GPS-ը պատահաբար չի՞ աշխատում Արծվաշենի շրջանում. ադրբեջանագետ
«Ադրբեջանն անընդհատ պրովոկացիաներ է անում, փորձում մեծացնել հայ հասարակության դժգոհությունը. տորթերը, երաժշտությունը, հայ գերիների վերադարձի ձգձգումը նույնպես նրա համար է, որ լարվածություն ստեղծվի: Իրենք ուզում են, որ, ինչպես Էլչիբեյի ժամանակ Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և մեր հաղթանակները նաև Արցախում դրա ֆոնին էին, այնպես էլ ՀՀ-ում լինի, ծնկի բերեն մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ միաժամանակ կոչ անելով մեր Արցախի հայրենակիցներին՝ քանի դեռ ռուսական զորքն այնտեղ է՝ անպայման վերադառնալ, որովհետև ռուսական զորքը չի կարող ամայի տարածք պահել:
«Ադրբեջանը հենց դրա համար է ահաբեկում, գնում են հայկական գյուղեր, ցույց են տալիս, որ ապրանք են գնում, այսինքն` ուզում են ցույց տալ, որ հիմա դրամով կարող ենք մտնել ձեր բնակավայր, հետո՝ զենքով: Դա հոգեբանական ճնշման ձև է, սակայն իրականում նրանք այնտեղ ռուսների ներկայությամբ չեն կարող այդպիսի քայլ անել, նրանց մոտ դա չի ստացվի: Պետք է արցախցիները վերադառնան Արցախ և վերակառուցեն այն. այս անգամ նրանց անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Իսկ, եթե ադրբեջանցիներն ուդիների կամ այլոց հետ գան, տեսնեն՝ այդ տարածքներում մարդ չկա, ուր ուզեն՝ իրենց դրոշը կդնեն»,- ասաց ադրբեջանագետը:
Խոսելով GPS-ով սահմանները գծելու մասին՝ Գրիգորի Այվազյանը նկատեց.
«Երբ սահմաններ են գծում, GPS-ը պատահաբար չի՞ աշխատում Արծվաշենի շրջանում, որի տարածքը պատկանում է Խորհրդային Հայաստանին: Իսկ GPS-ը չի՞ աշխատում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, ասենք՝ Մարտակերտի, Մարտունու արևելյան մասերում, Հադրութի և Շուշիի շրջանում, որոնք ԼՂԻՄ տարածքներ էին: Ի դեպ, հայտարարությունում նշված է, չէ՞, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ վերջացավ պատերազմը: Այստեղ հակասություն կա.ասում են՝ Հայաստանը պետք է զիջի Լաչինը, Քելբաջարն ու Աղդամը, բայց դա մի կողմ: Շատ է խոսվում, որ ադրբեջանցիները մտնում են Սյունիք, GPS-ով հայկական տարածքներ են փորձում խլել, բայց այդ տարածքների մասին ոչ մի տող չկա: Հստակ գրված է, որ մնում են նույն դիրքում, որը կա: Հիմա, եթե ադրբեջանցին ասում է՝ սա իմ տարածքն է, դուրս արի, դու որ դուրս ես գալիս, ո՞վ է մեղավոր, ադրբեջանցի՞ն: Նրանք քաոսային իրավիճակ են ուզում ստեղծել մեզ մոտ ու օգտվել դրանից: Իսկ Հադրութի շրջանում GPS-ը չի՞ աշխատում, դե թող իրենք էլ քաշվեն: Եթե ադրբեջանցին GPS-ը բերի ու կողքին հայ չհանդիպի, վաղը ինքն այդ իրենց կողմից վերջերս հորինած քարտեզով GPS-ով Երևանում ման կգա: Չպետք է ընկրկենք, իսկ դրա համար պետական ապարատը պետք է գործի: Ինչքան զիջենք, այնքան ավելին են պահանջելու: Այստեղ, իհարկե, դիվանագիտական աշխատանք է անհրաժեշտ ու գործընթացի հստակ կառավարում: Հիմա ոչ սուգի, ոչ քաղաքացիական պատերազմի ժամանակն է: Պետք է բոլոր ոլորտներում աշխատեն ոչ թե դիլետանտները, քավոր-սանիկ-բարեկամները, այլև պրոֆեսիոնալները: 30 տարիների ընթացքում, երբ Արցախի վերաբերյալ որևէ հարց էր որոշվում, հարցրե՞լ են ադրբեջանագետների, պատմաբանների կարծիքը: Մինչև այս՝ վերջին հայտարարության պահը մեզ չեն հարցրել ոչինչ»:
Ադրբեջանագետը չի կիսում այն կարծիքը, թե հիմա Ադրբեջանն ու Թուրքիան՝ ըստ այդ հայտարարության, կողողեն մեր տնտեսությունն էժան ապրանքներով, և կսպանի մեր տնտեսությունը, չենք կարողանա դիմակայել, ուրիշ մասն էլ ջուրը չտեսած՝ բոբիկանում է ու ասում է՝ վատ բա՞ն է, որ հայկական ապրանքները տանենք Ադրբեջան ու Թուրքիա՝ վաճառենք:
«Երկու կողմերին պետք է հանդարտության կոչ անել: Եվ, եթե չգիտեն՝ Թուրքիան ու Ադրբեջանն ինչ են, ավելի լավ է՝ լռեն, քան նման կեղծ օրակարգ փաթաթեն մեր հասարակության վզին: Նախևառաջ Թուրքիան ու Ադրբեջանը չեն գնալու երկար ճանապարհով՝ փորձելով տնտեսապես նվաճել Հայաստանը, նրանք կշարունակեն այն քաղաքականությունը, որը վարել են 30 տարիների ընթացքում, այն է՝ շրջափակման մեջ պահել Հայաստանը, տնտեսությունը վերջնականապես ոչնչացնել, հատկապես այս պայմաններում, երբ հսկակական տարածքներ ենք կորցրել, որոնք նաև տնտեսական նշանակություն են ունեցել: ՀԷԿ-եր, ցորենահատիկի արտադրություն, հանքարդյունաբերություն: Արվում է այնպես, որ Արցախից մարդիկ դուրս գան, հետո՝ Հայաստանից»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը:
Հայտնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով դեկտեմբերի 8-ին նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները: