Այսօր մեր ղեկավարությունն է մեզ ասում՝գնացեք դիմեք Ռուսաստանին. մենք էլ դրան ո՞նց վերաբերվենք, ժողովո՛ւրդ ջան, պետություն ե՞նք». Անհետ կորած զինծառայողի հարազատ

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանք նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որով խնդրում են գտնել անհետ կորած իրենց որդիներին։

Արդեն Պաշտպանության նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կառավարությունում այդ հարցով բազմաթիվ հանդիպումներն անարդյունք են եղել և ոչ մի առաջխաղացում չի եղել:

Նա նշեց, որ նոր է վերադարձել առաջնագծից և փնտրում է հարազատ եղբորը, որին կորցրել է հոկտեմբերի 21-ի մարտերի ժամանակ Զանգելանում. «Այդ մարտերի մեջ եմ եղել, ու իմ հարազատ եղբայրը ինձ հետ է եղել ու  կորել է  այդ մարտի ժամանակ:

Իսկ հիմա,  որ ասում են՝ բոլոր տարածքները նայվում են՝  Զանգելանից Ղափանի կենտրոն 30 կմ  է,  Զանգելանից Ջաբրայիլ՝ 70 կմ,  30 կմ Ղափանին կպած  չեն կարողանո՞ւմ մարդկանց հանեն, զարմանալի բան է  չէ՞:

Բայց Ղարաբաղից հանում են, իսկ Ղափանից 30 կմ չեն կարողանում հանել, որովհետև չի հետաքրքրում իրենց»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում  էին, թե կառավարությունից նշում են՝ հնարավորություն չունեն, ինչը հասկանալի չէ իրենց համար. «Հասարակ բան, եթե մեկը չի գնացել պատերազմի մասնակցի, պատասխանատվության ենթարկվում է,  հիմա, որ գնացել, կորել է, բա բերե՛ք, ախպեր, թեկուզ դիակ, բերեք դիակ տանենք մեր տուն:  Հիմա մեզ ոչ մի լուծում չեն առաջարկել, մեզ ասում են՝ ոչ մի բան չենք կարող անել»:

168.am-ի լրագրողի դիտարկմանը, թե մի քանի ծնող նշել են, որ կառավարությունում վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը, երկու տարբերակ է առաջարկել՝ կամ պատերազմ, կամ խնդրել Ռուսաստանի Դաշնությանը, և հարցադրումին՝ դուք ի՞ նչ եք պատասխանել, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Ես ասել եմ՝ եկեք պատերազմ անենք»:

Զանգելանում կորած զինծառայողի եղբայրն էլ հավելեց.  «Որ էդ հարցի պատասխանը  էդպես են տվել՝ խնդրենք ռուսին… մենք կռվել ենք Հայաստանի, Արցախի հողի համար, բայց խնդրում ենք ռուսին, որ մեր զոհերին, վիրավորներին, գերիներին տան, չէ՞. բա էդ պատերազմը, որ ուզում ենք, բա ստորագրելուց առաջ գոնե մի կետ թողեիք, որ գոնե գերիներին տվեք, դիակներին տվեք, նոր ստորագրեք, հողերը տվեք, բայց գոնե մեր տղերքին հետ տվեք:

Էդ կետը ինչի՞ չեն մտածել, ինչի՞ չի մտածել:  Մի հատ հարցնեին ժողովրդին.  մինչև էդ ամեն ինչը  ժողովրդավարական պետություն էր, ամեն ինչ պիտի իմանային, բայց հերթը հասավ այս վերջին պահին, արդեն ժողովրդին մոռացա՞ն»:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իր գնահատմամբ՝ վարչապետի օգնականի առաջարկներով իրականում անելանելի իրավիճակ է ստեղծվում. «Դա այնպիսի հարց է, որ մենք տուպիկի առաջ կանգնենք, որ չկարողանանք ասել՝ կռիվ ենք ուզում, որովհետև ես հիմա զարմիկներ ունեմ, որոնք հենց հիմա առաջնագծում են կանգնած, 18 տարեկան տղաներ են: Էդ հարցը հիմա դրա համար է տրված, որ տուպիկ լինի, մենք չիմանանք՝ ինչ խոսենք:

Բանակցությունները չի ստացվում-գնացեք դիմեք ռուսին, ես ասեցի՝ մենք չէինք ուզում դիմենք ռուսին, քանի որ մենք ունենք կառավարություն, պետականություն, վարչապետ, տեղակալներ, չուզեցինք սկզբից գնայինք ՌԴ-ին դիմեինք, քանի որ մենք ունեինք մերը, բայց այսօր մեր ղեկավարությունն է մեզ ասում՝գնացեք դիմեք, մենք էլ դրան ո՞նց վերաբերվենք, ո՞նց հասկանանք, ժողովուրդ ջան, պետություն ե՞նք»:

Ծնողները ցանկացան  մտնել նախարարություն, ոստիկանները խնդրեցին սպասել, սակայն ծնողների մի խմբի,  ի վերջո, հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը և ներս մտնել:

 

Տեսանյութեր

Լրահոս