«Վերջին ինֆորմացիայի համաձայն՝ իրենք գնացին, էլ չկարողացան գալ». Business Armenia (BA) աջակցության խմբի նախկին ղեկավարը՝ չինական New Yida ընկերության ներդրումային ծրագրի մասին

Նախորդ շաբաթ 168.amանդրադարձել էր չինական  Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ New Yida ընկերության կողմից Հայաստանում հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարան կառուցելու ու արտադրություն սկսելու նպատակով  5 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին դեռևս 2 տարի առաջ շրջանառության մեջ դրված տեղեկությանը:

168.am  անդրադարձել է ներդրման վերաբերյալ առկա տեղեկությանը, կառավարության դեռևս 2019 թվականի մայիսի 23-ի նիստում հարցի քննակմանը,   Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում իրականացված լսումներին,  ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ իրականացված հանրային լսումներին:  Գրել էինք, որ չնայած կառավարությունում ներկայացված նախագծով սահմանված էին աշխատանքների կատարման ստույգ ժամկետներ, մասնավորապես, որ շինարարությունը պետք է կատարվեր 2019 թվականի 3-րդ եռամսյակում, իսկ արտադրության մեկնարկը պետք է տրվեր 2020 թվականի առաջին եռամսյակում, այդուհանդերձ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր վարչական շրջանում անգամ գործարանի շենքի հիմքը գցված չէր։ 

Այսօր 168.am-ին հաջողվեց կապ հաստատել 2018 թվականի ապրիլի 20-ին Yida GROUP ներկայացուցչության գործադիր տնօրեն Լուո Գանգի հետ հուշագիր ստորագրած Business Armenia (BA) աջակցության խմբի նախկին ղեկավար Հայկ Միրզոյանի հետ: Նա մեզ հետ  զրույցում հայտնեց, որ ինքը չի աշխատում այլևս Բիզնես Արմենիա հիմնադրամում, և իր ունեցած վերջին տեղեկատվության համաձայն՝ «Նյու Իդա» ընկերության ներդրումային ծրագրի՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում հանքային ջրերի շշալցման ու արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ, ժամկետների, պայմանավորված է պարզապես COVID-19 պանդեմիայով:

«Իմ վերջին տեղեկատվության համաձայն, ես կարծում եմ՝ այդ ծրագիրը կիրականանա: Այնպես չի, որ չիրականանա: Վերջին ինֆորմացիայի համաձայն՝ իրենք գնացին, էլ չկարողացան գալ: Գնացին գործարանի նախագծման և մեքենասարքավորումների ձեռքբերման նպատակով»,- ասաց Հայկ Միրզոյանը:

Հարցի վերաբերյալ որոշակի տեղեկություններ ստանալու նպատակով հարցում ենք ուղարկել չինական Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ են դադարեցրել գործընթացը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարանի շինարարությունը պետք է կատարվեր դեռևս 2019 թվականի 3-րդ եռամսյակում, արտադրությունն էլ պետք է սկսվեր 2020 թվականի առաջին եռամսյակում: Ինչպես նաև խնդրել ենք նշել, թե, հաշվի առնելով COVID-19-ի փաստը, արդյո՞ք պատրաստվում են իրականացնել ներդրումը ու ներդրում անելու պատրաստակամության առկայության պարագայում ե՞րբ են պատրաստվում իրականացնել ներդրումը: Նշված հարցերի պատասխանները դեռևս չենք ստացել, ստանալուն պես անպայման կիրազեկենք հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս