ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի է ունեցել անհայտ հիվանդության բռնկում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել է 593 մարդ:
Այդ մասին հաղորդել է Times Now հեռուստաալիքը: Անհայտ հիվանդության բռնկումը Էլուրու քաղաքում եւ նրա արվարձաններում սկսվել է անցած կիրակի օրը:
Հիվանդության ախտանշաններն են՝ ընկնավորության նոպաները՝ երեքից հինգ րոպե տեւողությամբ, հիշողության կորուստը՝ մի քանի րոպե տեւողությամբ, հանկարծակի ուշաթափությունները, գլխացավը եւ ցավը մեջքի շրջանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք էին ուղարկվել բժիշկների բրիգադներ՝ Սննդի ազգային ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից եւ Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտից:
Մասնագետները թեստավորում են հիվանդների արյան, մեզի նմուշները, ինչպես նաեւ ուսումնասիրում սննդամթերքը եւ ջրի նմուշները: Ավելի վաղ Անդհրա-Փրադեշի նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը հաղորդել էր, որ առեղծվածային հիվանդության պատճառ կարող էր դառնալ կապարով եւ նիկելով թունավորումը, որոնց հետքերը գտել են ջրի եւ կաթի մեջ:
Դրա հետ մեկտեղ հաղորդվել է, որ դրանք նախնական տվյալներ են եւ անհրաժեշտ է սպասել լրացուցիչ հետազոտությունների արդյունքներին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Արեւմտյան Գադավարիի օկրուգը, որի մայրաքաղաքն Էլուրուն է, խմելու ջրի խնդիր ունի: Այդ շրջանը բրնձի խոշորագույն արտահանողն է Անդհրա-Փրադեշի նահանգում, եւ դրա ոռոգման համակարգը գցվել է լեգենդար բրիտանացի ինժեներ սըր Արթուր Քոթոնի կողմից՝ ավելի քան մեկ դար առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: