Նիկոլ Փաշինյանի «սեփական կետից» բանակցություններ սկսելու «կարևոր նրբությունն» ու Արցախի կապիտուլյացիան

Դեռևս չորս տարի առաջ  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներից մեկում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ինքնավստահ հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունք է եղել։

2016 թվականի ապրիլի 9-ին էլ ֆեսյբուքյան իր էջում գրառում էր կատարել այդ պատերազմի մասին, համադրել էր այդ շրջանում փակ և բաց աղբյուրներից իր ստացած տեղեկատվությունը, ապա որպես վարկած՝  առաջ էր քաշել հետևյալը՝ թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ: Այնուհետև թվարկել իր իսկ մոգոնած սցենարի կետերը։

«Ադրբեջանական զորքը բլից-կրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք:

Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար, առաջին հերթին՝ իր ռազմավարական դաշնակցից:

Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարավաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը, Աղդամը):

Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ Կարսի, կամ Բաթումի, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր:

Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ և նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որևէ ռեսուրս չէր ունենա:

Եթե այս վարկածը իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային և պայմանագրային ծառայողները իրենց կյանքի և հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը, կամ ԼՂՀ-ն՝ այլև Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:

Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական և խորքային վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

Ամեն դեպքում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ, դրանք գործնականում հնարավոր է փարատել:

Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարևոր էր, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի մանրել աշխարհքաղաքական առևտրում: Ակնհայտ է նաև, որ այսպես կոչված հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում, և Իլհամ Ալիևը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որևէ շնորհակալության խոսք չի հնչել:

Հ.Գ.-2 ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից և համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Հ.Գ.-3 Եթե այս վարկածը իրական է՝ այն կասեցվել, բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ:

Մենք այս Հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը չորս տարի առաջ ապրիլի 9-ին։

Նույն թվականի հուլիսի 22-ին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը, Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում կրկին անդրադարձել էր Արցախի հարցին և ուղղակի պատասխանել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ տեղի ունեցածի առնչությամբ։

«Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նա՝ ես կասեի տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել։ Անդրադառնալով ՊՊԾ-ում տեղի ունեցածին, «Սասնա ծռերի» գործողություններին, նա ասել է. «Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, այդ պատճառները կվերլուծենք հետո»։

Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ամբիոնի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն՝ առնվազն տարօրինակ է»,- հեգնանքով շեշտել  էր Ն. Փաշինյանը։

Նա նաև Առաջին նախագահի հայտարարությունը բնորոշել էր՝ ամոթալի է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կնքել Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է՝ որպես «Լավրովի պլան»։ Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար, և այսպիսի լուծման համաձայնելն ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում, բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքը 1997-98 թվականներին ճիշտ էր ասում, բայց սա ամոթալի մոտեցում է, որովհետև խոսք լինել չի կարող փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևն ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին։ Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին, նշանակում է խոսել Հայաստանի և ԼՂ Հանրապետությունների կապիտուլյացիայի մասին։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիա։ Հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի այսպիսի կապիտուլյացիաներից խուսափելու, Հայաստանի և ԼՂ Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը և պետական ինքնասիրությունը  պաշտպանելու համար»,- սեփական վերլուծության արդյունքում եզրահանգել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարություններից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, 2,5 տարվա ընթացքում այդպես էլ չհստակեցրեց, թե Արցախի հարցի հետ կապված ի՞նչ փաստաթղթի շուրջ է բանակցում Ադրբեջանի, կամ, իր իսկ բնութագրմամբ՝ «կիրթ» Ալիևի հետ։ Իսկ դրա հետ կապված հարցադրումներին էլ վարչապետ Փաշինյանը սովորաբար պատասխանում էր. «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ Արցախի բանակցային գործընթացը սկսելու է ոչ թե նախկին, այսինքն՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կիսատ թողած կետից, այլ սեփական կետից. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից՝ սա շատ կարևոր նրբություն է»,- 2019 թվականի ապրիլի սկզբին լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այդ զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր՝ թող որևէ մեկը չմտածի, որ եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Հայաստանը հանձնվելու է. «Ո՞վ է նման բան մտածելու, նա միամիտ է, որ նման բան է մտածում։ Որքան մենք պատերազմից ունենք վախենալու բան, այնքան էլ Ադրբեջանն ունի, ընդհանրապես տարածաշրջանն ունի վախենալու բան։ Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն։ Եվ մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու,  և դա մեր պատերազմը չի լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե այսօր մեր դեմ որևէ մեկը ռազմական գործողություն սկսի,  մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն։ Եկեք սրա մասին քիչ խոսենք, պետք չէ ամեն բանակցային գործընթացից առաջ, հետո խոսել պատերազմի մասին»,- խորհուրդ էր տվել նա։

Իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցաբար թե ենթագիտակցաբար, իրականություն դարձրեց 2016 թվականի ապրիլի 9-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ մոգոնած սցենարական վարկածը  հետգրություններով, բացի մեկից՝   «Մենք այս Հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի»:

«Սեփական կետից» բանակցությունները սկսելու արդյունքում Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթը, որով դադարեցվում էր Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Այսօր արդեն տարածքները  հանձնել և շարունակում են հանձնել, ռուս խաղաղապահներն Արցախում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթով այցելում է հանձնված բնակավայրեր՝ երկրի դրոշը բարձրացնելու: Ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց դեռ չեն վերադարձրել, հայտնի է ընդամենը 17 հայի անուն: Զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատները փնտրում են տղաներին: Պետական ատյանների դռներ թակելով, բողոքի ակցիան անցկացնելով՝ խնդրում ու պահանջում են՝ գոնե որևէ տեղեկություն իրենց փոխանցեն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս փաստաթուղթը ստորագրել է ժողովրդից և երկրի նախագահից գաղտնի, չնայած միշտ հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, և առանց ժողովրդի որևէ հարց չի լուծվելու։ Հարկ է նաև նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նաև առիթը բաց չէր թողնում կրկնելու, որ իրեն կարող է կանգնեցնել միայն ժողովուրդը։

«Մենակ ժողովուրդն ա, որ ինձ կարա կանգնացնի: Ուրիշ ոչ մեկն ինձ չի կարա կանգնացնի: Եթե ուզում եք կանգնացնեք, քավ լիցի, ձեր էդ իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս