«Ի՞նչ ՀՀ ԱԺ, ի՞նչ ՀՀ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք չկան, իրենք կախված են Պուտինի հորանջելուց». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ, եթե հասարակության մի մասը մինչև հիմա չի հասկանում՝ ում է ձայն տվել և ում է շարունակում սատարել, ապա արժանի է այն վերաբերմունքին, որն այս օրերին տեսնում ենք իշխանությունների կողմից:

«Մեր հասարակության որոշ մասը պատրաստ է և՛ Սյունիքը հանձնել, և՛ Էջմիածինը հանձնել, և պատրաստ է գնալ ու Թուրքիայում քոծություն անել: Նրանք արժանի են նրան, ինչին սատարում են: Եթե պատկերավոր ասած՝ մարդիկ ասում են՝ թող Էրդողանն ու Ալիևն էլ գան, միայն թե նախկինները չգան, եկավ, Ալիևը եկավ ու Արցախի 80 տոկոսում ինքն է արդեն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ շա՞տ են նման մտածելակերպով մարդիկ, նա պատասխանեց. «Կան, քչացել են, բայց կան: Ես ամեն ինչ անում եմ, որ այլևս չշփվեմ նման մարդկանց հետ, դա կլինեն իմ բարեկամները, հարևանները թե այլ մարդիկ, շրջապատս մաքրում եմ նման մարդկանցից, որովհետև դրանք պոտենցիալ և ոչ պոտենցիալ դավաճաններ են»:

Մեդիափորձագետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը վերացել է. «Հայաստանի Հանրապետությունը Վլադիմիր Պուտինի տրամադրությամբ շարժվող օբյեկտ է: Արցախի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունի, այն գեներալ Մուրադովին սպասարկող տարածք է: Արցախի նախագահը ամենազավեշտալի բանն է, որ կարելի է ասել, որովհետև Արցախի բնակչության 90 տոկոսը Արցախից դուրս է, տարածքների 80 տոկոսը ադրբեջանցիների մոտ է, ո՞վ է ինքը, ո՞ւմ անունից է խոսում: Ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուսական դրոշ են դնում, որպեսզի ադրբեջանցիներին ասեն՝ սա հայկական տարածք է, չմտնեք: Ի՞նչ ՀՀ ԱԺ, ի՞նչ ՀՀ կառավարություն, ի՞նչ Փաշինյան: Իրենք չկան, իրենք կախված են Պուտինի հորանջելուց կամ չհորանջելուց, կարող է՝ մի հատ հորանջի՝ իրենց բոլորին կուլ տա, հետո հետ բրդի: Էդ կույտը՝ 88+կառավարություն, իրենք գնոմիկներ են: Մեր սուբյեկտայնությունը, մեր ինքնիշխանությունը Հայաստանի Խորհրդային Հանրապետության մակարդակից ցածր է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս