Փաշինյանը փողով արյուն է գնում. հիմնադրամի փողերով 5 միլիոն է տալիս զոհվածների ընտանիքներին, որ չդժգոհեն. Միհրան Հակոբյան

Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում ընդունեց մի շարք նախագծեր, որոնցից առաջինով Կառավարությունը 5 միլին դրամ կհատկացնի սեպտեմբերի 27-ից սկսված  և 44 օր տևած պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին, առավելագույնը 3 միլիոն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերածներին, նախագծերից երկրորդով  գործադիրը մինչև 45 հազար դրամ աջակցություն կտա այն անձանց, որոնք  հյուրընկալել են իրենց տներում արցախցիների, իսկ երրորդով գործադիրը կփոխհատուցի Հայաստանի այն բնակիչներին, որոնց տները վնասվել են պատերազմի ընթացքում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումներն իր ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ  են տեղավորվում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, խոսելով Կառավարության այսօրվա ընդունած  որոշումների մասին, նշեց, որ զոհվածին աջակցություն տալը  տեղին է, սակայն իր այս  քայլով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնում է քաղաքացու հետ առևտուր անելու ճանապարհով, իսկ առևտրի համար որպես միջոց օգտագործվում են մեր այն սփյուռքահայ հայրենակիցների հանգանակած գումարները, որոնք ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Սփյուռքահայերը գումար էին տալիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին. այն սփյուռքահայերը, որոնց ասում էին, որ «հաղթելու ենք»։ Հիմա այդ գումարները  Փաշինյանը վերցրել և փորձում է կաշառք բաժանել։ Զինհաշմանդամների համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամով չեն կարողանում  հարցերը կարգավորել, գումար չկա։ Հիմա 5 միլիոն են տալիս, ասում են՝ յոլա գնացեք։  Փաշինյանը հենց հիմա կաշառք է բաժանում, որ մարդիկ չդժգոհեն, որովհետև նա մտածում է՝ «զոհ ունեն, դե, տարել այդ մարդկանց գլուխը կերել եմ, տանեմ 5 միլիոն տամ, ասեմ՝ յոլա գնացեք»  տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը  բոլորին չափում է իր արշինով։ Նա 30 միլիոն դրամ փողով էլ մարդկանց ուզում էր տանել դատարան, որ գնան դատարանում Ռոբերտ Քոչարյանին ամենավատ անեծքները ասեն, հիմա էլ է նույնն անում. փող կտանք՝ բերանները կփակենք տրամաբանությունն է։ Այս հիմնադրամի գումարները նոր փոխանցեցին պետական բյուջե, հիմա էլ մարդկանց են տալիս, որ մարդիկ չդժգոհեն։ Աշխարհում չկա մի բարոյական մարդ, որը փորձի փողով արյուն գնել, Փաշինյանն այսսօր փողով արյուն է գնում»,- ասաց  Հակոբյանը՝ նշելով, որ նման գործելոճը հեղինակազրկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս գումար  չփոխանցեն հիմնադրամին, ու արդյունքում կստացվի, որ հիմնադրամի հետագա գործունեությունը կվտանգվի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս