Բաժիններ՝

Ախր մեր Ստեփանակերտն է, պետք է գնանք, շենացնենք. արցախցի կինը՝ առկա խնդիրների ու անելիքների մասին

Ստեփանակերտցի 6 հոգանոց ընտանիքը, որ ժամանակավոր բնակություն է հաստատել Երևանի Աջափնյակ թաղամասում, սննդի և հագուստի կարիք ունի:

«Ապրում ենք բարեկամի տանը՝ ես, սկեսուրս ու 4 անչափահաս երեխաներս: 3 տղա ունեմ, 1 աղջիկ: Ամուսինս դիրքերում է: Շոր չունենք նորմալ, երեխաները դուրս գալու համար տաք հագուստ  չունեն, ցրտել է, դուրս չեն կարողանում գալ: Պետք է վճարենք նաև կոմունալները, հետաքրքրվել ենք, ասել են, որ դրանք չվճարելու համար տարբերակ գտնել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լիանան:

Նա հավելեց, որ անհամբեր սպասում են այն օրվան, երբ կկարողանան վերադառնալ իրենց տուն:

«Ախր մեր Ստեփանակերտն է, պետք է գնանք, շենացնենք, պարզապես դեռ անորոշ վիճակ է, տունն էլ պետք է սարքենք, ախր դիմացը ձմեռ է, դրա համար ենք դեռ երկմտում: Ուղղակի տան տանիքը նորմալ չէ, որ երեխեքին վերցնեմ, գնամ, կոտրված են նաև պատուհանները: Ռուս խաղաղապահների ներկայությունը մի փոքր համոզում է, որ խաղաղություն կլինի, բայց դե մեկ է՝ 100 տոկոսով դեռ համոզված չենք»,- նշեց  արցախցի տիկինը:

Խոսելով նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների մասին՝ տիկին Լիանան նկատեց.

«Շատ բան չեմ հասկանում քաղաքականությունից, բայց երևի ճիշտ էր հրադադարը. եղբայրս, ամուսնուս եղբայրը ևս վիրավոր են, որ պատմում են, թե այնտեղ ինչ է կատարվել՝ սարսափում ես: Մեր իմացած կռիվը չի եղել, հարվածները եկել են օդից. ահավոր է եղել: 3 տղա ունեմ, ես էլ եմ սարսափում: 5 տարով է այս համաձայնագիրը, վաղը չգիտենք, թե ինչ կլինի:  Մեծ տղաս 15 տարեկան է, 2 տարուց պետք է գնա բանակ, բայց ինչ արած՝ մեր տուն ու տեղը չենք թողնելու: Շատ ենք մեր Հայրենիքից հողեր զիջել թշնամուն, դա էլ տա՞նք»:

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 097 314584:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս