Կառավարության շենքում նստած, աթոռից կառչած այս քաղաքական դիակը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան

«Մենք որևէ ակնկալիք այլևս չունենք: Մենք ունենք պահանջ, որը պետք է կատարվի: Եվ այդ պահանջը մեկն է: Երկիրը կապտուլյացրած, երկիրն այս դժվարին իրավիճակին հասցրած սրիկան պետք է հեռանա: Ուրիշ տարբերակ չկա: Մենք բոլորս միասական այնքան ժամանակ ենք իրականացնելու մեր բողոքի ակցիաները, մինչև կառավարության շենքում նստած, աթոռից կառչած այս քաղաքական դիակը հասկանա, որ պետք է հեռանա»,- 16։00-ին Ազգային ժողովի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիան սկսելուց առաջ Պռոշյան փողոցում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` հավելելով, որ այս հարցում իրենք ունեն ժողովրդի աջակցությունը, և ժողովուրդը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի` մեկ օր ավելի իշխանության մնալը կկործանի երկիրը:

Խոսելով ԶԼՄ-ներով ու սոցցանցային տարածքում մեծ տարածում գտած ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրության մասին, որից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դեռևս 2016թ. ազատագրված 7 տարածքների համար 5 միլիարդ դոլար գումար է առաջարկել, ինչը Երրորդ նախագահը մերժել է, Արթուր Վանեցյանն ասաց, որ դա շատ լուրջ թեմա է, որի մասին պետք է խոսել փաստերով:

«Ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս մեզ բոլորիս ենթադրել կամ փաստել որ, այո, այս իշխանությունները վաճառել են մեր բոլորիս հայրենիքը»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Նա ասաց նաև, որ անելու են ամեն ինչ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, և հանրային ճնշումն ամեն օր ավելանալու է, և, ի վերջո, իրենք հասնելու են իրենց նպատակին:

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի ժամանակ է ձգում և փորձում է իր իշխանությունը պահել: Ես չգիտեմ` պատճառը որրն է: Պատճառ մեկ, որ նա ունի դեռևս չկատարած ինչ-որ խոստումներ, որոնք դեռ պետք է կատարի: Ոչ հայանպաստ խոստումներ: Երկրորդ պատճառն այն է, որ նա փորձում է պահպանել իր իշխանությունն ու օգտվել դրա բարիքներից: Երրորդ պատճառն այն է, որ նա ուղղակի վախենում է: Ես ասել եմ` վախենալ պետք չէ: Մենք պատրաստ ենք նրան տալ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վերջինս նշեց նաև, որ կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ով կլինի վարչապետ, բայց իրենք ունեն իրենց թեկնածուն, և այդ հարցով կա կոնսենսուս:

«Սա պաշտոնի կռիվ չէ, սա իշխանության համար կռիվ չէ, սա հայրենիքի փրկության համար պայքար է»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս