ԿԳՄՍ այս աշխատաոճը շատ մտահոգիչ է. եթե գաղտնի ձևով պետք է ինչ-որ բաներ առաջ տանել՝ դա անընդունելի է. Կրթության փորձագետ
Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։
Օրենսդրական նոր կարգավորման նպատակն է՝ բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները։ Առաջարկվում է ուսումնառության պետական կրթաթոշակների տրամադրում՝ ուսման վարձի փոխհատուցում։ Դրվում են անհրաժեշտ իրավական հիմքեր գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության սերտացման և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու հնարավորությունների ստեղծմամբ։
Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշերին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:
Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր ու շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, ինչը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս նախագիծը երկար տարիների աշխատանքի արդյունք է, սկսվել է դեռևս 2015-2016 թվականներին:
«Սկզբնական շրջանում նախագիծը միայն բարձրագույն կրթության համար էր, հեղափոխությունից հետո ԿԳՄՍ նախարարության նոր ղեկավարությունը որոշեց, որ պետք է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերը միավորել և դարձնել մեկ օրենք: Ընդ որում՝ սա բավական հավակնոտ քայլ էր, մեգափոփոխություն, սակայն, ըստ էության, համակարգի հետ չքննարկվեց: Ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սենյակում պատրաստեց այս նախագիծը, և մեկ տարի առաջ դրվեց հանրային քննարկման, որը բուռն անցավ:
Կային շատ դժգոհություններ, դրանցից մեկը կապված էր գիտական համակարգի հետ, որովհետև այս նախագծով Գիտությունների ազգային ակադեմիայի շատ ինստիտուտներ կարող է միանան համալսարաններին կամ խոշորացվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը՝ շեշտելով, որ նախարարությունը գնում է արմատական փոփոխության՝ առանց համակարգի մարդկանց հետ կոնսենսուսի գալու:
«Այսինքն, եթե փորձում ես այդ արմատական փոփոխությունն անել, դու որոշակի աջակցություն պետք է ստանաս: Իսկ գիտական շրջանակներից այդ աջակցությունը չեղավ, գրեթե բոլոր ինստիտուտները դեմ էին այս նախագծին: Իսկ բարձրագույն կրթության մասով մեծ աղմուկ բարձրացվեց և հիմնական քննարկումը գնաց հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների շուրջ, որովհետև դրանք այս նախագծով այլևս չեն համարվում օրենքով պարտադրվող առարկաներ, թողնում են բուհերի հայեցողությանը: Եթե բուհն ուզում է՝ կարող է պարտադիր դասավանդել, եթե ոչ, ապա՝ ոչ»,- նշեց կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, օրենքն ընդհանուր առմամբ շատ առաջադիմական կետեր ունի, ճկուն տեղեր կան, բայց ամենամտահոգիչը ձևն է, որով փորձում են օրենքն առաջ տանել:
«Հունվար-փետրվարին ավարտեցին քննարկումները, մարդիկ ակնկալում էին, որ պետք է նախարարությունը փոփոխություններ անի և բերի նոր քննարկման, բայց իրականում նախագիծն առանց որևէ քննարկման անակնկալ ձևով դեկտեմբերի 3-ին հայտնվեց կառավարության նիստի օրակարգում և որպես չզեկուցվող հարց՝ ընդունվեց: Նույնիսկ կառավարության անդամները որևէ քննարկում չարեցին, և հիմա հրատապ մտնում է Ազգային ժողովի օրակարգ:
Բնականաբար, նախարարության այս աշխատաոճը շատ մտահոգիչ է. եթե գաղտնի ձևով պետք է ինչ-որ բաներ առաջ տանել՝ դա անընդունելի է: Եվ առանցքային կետը, որը բոլորի դժգոհությունն է հարուցել, դա ռեկտորների նշանակման հարցն է: ԿԳՄՍ նախարարությունն է նշանակելու բուհի ռեկտորին: Իհարկե, ասել, որ մինչև հիմա Հայաստանում ռեկտորի ընտրություններ են եղել՝ դա մի քիչ չափազանցություն կլինի: Ընդամենը ձևական գործընթաց է եղել, հաստատել են Կրթության նախարարության ընտրությունը: Չեմ հիշում մի դեպք, որ նախարարությունն ունենա մեկ թեկնածու ռեկտորի ընտրություններում, ու նա չանցնի: Այդպիսի մի դեպք կարելի է համարել Շիրակի պետական համալսարանը, որտեղ զգացվում է, որ նախարարությունը թեկնածու չունի: 2 անգամ ընտրություն եղավ, ու ոչ ոք չանցավ: Մնացած բոլոր դեպքերում նախարարությունը թեկնածուներ էր ունենում, ու նրանք հեշտությամբ ընտրվում էին: Նախարարությունը 2.5 տարում չկարողացավ որոշ բուհերում ռեկտորների խնդիրը լուծել, և երբեմն նաև պատճառն այն էր, որ յուրային մարդ էին փնտրում: Բայց, ասենք, այդ յուրային մարդը կարող է չափանիշերին չհամապատասխաներ, իսկ այս ձևով այդ չափանիշերի խնդիրը դուրս է գալիս, արդեն կփորձեն համալասարանների նկատմամբ ուժեղ վերահսկողության փորձ անել, բայց չեմ կարծում, որ կհաջողեն, քանի որ բավական լուրջ դիմադրություն, ընդվզում է առաջ բերելու»,- նկատեց կրթության փորձագետը:
Եզրափակելով խոսքը՝ Սերոբ Խաչատրյանը շեշտեց. «Ընդհանուր առմամբ, կոնկրետ բարձրագույն կրթության մասով կարող եմ ասել, որ օրենքն ունի բազմաթիվ դրական կողմեր, բայց մի քանի կետերը և ձևը, որով փորձ է արվում օրենքն ընդունել՝ շատ տգեղ է և կարող է լուրջ ընդվզում առաջացնել: Անհասկանալի է, թե այս իրավիճակում ինչո՞ւ է նախարարությանը կամ կառավարությանը պետք ընդվզման ևս մեկ օջախ բորբոքել: Թվում էր, թե կառավարությունը պետք է հակառակն աներ՝ համագործակցեր, հարթեր, բայց ոնց որ ավելի սուր քայլերի են գնում»: