«Գնացե՛ք, հեռացե՛ք, հրաժարվե՛ք… ինչպես կուզեք անվանեք այդ քայլը, բայց արեք, հանուն ազգի և հայրենիքի համար նոր շանսի». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյացիա, գերիներ, զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, փախստականներ, Արցախի հայաթափում, Հայրենիքի տարածքների պաշտպանում կռվով ու դրանց կորսուստ՝ առանց կրակոցի, Սոթք, ՀՀ սահմաների պաշտպանության բացեր, ազգային պառակտվածություն, համազգային ամբողջական ներուժի արհամարում և չօգտվելուն միտված քաղաքականությունը, հանրային դաշտի բաժանում, ԱԺ-ում բռունցքների մշակույթի ձևավորում… որը ասես, որը թողնես։
Իսկ կար ժամանակ, մոտ երկու տարի առաջ, երբ այլ հույսով էինք ապրում։ Ամեն ինչ անում էինք, որ մասնագիտական ներուժը պետական քաղաքականության հիմք դառնա։ Նախարարներ էինք իրար կողք բերում, և նույն սենյակում մասնագիտական-քաղաքական մտքերի խառնարան ստանում՝ փորձելով զերծ պահել անձնականից և կարևորելով պետականը։
Երբեք ինձ թույլ չեմ տվել այդ փակ, բայց ամենաբաց քննարկումներից նույնիսկ մեկ ստորակետ ներկայացնել ու էլի չեմ անի, բայց հիմա մի փակագիծ եմ բացելու։ Հիշում եմ՝ մի անգամ մեկն ասեց խնդրել եմ երկու տարի մյուսն իր համակարգի վրա վերցնի, մինչև ինքը Հայրենիքի համար այնպիսի մի բան կձևավորի, որ հետո հաջորդ 5-6 տարիները հանգիստ կանցնեն։ Դրանից հետո անցել է մոտ երկու տարի։ Բայց ամեն ինչ այլ արդյունքի բերեց։ Ավելի շուտ անարդյունք, քանի որ 28 տարվա արած չարածն էլ հետը գլխներիս, ուսերիս, գոտկատեղերիս ու ոտքներիս գցեցինք։
Ամբողջական պետականություն ենք վարի տալիս։ Հասկացե՛ք, որ հիմա առաջնորդի էությունը, հենց իր սեփական ուժերը գնահատելով, իր իսկ քայլն է նորի, հույսի ու հնարավորության դուռ-պատուհանը բացելու։ Ներքին կյանքում իր դրսևորումն է, ոչ թե արտաքինում։ Ներսում նոր իրավիճակի, հնարավորության, հույսի ձևավորումն է՝ հեռանալով։ Առաջին նախագահի օրինակը վերաիմաստավորեք, իր գնալու իմաստը ոչ թե անձերի մեջ փնտրեք, այլ նոր շանսի ստեղծման։ Հանուն ազգի։ Գնացե՛ք, հեռացե՛ք, հրաժարվե՛ք… ինչպես կուզեք անվանեք այդ քայլը, բայց արեք, հանուն ազգի և հայրենիքի համար նոր շանսի։ Առանց բախումների, առանց ԱԺ-ում ծեծկռտուքների, առանց որևէ այլ ճնշումների։ Պարզապես սեփական գիտակցությամբ»: