«Ուզում էր ամուսնանար, ընտանիք կազմեր…». Արցախում զոհված 22-ամյա Գոռը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր
«Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 22-ամյա Գոռ Սուրենի Սարիբեկյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր»,- 168.am–ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Լյովա Նազարեթյանը:
Գոռը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից էր, ապրում էր ծնողների հետ, ընտանիքում 5 երեխա էին՝ 2 քույր, 3 եղբայր, ինքը եղբայրներից միջնեկն էր: Նրա մորեղբայրը հիշում է, որ դեռ փոքր տարիքից Գոռն ինքնուրույն էր, դպրոցական տարիքից աշխատում էր, ծնողներին օգնում:
«Գոռը շատ լավ, աշխատող, հավեսով երեխա էր, 10-րդ դասարանից սկսեց աշխատել, ծնողներին էր օգնում: Դպրոցն ավարտեուց հետո իր ուժերով՝ առանց որևէ մեկի աջակցության, ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սովորում էր, զուգահեռ աշխատում՝ իր վարձը վճարում»,- պատմեց Գոռի մորեղբայրը:
Նա նշեց, որ և Գոռը, և իր 2 եղբայրները ծառայել են սահմանին, իսկ զորացրվելուց հետո երեքն էլ աշխատանքի են անցել ոստիկանության հատուկ նշանակության գնդում.
«Ոստիկանությունում աշխատելուն զուգահեռ՝ հերթափոխի ժամանակ, Գոռը շինարարության վրա էր աշխատում, իր հարցերն ինքն էր կարգավորում: Պարտադիր պայման եղավ՝ ոստիկանությունը հերթափոխ էր հանձնում սահմանում, այդ ժամանակահատվածում նույնիսկ լրացուցիչ փուլերի է մասնակցել սահման պահելու համար: Այս անգամ էլ ախպոր հետ հերթափոխ անցավ նորից, մեծ եղբայրը հետ եկավ, ինքը գնաց, ու վերջ… փոքր եղբայրը չհասցրեց գնալ»:
Գոռը վերջին անգամ դիրքեր էր բարձրացել հոկտեմբերի վերջին, նրա մորեղբայրը պատմեց, որ սկզբում Քարվաճառում էին եղել, իսկ նոյեմբերի 7-ին տեղափոխվել էին Շուշի.
«Վերջին զանգը եղել է հենց նոյեմբերի 7-ին: Առավոտ զանգել էր՝ ախպորը, քրոջը, քրոջ երեխեքին, բոլորի հետ հանգիստ զրույց էր ունեցել, ասել էր՝ մենք տեղափոխվել ենք. որից հետո սկսվել էր այդ «կեղտոտ» գործողությունները… Ամսի 7-ի օվա երկրորդ կեսից էլ զանգ չեղավ, մինչև 10 օր հետո դիակը հայտնաբերեցինք Ստեփանակերտում»:
Գոռը շատ նպատակներ և երազանքներ ուներ, որոնք մնացին անավարտ.
«Ուզում էր ամուսնանար, ընտանիք կազմեր, տուն առներ, ու այդպես շարունակ: Հազար նպատակներ կային…»,- ընդգծեց Գոռի մորեղբայրը:
Գոռ Սարիբեկյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, Պեմզաշենում: