Ադրբեջանին 50 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցումը ևս մեկ տարածքով վճարելու հարց է շրջանառում թուրքական կողմը. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին քվեարկությամբ ընդունել է օրենք՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին, և համաձայն Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն՝ Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով այս զարգացումներին, նշեց, որ Թուրքիան այս տարածաշրջանում ունի ագրեսիվ նկրտումներ, և Արցախյան պատերազմն էլ թուրքական լայնածավալ պլանի մշակված մի քայլն էր։

«Սա թուրքական լայնածավալ պլանի մի դրվագ էր, և հաջորդներն էլ արդեն կյանքի կոչվելու փուլում են, ուստի ակնկալել, որ կապիուլյացիայի ակտից հետո կդադադարեն թուրքական նկրտումները, միամտություն է։ Թուրքական զորքի և զինտեխնիկայի կուտակումը կարելի է դիտարկել երկու հարթության մեջ՝ Իրանը ևս զորք, զինտեխնիկա է կուտակել, մյուս կողմից՝ Ռուսաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն, և հիմա Թուրքիան իր ռազմական ներկայությունն է ավելացնում։ Դա մեսիջ է, որ Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությամբ Թուրքիան հետամուտ է լինելու ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի բոլոր կետերի կատարմանը»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ Արցախում այս պահին հաստատվելիք ռուս-թուրքական մոնիտորինգային խումբը նշանակում է, որ ցանկացած պահի այն կարող է դառնալ ռազմական լուրջ ներկայություն, որովհետև Էրդողանն արդեն ստորագրել է պայմանագիր և մեկ տարով զորք ուղարկել Ադրբեջան։

«Այդ օրենքի ստորագրումը արդեն ստեղծում է լեգիտիմ իրավական հիմք Արցախ թուրքական զորքի տեղակայման համար։ Մոնիտորինգ իրականացնող խումբն Արցախում արդեն ռազմական ներկայություն է նշանակում, որովհետև շատ դժվար է լինելու հասկանալ, թե այնտեղ հարձակողական տեխնիկա՞ է տեղափոխվում, թե՞ ոչ, դա կանխելը, վերահսկելը շատ դժվար է լինելու։ Բացի այդ՝ այստեղ կարևոր է հիշել Վլադիմիր Պուտինի հարցազրույցի այն մասը, երբ նա նշեց, որ Ադրբեջանն իր սուվերեն տարածքում կարող է տեղակայել թուրքական մոնիտորինգային խումբ, իսկ եթե Ադրբեջանի սուվերեն տարածք է դառնում Հադրութը, Քելբաջարը, դա նշանակում է, որ հենց այդնտեղ էլ կարող է այդ թուրքական մոնիտորինգային խումբ տեղակայել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ թուրքագետի՝ թուրքական նկրտումները Հայաստանից ինչ-որ բան ստանալու առոււմով տեղավորվում են նաև Ադրբեջանի կողմից բարձրացված փոխհատուցման հարցի համատեքստում։

Ռուբեն Մելքոնյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը շրջանառում է Հայաստանից ֆինանսական փոխհատուցման հարցը, և վարչապետի ստորագրած փաստաթղթով Հայաստանը պարտավորվում վերադարձնել Քելբաջարի և Աղդամի շրջանները։

«Այդ ստորագրությամբ Հայաստանը փաստորեն ընդունում է, որ ինքն է այդ տարածքները վերցրել։ Հիմա, եթե ընդունում է, որ այդ տարածքներն ինքն է վերցրել, պատկերացրեք՝ միջազգային դատական ատյաններ հայց է մտնում Քելբաջարը այդքան տարի պահելու, հանքերը օգտագործելու դիմաց Աբրեջանին վճարելու մասին։ Ադրբեջանը շրջանառում է 50 մլրդ ԱՄՆ դոլարի մասին, բայց հիմա թուրքական մոտեցումներ են շրջանառվում նաև՝ եթե Հայաստանն աղքատ երկիր է, չի կարող փոխհատուցել Ադրբեջանին 50 մլրդ ԱՄՆ դոլար, ապա կարող է վճարել տարածքով, այսինքն՝ ևս մեկ տարածք՝ փողի դիմաց պահանջ է դրվում»,- ասաց թուրքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս