«Նա ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն». Արծվիկ Մինասյանը՝ Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ունեցած կենսափորձով, անցած ճանապարհով՝ ստանձնած պարտավորությունների շրջանակներում համապատասխանում է այն չափանիշերին, որոնք նախապես ասվել էր հակաճգնաժամային, անցումային կառավարություն ձևավորելու առումով։
«Նա ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն, համապատասխան փորձառությունը արդյունավետ ու ճիշտ քաղաքականություն տանելու, որպեսզի ազգային մտածողության մարդիկ ունենան Կառավարության ներսում։ Եվ ամենակարևորը՝ շատ հստակ է, որ նա չունի անձնական շահ առաջիկա ընտրություններում առաջադրվելու համար։ Պետք է գնահատել նաև մարդու համարձակությունը, ի վերջո, մենք մի հանգրվանում ենք, որ ամեն մեկը չէ, որ այդ բեռն ու պատասխանատվությունը կվերցնի իր ուսերին։ Կարող է վերցնել այն մարդը, ով գիտակցում է, որ երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելուց հետո, ինքը չկարողանա շարունակել իր հետագա գործունեությունը, որովհետև չափազանց ծանր բեռ է և համարձակություն է պետք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ բարձր է գնահատում Վազգեն Մանուկյանի համարձակությունը, որ նման ծանր պայմաններում պատասխանատվություն է ստանձնում։ Հետևաբար՝ կարևոր է, որ հանրությունը վստահի, հավատա և օգնի, որպեսզի նա կարողանա այս ծանր վիճակից երկիրը դուրս բերի։