Հայկական Փի Ար ասոցիացիայի կոչը՝ հաղորդակցության մասնագետներին
Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարություն է տարածել.
«Այսօր պետությունը կանգնած է ծանր իրադրության առջև. կորսված Արցախ, հետպատերազմական անկայունություն, հասարակության շրջանում անվտանգության հետ կապված մտահոգություններ, համաճարակ և այլն։ Նման ճգնաժամային իրավիճակում քաղաքացին պետք է զգա պետության ներկայությունն իր կողքին, իշխանական համակարգը պետք է ցուցաբերի կառավարչին բնորոշ հատկանիշներ և գործելակերպ։ Այսօր առավել քան կարևոր է հանրային կապերի մասնագետի դերակատարությունը. մամուլի քարտուղարները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պետք է հետադարձ կապ ապահովեն։ Հանրային կապերի մասնագետները պետական համակարգում իշխանության և հանրության միջև կամուրջի դերակատարություն ստանձնողներն են, հասարակության հետ հաղորդակցություն ձևավորողներն են, տեսակետների և անելիքների հանրայնացնողներն են։
Յուրաքանչյուր պատ, յուրաքանչյուր չպատասխանած հեռախոսային զանգ ավելի են խորացնում մտահոգությունները հանրության շրջանում, ինչը կարող է բերել խուճապի և անկառավարելիության։
Հանրային կապերի մասնագետներ՝ մամուլի քարտուղարներ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդականներ, կոչ ենք անում դրսևորել բարձր մասնագիտական գիտակցություն, առավել ինտենսիվ աշխատել զանգվածային լրատվամիջոցների հետ, պատասխանել լրագրողների հարցերին հնարավորինս արագ։ Ճգնաժամային իրավիճակում առաջնային օղակում գտնվող գերատեսչությունների PR մասնագետներ պարբերաբար հանդես եկե՛ք ճեպազրույցներով, օգտագործե՛ք պաշտոնական հաղորդակցության և սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները։
Այսօր հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներն ստիպված են հետևել և ուսումնասիրել լրահոսը 24/7 ձևաչափով և նույն ձևաչափով էլ իրականացնել հաղորդակցությունը։ Տեղեկատվությունը պետք չէ կայծակնային արագությամբ հերքել, այնուհետև հեռացնել հերքումը նոր մանրամասների ներքո, որից հետո էլի փորձել պարզաբանումներ ներկայացնել։ Պետք է գործել ըստ ճգնաժամային պլանի՝ հաղորդակցվել հանրության հետ, այո՛, ժամանակն է, պետք չէ սպասել և հուսալ, որ հույզերը կհանգստանան. լռությունը նպաստում է խավարում տագնապների և հույզերի առավել մեծացմանը։ Հատկապես այսօր, մենք ունենք անվստահության խնդիր, ուստի յուրաքանչյուր խոսք պետք է լինի առավել կշռադատված, համոզիչ, բայց իրական. հանրային կապերի հիմքում ճշմարտությունն է և հաղորդակցությունը։
Հատկապես այսօր պետության համար կարևոր է ռազմավարական գրագետ հաղորդակցությունը. ցուցաբերե՛ք բարձր մասնագիտական հմտություններ, աշխատե՛ք, եթե չեք կարողանում՝ հեռացե՛ք»: