Բուհերն այսօր սարքում են կոշկակարի բուդկա՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով. Սերժ Սրապիոնյան

Երկրում տիրող իրավիճակի հետ կապված՝ մի խումբ մտավորականներ այսօր հավաքվել էին «Մեցցո» ակումբում՝ կիսելու իրենց մտահոգությունը:

Ներկաների պնդմամբ՝ այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ոլորտի նվիրյալների հավաք է:

«Հավաքը չունի ստանդարտ հավաքներին բնորոշ ձևաչափ: Ուզում եմ պարզապես ասել, որ այսօր վտանգը շարունակվում է: Դուք տեսեք, 5000-ից ավելի զոհեր… ես մի քիչ ավելի վատ թվեր գիտեմ, չեմ ուզում ձեր տրամադրությունը գցել: Կրկնակի հաշմանդամներ, անհայտ է, թե ինչքան անհայտ կորած կա: Հայ ժողովրդի այս ցավը ամենամրմռացնողն է, և այս ցավից մենք ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի և հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով: Սա անվերականգնելի կորուստ է, երբևէ չենք կարող վերականգնել՝ ինչպես 1915թ. ցեղասպանության կորուստները, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր 300.000 քաջարի զինվորների կորուստները, արցախյան առաջին պատերազմի կորուստները: Դժբախտաբար, չենք կարող վերականգնել նաև այս վերջին, խայտառակ պատերազմի կորուստները»,- հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ, վտանգված և գուցե նաև անվերականգնելի կորուստը մեր բարոյական անկումների կորուստն է:

«Մեզ անվերջ ներարկեցին միտք՝ մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին, հանեցին հիմնական մաշկը՝ հայ որոշիչը, մեր լեզուն դարձրեցին կամընտրական և ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեր մեջ մտնում է մեր մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս վերջին հոգոցի հետ: Մեզ բերեցին, հասցրեցին վերջին հոգոցին, երբ մեր միջից դուրս է գալիս մեր լեզվամտածողությունը: Տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում: Այն բուհերը, որոնք հիմնվել են սովի, եղեռնից մազապուրծ, տիֆի համաճարակում տառապող քաջարի մտավորականների կողմից, այսօր սարքում են կոշկակարի բուդկա՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով: Եվ սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են»,- նշեց գրականագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս