«ԳՇ պետը պարտավոր էր իշխանությունն իր ձեռքը վերցնել և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը ղեկավարեին բանակը, ինքը պիտի տաներ պատերազմը». Աշոտ Մինասյան
Նոյեմբերի 10-ին «5-րդ ալիք»-ի հետ հարցազրույցում «Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը հայտարարել էր, որ 45 օր պատերազմի դաշտում լինելով՝ տեսել է փախնող հրամանատարների, և, որ հենց Նիկոլ Փաշինյանի նշանակած գնդի հրամանատարն է փախել մարտի դաշտից: Աշոտ Մինասյանը վստահեցրել էր, որ ունի կադրերը, որոնք կարող է քննչական մարմնին ցույց տալ:
168.am-ի հետ հարցազրույցում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ասաց, որ իրավապահ և ուժային մարմիններից որևէ մեկը չի հետաքրքրվել իր ունեցած ապացույց-կադրերով:
– Ոչ ոք ինձնից չի ուզել այդ կադրերը, բայց դրանք այս պահին յութուբում են, և բոլորը տեսնում են: Այդ ամբողջ փախնող զորքին մարդիկ տեսնում են, գիտեն: Այդ նկարահանումը կատարվել է մեր կողմից: Ֆիզուլիում են եղել դեպքերը, երբ «Սիսական» գնդի հրամանատար կոչեցյալը՝ Վազգեն Հակոբյանը, փախել է զորքի առջևից, և ամբողջ զորքը: Յութուբում հստակ երևում է, հարցնում ենք՝ բա ո՞ւր է ձեր հրամանատարը, զորքն ասում է՝ առջևից ինքն է գնում: Այսինքն, փախնող հրամանատարն ինքն է, և նման հրամանատարին նշանակում են պաշտոնի:
– ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանն էլ նշանակվեց ԱԻ նախարար: Մեզ հասած տեղեկություններով՝ Անդրանիկ Փիլոյանը նահանջի հրաման է տվել: Այսինքն, նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն պահելու, սակայն այնտեղից նահանջ է եղել իր կորպուսի ուժերով, որը տրամադրված է եղել այդ ուղղության համար:
– Ես տեղյակ եմ, որովհետև զինվորներն ինձ պատմել են, թե իրավիճակն ինչպես է եղել: Կա՛մ՝ ինչի համար են պաշտոն տվել: Այդ հարցը քննարկել ենք ես և գեներալ Մանվելը Գրիգորյանը, թող հանեն զապիսները, իմ հեռախոսային զրույցը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Երբ Մանվելը գտնվում էր Շուշիում, ես ու ինքը հեռախոսով զրուցում էինք: Դա լրիվ լսելի է, ԱԱԾ-ի համար չկա այնպիսի կետ, որ ինքը չկարողանա լսել: Կարող են լսել այդ ամեն ինչը, թե ինչ էինք խոսում ես և Մանվել Գրիգորյանը: Թող հանեն և ներկայացնեն, խնդրեմ: Եթե կարողանում են իմ և իմ ընկերոջ տարբեր ժամանակների զրույցը բերել, կպցնել իրար, մոնտաժել, սարքել, թե իբր Նիկոլ ենք ուզում խփել, իրենք կարող են նաև դա անել: Այդ մոնտաժից բացի, պետք է նաև իրականը հանել և դնել, ուրիշ բան պետք չի:
– Ի դեպ, շատ են մեղադրում գեներալներին, որ լռում են, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին, տեղակալին, որ չեն գործում:
– Այն գեներալներին, որոնք ծառայության մեջ են, իրավունք ունենք մեղադրելու: Իսկ նախկիններին, որոնց հեռացրել են բանակից, մեղադրելու իրավունք չունենք: Մեղավոր են այն գեներալները, որոնք եկան նորից բանակ, և Նիկոլ Փաշինյանը դարձրեց իրեն հանցակից՝ նորից ծառայության բերելով: Նախկինները, գիտակցելով, թե ովքեր են այդ գեներալները, բոլորին հանել էին բանակից: Եվ ում Նիկոլը բերեց, նրանք հանցակից դարձան նրան:
– Բայց կային գեներալներ, որոնք բանակում էին, մնացել էին, չէին հեռացվել նախկինների կողմից, նրանք նո՞ւյնպես հանցակից են: Նրանց մեջ շատ արժանավոր մարդիկ և զինվորականներ կան:
– Եթե լռում են, դառնում են հանցակից: Եթե լռում են և այսօր չեն խոսում, դառնում են հանցակից:
– ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել էր ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Այսինքն, ԳՇ պետի կողմից եղել է զգուշացում, ի՞նչ պիտի աներ, որ չի արվել: Օնիկ Գասպարյանի մեղքը ո՞րն է:
– Ես կարծում եմ, որ ԳՇ պետը պարտավոր էր, չասեմ՝ հեղաշրջում իրականացնել, բայց պարտավոր էր իշխանությունն իր ձեռքը վերցնել և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը ղեկավարեին բանակը, և ինքը տաներ պատերազմը: Այսինքն, հրամաններն ինքն արձակեր, ինքը պատերազմը հաղթեր:
– Եթե նման կտրուկ քայլի գնար Օնիկ Գասպարյանը, պայմանականորեն ասած, վտանգ չկա՞ր, որ ինչ-որ մի բան գտնեին և իրեն ձերբակալեին, երբ հատկապես ԱԱԾ-ն, Ոստիկանությունը լինեին Նիկոլ Փաշինյանի կողմից:
– Բոլորը պետության պաշտպաններն են՝ նույն ԱԱԾ-ն, Ոստիկանությունը: Եկեք անձով չվերցնենք, պետությունն այլ բան է, անձը՝ այլ: Անձը համապատասխան ժամանակաշրջանի կառավարիչն է, բայց երբ պետություն ես կորցնում, ի՞նչ է նշանակում անձը… Վաղը Նիկոլ Փաշինյանն ո՞վ է դառնալու: Հիմա ո՞ւմ ենք մենք դատում՝ մե՞զ, պետությա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանին: Ո՞ւմ ենք դատապարտում՝ անձի՞ն՝ Մինասյան Աշոտի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ պետությանը: Պետությունը մի հզոր կառույց է, որի ներսում ապրում ենք մենք բոլորս, որը ստեղծել ենք մենք բոլորս: Սա է ամբողջը: Անձը գալիս է իշխանության, որ պետություն պահպանի, իսկ պետությունը տեր կանգնի այդ անձին, որ միասին զուգորդված կարողանանք ապրել: Բայց անձը վերցնում է պետությունը և սեփական տան նման ոնց ուզում՝ կառավարում է, այդպես չի կարելի:
– Դե, ասում են՝ Հայաստանը, հայրենիքը մեր օջախն է:
– Իհարկե, դա բոլորիս օջախն է, հայրենիքը բոլորիս օջախն է, բայց քո հայրենիքը քո օջախի պես չպետք է ղեկավարես: Տարբերությունը սրանում է:
– Պատերազմի ելքով պայմանավորված՝ բանակն ի՞նչ տեսք պիտի ունենա, վերակառուցման ի՞նչ գործընթաց պիտի անցնի, բանակային կորպուսները վերակազմավորման ի՞նչ փուլ պիտի անցնեն:
– Բանակը փոքր օրգանիզմ չէ, այն իրենից մի առանձին պետություն է ներկայացնում: Բայց բանակն այն կառույցն է, որի հետ ամեն օր պիտի աշխատել՝ բոլոր նորություններով, հնարավորություններով, աշխարհի փորձն ուսումնասիրելով, նաև՝ մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: Բանակի հետ ամեն օր պիտի աշխատել: Թե գլխավոր փոփոխությունը որը պիտի լինի, չեմ կարող ասել, դա ռազմական գործիչները և բանակում եղող գեներալները պիտի ասեն:
– Չանտեսելով ներկա անվտանգային խնդիրները ՀՀ տարածքում, մասնավորապես, Սյունիքի մարզում, Սյունիքի տարբեր համայնքներում կան նման խնդիրներ, ինչի պատճառով ասում են, որ մարդիկ ինքնաբուխ դուրս են գալիս:
– Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին ես կոչ եմ անում ոտքի կանգնել, դուրս գալ այս իշխանությունների դեմ, ամբողջ ժողովրդին հանել ոտքի, որպեսզի սահմանների հստակեցում գնա: Ես կոչ եմ անում ամբողջ Սյունիքի ժողովրդին, որ դուրս գան սահման պահելու՝ ով ունակ է, որովհետև մեր իշխանություններն ունակ չեն սահման պահելու, իսկ բանակի ուժը չի հերիքում:
Ես կոչ եմ անում բոլոր համայնքների ղեկավարներին՝ ոտքի կանգնել և պահել սահմանը, ինչպես Նիկոլը կոչ էր անում՝ պատերազմի օրերին: Ինքը խուճապը սարքեց և փախավ, երբ կոչ էր անում փրկել Սյունիքը: Բայց այսօր իրականում Սյունիքը պահելու խնդիր ունենք: Բոլոր համայնքների ղեկավարներին և ժողովրդին իմ կոչն է՝ եկեք պահենք Սյունիքը, որովհետև մենք դեռ քայլեր ունենք կատարելու: Մենք դեռ կռիվ ունենք տալու, դեռ 4-րդ կռիվը պիտի լինի: Մենք պիտի ազատագրենք մեր Արցախը, որը հանձնեց դավաճան Նիկոլը: Մենք պարտավոր ենք դրան գնալ: Մենք չենք կարող արցախցուն թողնել մենակ: Արցախցին սյունեցին է, վայքեցին է, տավուշցին է: Ի՞նչ տարբերություն, չկա այդպիսի բան:
– Ասում են՝ դեռ հարցականի տակ է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Բազմավան գյուղերը հայկական կողմի՞ն են մնալու, թե՞ ոչ: Բացի այս, Խնձորեսկի կողմից 3 կմ արդեն տրվել է Ադրբեջանին:
– Սյունիքը, ուրեմն՝ սա ամբողջ նեղ կտոր է, իհարկե, ամենանեղ կտորը Սիսիանում է լինում՝ 29 կմ է այդ հատվածը՝ «Սիսիանի զանգեր» կոչվող հատվածը: Այս հատվածից զատ, ամբողջ Սյունիքը նեղ կտոր է՝ մի կողմից՝ շրջափակված Նախիջևանով, մյուս կողմից՝ Ադրբեջանով: Այսինքն՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը երկկողմանի շրջապատված են թշնամիներով: Եկեք մտածենք՝ ո՞նց ենք պահելու: Շատ տեղեր ունենք, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհն անցնում է ադրբեջանական հատվածով, 4-5 կտոր ունենք, որ մեր նախկին վայ ղեկավարների շնորհիվ ճանապարհներն անցել են ադրբեջանական հատվածներով: Սա սխալ քարտեզագրման, գծագրման արդյունք է:
– Syuniacyerkir.am-ին տված հարցազրույցում Կապանի կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Մկրտչյանը հայտնել էր, որ երբ 1986 թ. եղել է Ղափանի շրջխորհրդի գործկոմի նախագահը, ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլիի շրջանի սահմանամերձ գյուղից դեպի Չայզամի ձգվող ճանապարհն ադրբեջանցիները ցանկացել են լայնացնել և ասֆալտապատել՝ առանց մեր թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու, բայց, ի վերջո, հաջողվել է կանխել ճանապարհահատվածի լայնացումն ու ասֆալտապատումը։ Ավելին, 1980-ականներին ճշտվել է Կապանի շրջան-Ադրբեջան սահմանագիծը, որի արդյունքում 1000 հա հողատարածք է վերադարձվել Կապանին:
– Այո, այո: Ցավոք սրտի, այն հատվածները, որոնք այսօր պիտի լինեն մեր ենթակայության տակ, հայտնվել են ադրբեջանական տիրապետության տակ:
– Նոյեմբերի 10-ին հաստատված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան խայտառակ հայտարարության հաստատումից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը վարչապետի միասնական թեկնածուն են ընտրել արդեն՝ Վազգեն Մանուկյանին, ի՞նչ կասեք այս մասին:
– Դեռ շարժման տարիներից շատ լավ գիտեմ՝ ով է Մանուկյան Վազգենը: Հպարտ եմ, որ իր ժամանակակիցն եմ, և ուրախ եմ, որ Վազգեն Մանուկյանն այս ծանր ժամանակահատվածում ստանձնել է այդ դերակատարությունը: Ահավոր ծանր ժամանակահատված է մեր ժողովրդի համար, և մեկը պիտի լիներ, որ ստանձներ այդ դերը: Ես շատ շնորհակալ եմ, որ Վազգեն Մանուկյանը կստանձնի այն:
Վազգենը, չասեմ՝ ռազմական գործիչ է, բայց ռազմական հզոր ղեկավար է: Նրա օրոք էր, որ մենք ազատագրեցինք Քարվաճառը, Շուշին: Եկեք հստակ նայենք՝ մենք մեծ հաջողություններ ենք ունեցել Վազգեն Մանուկյանի օրոք, շատ մեծ, աներևակայելի հաջողություններ, որ երևի ոչ մեկը չէր սպասում: Դա իր ճիշտ որոշումների արդյունքն էր: Ես բազում հրամաններ եմ այն ժամանակ ստացել իրենից, երբ զինվորական եմ եղել, և ձգտել եմ սերտորեն կատարել:
– Ի դեպ, նորից ակտիվ շրջանառվում է այն տեսագրությունը, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է, թե իբր Վազգեն Մանուկյանը ծախեց Գետաշենը:
– Դա սուտ է, ես չեմ հավատում, չի եղել այդպիսի բան: