Բաժիններ՝

Ե՞րբ կնվազեն անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղերի գները

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ:

Անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցները, մի քանի օր է՝ թանկացել են: Օրինակ՝ «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը 2100 դրամից դարձել է 2300 դրամ, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամի փոխարեն՝ 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, և այլն:

Քաղաքացիների պնդմամբ՝ թանկացել է նաև  «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի գինը՝  300 դրամից դառնալով 450 դրամ:

Շատերի կարծիքով՝ թանկացած դեղամիջոցները հիմնականում լայն սպառում ունեն, որոնք եղանակային փոփոխությունների հետ կապված՝ սովորականից շատ են վաճառվում:

«Գեդեոն Ռիխտեր», «Ալֆա-ֆարմ», «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» և մի շարք այլ դեղատների ցանցերի աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում  հայտնեցին, որ այստեղ կարևոր է դեղատների կողմից վարվող քաղաքականությունը: Դեղատուն կա, որ 5-10 տոկոսով թանկ կամ էժան է վաճառում դեղը: Մեծածախ առևտրով զբաղվող  դեղատների ցանցի  դեպքում մեկը կարող է մի քիչ ավելի, մյուսը մի փոքր պակաս գին դնել:

«Որոշ դեղերի գինը նվազել, որոշներինն էլ մի փոքր բարձրացրել է, իսկ դա  ընդհանուր դեղատնային է, ոչ թե ֆիրմաներից մեկինն  էժանացել է, մյուսինը՝ թանկացել: Դեղ կա՝ դեղատներից մեկում այլ արժեք ունի, մյուսում՝ այլ: Օրինակ, մեր դեղատանը «Կարդիո մագնիլի» մեկ տուփը արժե 2100 դրամ, ոչ թե 2300: Խոսքը 75 մգ և 30 դեղահաբ ունեցողի մասին է»,- նշեց «Ալֆա-ֆարմի» աշխատակից Աննա Սահարյանը:

Դեղատաներից մեկը սեփականատերն էլ, ում անունը, իր խնդրանքով, չենք ներկայացնում, փոխանցեց, որ վերջին 2 տարվա ընթացքում առողջ մրցակցության պայմաններում շատ դեղորայքի գներ բավականին իջել են, իսկ հիմա՝ կապված դոլարի և եվրոյի փոխարժեքի  բարձրացման հետ, որոշ դեղորայք կրկին  թանկացել է:

«Ամեն տարի նույն երևույթն է, գարնանը կրկին կիջնեն դեղերի գները: Ի դեպ, կորոնավիրուսի հետ կապված՝ Վիտամին C-ն, Վիտամին D-ն, ցինկը,  «Ռիվարոքսաբան» (Քսարելտո), «Ասպիրին կարդիո» դեղերը չեն թանկացել:

Պարզապես մի պահ որոշ դեղորայքի դեֆիցիտ էր, հետո նորից ներկրվեց: Մեծ նշանակություն ուներ արտակարգ իրավիճակում Առողջապահության նախարարության թույլտվությունը՝ զուգահեռ ներմուծման հետ կապված, որի արդյունքում շատ չգրանցված դեղորայք բավականին էժանացավ: Ինչ վերաբերում է վրացական շուկային, որտեղ դեղորայքը համեմատաբար էժան է,  ապա դրա բացատրությունն այն է, որ  Վրաստանում չկա ավելացված արժեքի հարկ, դրա համար Հայաստանում ևս օրենքով պետք է հանվի ավելացված արժեքի հարկը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս