«Կապիտուլյացիան չեմ ընդունել, չեմ ընդունում, եթե ուզում եք իմանալ՝ ինձ համար պատերազմը շարունակվում է». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի խոսքով՝ Արցախում անկախությունից չեն հրաժարվել, որևէ ձևաչափ չի փոխվել, և Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Արցախի նախագահ։
«Եթե դուք կարծում եք, որ պատերազմն ավարտվել է, ապա մենք այդպես չենք կարծում, ուղղակի ուժերի վերադասավորում պետք է լինի, և համաձայն միասնական քայլերի՝ այս իրավիճակից պետք է դուրս գանք, ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ես կապիտուլյացիան չեմ ընդունել, չեմ ընդունում։ Եթե ուզում եք իմանալ՝ ինձ համար պատերազմը շարունակվում է։ 300 տարուց ավելի Արցախի մելիքությունն այս տարածաշրջանի վրա տարբեր կատաստրոֆիկ իրավիճակներում է հայտնվել, բայց մենք միշտ հաղթահարել ենք, այսօր մենք կանք, մեր էպոսը կա, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի այս իրավիճակից մաքսիմալ կորուստներով դուրս չգանք։ Կռիվ է, 7-8 պետության դեմ կռվել ենք ու այս իրավիճակում ենք, սխալները բոլորը գիտենք, մենք, դուք, հիմա սխալների վրա ֆիքսվելու ժամանակը չէ, այլ դրանց գնահատական տալու ժամանակը, և մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում, թող կրեն, բայց մենք պետք է շարունակենք առաջ նայել՝ Արցախի ապագան մեր ձեռքերի մեջ է։ Արցախի նախագահը մնում է լեգիտիմ նախագահ և շարունակում է իր աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Հյուսնունցը։
Անդրադառնալով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի առողջական վիճակին, Ռուդիկ Հյուսնունցը տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանը Երևանում է՝ բուժման մեջ է։
«Պարգև սրբազանի հետ խոսել ենք, սրտի տագնապ ուներ, հիմա նորմալ վիճակում է, գնում է դեպի ապաքինում»,- եզրափակեց Ռուդիկ Հյուսնունցը։
Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: