«Վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում». Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ի պատասխան լրագրողների հարցի՝ անդրադարձավ իր նշանակումից հետո համացանցում և դրանից դուրս հնչեցված այն տեսակետներին, թե ինքը ղեկավարում էր Mogo վարկային կազմակերպությունը, որը «թալանում է ժողովրդին», ինչպե՞ս պետք է լուծի նրանց սոցիալական խնդիրները.
«Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը նախարարի պաշտոնում իրականացնում եմ և կիրականացնեմ, կտա այդ հարցերի պատասխանը: Արդեն աշխատում ենք և որոշակի արդյունքներ, կարծում եմ, արդեն արձանագրված են»,- ասաց Առաքելյանը:
Լրագրողի հարցին, թե ճի՞շտ են այն պնդումները, որ Mogo վարկային կազմակերպությունը 400 %-ով վարկ է տալիս, Առաքելյանը պատասխանեց.
«Ոչ: Ես նման տեղեկություն չունեմ: Բոլոր վարկային կազմակերպություններն ու բանկերը նշում են, թե քանի տոկոսով են վարկեր տալիս, նաև այդ կազմակերպությունը»:
Հարցին, թե կազմակերպությունն իրե՞ն է պատկանում, նորանշանակ նախարարն ասաց, որ՝ ոչ.
«Ես այնտեղ տնօրեն եմ աշխատել, ինչպես դրանից առաջ բազմաթիվ այլ վայրերում»:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների այն պնդմանը, թե գործող Կառավարությանը քիչ ժամանակ է մնացել, իսկ այժմ պաշտոն ստանձնող նախարարներն իրենց վրա են վերցնում «հող հանձնողի խարանը» և պաշտոնավարելու են 1-2 ամիս, Առաքելյանն ասաց.
«Տեղի ունեցածը, իհարկե, ազգային և պետական ողբերգություն է, և այդ ողբերգության շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական և ընտանեկան ողբերգություն, մասնավորապես, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, ովքեր չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը ՀՀ-ում է դեռ ապրում, կան բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ հետևաբար յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավորինս մեղմել այդ մարդկանց խնդիրները»:
Ճշտող հարցին, թե «ողբերգություն» որակումը վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի՞ն, Առաքելյանը պատասխանեց, որ խոսքն ընդհանրապես տեղի ունեցած իրադարձությունների ու պատերազմի հետևանքների մասին է: ԱՍՀ նախարարը նաև համաձայն է իշխանական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ տարածքները կորսվել են պատերազմի արդյունքում:
«Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետևանքով, հայտարարության հիման վրա: Այդ պահին իրականացվել է հնարավոր մաքսիմում առավելագույն լուծումը»:
Պատերազմում պարտված երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն նորանշանակ նախարարը տեսնո՞ւմ է:
«Իհարկե, ոչ: Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցած իրադաձությունները և նաև այն անելիքները, որոնք առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով: Հիմա Կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է ճանապարհային քարտեզում նշված խնդիրների լուծումը հնարավորինս արագ իրականացնելու համար»,- ասաց ԱՍՀ նախարարը և ավելացրեց, որ հիմա ինքը կենտրոնացած է հնարավորինս արագ Կառավարության նիստում հաստատված միջոցառումների իրականացումն ապահովելու վրա, քանի որ հազարավոր քաղաքացիների հետաքրքրում է շուտափույթ իրենց սոցիալական խնդիրների լուծումը:
Նա նշեց, որ տեղի ունեցածի մեջ կա իշխանության պատասխանատվությունը, որից իրենք չեն հրաժարվում: Այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում աշխատել այն պարագայում, երբ իրենց իշխանությանը տալիս են «դավաճան», «հող ծախող» որակավորումները, Առաքելյանը արձագանքեց.
«Ժամանակ չունեմ հետևել հասարակության կարծիքին, ֆեյսբուքյան գրառումներին, քանի որ ամբողջ իմ ժամանակը տրամադրված է այն խնդիրների լուծմանը, որը մեր առաջ դրված է»:
ԱՍՀ նախարարը նաև պնդեց, որ Կառավարության առաջնահերթությունն Արցախի քաղաքացիների վերադարձն է Արցախի Հանրապետություն, ինչը ոչ ամբողջությամբ է հնարավոր այս պահին, ինչի համար էլ նախատեսում են 6 ամսով ծախսերի փոխհատուցում: