Գործընթացը պարունակում է գաղտնիության որոշակի տարրեր. ՊՆ պարզաբանումը

168.am-ը նոյեմբերի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.

«1. Պատերազմի օրերին, այն ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ 168.am-ն այդ հայտարարությունից հետո ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել էր,  թե Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Գրասենյակից պատասխանել էին, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի. «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք»:

Պարո՛ն նախարար, ի՞նչ նկատի ուներ ՊՆ նախկին ներկայացուցիչը հնչեցված հայտարարությամբ:

 2. «Զինված ուժերից հասկացող բոլոր անձինք ասում են, որ այս ընթացքում ինչ որ կռվել ենք, դա եղել է Նիկոլի զենքը, և եթե 2.5 տարին չլիներ, շատ ավելի ծանր կլիներ իրավիճակը, և մենք այսօր կկորցնեինք ամբողջ Արցախը»,- այսօր հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Իրականությանը համապատասխանո՞ւմ է Հայկ Սարգսյանի այս պնդումը: Եթե այո՝ ո՞ր զենքերն են եղել «Նիկոլի զենք» արտահայտությամբ ամբողջացող այդ զինատեսակները:

ՀՀ բանակից կողմից 2.5 տարիներից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք,  ձեռք բերված զինամթերքն այդ դեպքում ինչո՞ւ չի կիրառվել (եթե Հայկ Սարգսյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը):

Նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված զենքերն օգտագործվե՞լ են արդյոք այս պատերազմում, թե՞ ոչ:

 3. ԱԺ ամբիոնից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է. «…Բանակը չի կարա մասնակցի ներքաղաքական զարգացումներին, առանց էդ էլ բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են…»:

Դուք համամի՞տ եք հնչած ձևակերպման հետ: Հայկական մարտունակ բանակն այլևս չկա՞»:

 ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի կողմից այսօր ստացել ենք պատասխանը, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ Զինված ուժերի կարիքների համար սպառազինության, ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների մատակարարման գործընթացը պարունակում է գաղտնիության որոշակի տարրեր և ըստ այդմ՝ մեր հարցման 1-ին և 2-րդ կետերով հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ «հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և Կառավարության 13.03.1998 թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները»:

Հիմնավորումն իհարկե հասկանալի, սակայն անհասկանալի է, թե գաղտնիության տարրեր պարունակող այս տեղեկություններն ինչո՞ւ են այդքան հաճախ հանրայնացվում տարբեր պաշտոնյաների կողմից:

Մեր երրորդ հարցին ի պատասխան էլ՝ ՊՆ Գլխավոր քարտուղարը նշել էր. «Ձեր հարցման 3-րդ կետում արծարծվող խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով, որոնք հրապարակվել են զանգվածային լրատվության միջոցներում և հասանելի են ՀՀ ՊՆ պաշտոնական mil.am կայքէջում»:

Նկատենք՝ ՊՆ նախարարության համապատասխան հայտարարություններն արվել են մեր գրավոր հարցումն ուղարկելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս