
Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ հայտնելով, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը՝ մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են այդ գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով: Ներկայացրել եմ, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է»,- գրել է նա: