի ժամանակ ակնհայտ դարձավ, որ նոր տարածքային հավակնություններ այս երկրներն ունեն Հայաստանի նկատմամբ, և այդ մասին խոսում են ակնարկելով, և դրան զուգահեռ՝ վեցակողմ համագործակցության առաջարկը «բլիթի» ցուցադրություն է, որը սովորաբար իրականացնում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այս ծրագիրը դժվարին կացության մեջ է դնելու Հայաստանին, քանի որ դա իրականացման դեպքում ներառելու է Ռուսաստանին և Իրանին, որոնք բարեկամական երկրներ են Հայաստանի համար, իսկ այս պատերազմական զարգացումներից հետո որևէ ձևաչափ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հասարակության կողմից, ենթադրում եմ՝ այնքան էլ ընդունելի չի լինելու։ Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնեն ՀՀ իշխանությունները, ոչինչ չեմ բացառում։ Թուրքիան փորձում է լիարժեք ապակառուցողական չերևալ նման խոսակցություններով։ Առավել ևս, երբ կա արդեն սիրիական համագործակցության օրինակ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև, թեև Ղարաբաղի դեպքում Իրանը ստվերում մնաց, այս եռակողմ համագործակցությունը, չնայած այս երեք երկրների միջև առկա տարաձայնություններին, հնարավոր է դարձել, քանի որ կան շահեր, բացի այդ, այս համագործակցությունը որոշակիորեն վերահսկելի է դարձնում կողմերին։

Օրինակ՝ Ռուսաստանը, կարծում եմ, գիտակցում է, թե ինչ հավակնություններ ունի Թուրքիան, սակայն համագործակցում է և Էրդողանին որակում՝ ճկուն քաղաքական գործիչ, ում հետ հաջողվում է պայմանավորվածությունների հանգել։ Սա տարածաշրջանային իրողություն է, այն պետք է ընդունել և քաղաքականապես ճիշտ դիրքորոշում որդեգրել դրա վերաբերյալ, թեև դա Երևանի դեպքում բարդ է, քանի որ պատերազմից հետո ներքաղաքական կյանքը փոփոխությունների շեմին է։ Կարծում եմ՝ պատերազմից հետո կարիք կա լուրջ վերանայման ենթարկել ՀՀ արտաքին քաղաքականությունը, դա մեծ անհրաժեշտություն է դարձել, չափազանց ճկուն՝ հարմարվողական և ուժեղ դիվանագիտության կարիք կա։ Կարծում եմ՝ միայն այդ վերանայումներից հետո հայկական կողմը կկարողանա դիտարկել այս հնարավորությանը պատասխանելու հարցը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս