«Ընթացիկ հարցեր էին, առանձնահատուկ իմաստ չկար մեջը». «Իմ քայլ»–ականները դուրս եկան Կառավարությունից

Այսօր Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարների: 168.am-ի նկարահանող խումբը ֆիքսել էր մի շարք իմքայլական պատգամավորների, որոնք մինչև Կառավարություն մտնելը չէին պատասխանել, թե ի՞նչ հանդիպման են գնում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կառավարությունից դուրս գալիս ասաց, որ իրենց հանդիպումը վարչապետի հետ էր:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Կառավարությունում, քանի որ մինչ այս նման հանդիպում գործադիրի շենքում, կարծես թե, չէր եղել, Եղոյանը պատասխանեց, որ հանդիպել են այնտեղ, որտեղ հարմար է:

«Վարչապետի հետ էր հանդիպումը: Օրակարգում ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր էին: Ընթացիկ հարցեր էին աշխատանքային, առանձնահատուկ իմաստ չկար մեջը»,- ասաց Եղոյանը:

Հարցին, թե քննարկվե՞լ են ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած պնդումները, պատգամավորն արձագանքեց, որ ինքը չի հասցրել հետևել, քանի որ օրվա ընթացքում նիստեր ունեին:

«Արտաքին քաղաքական բլոկով էր, չնկատեցի՞ք՝ ովքեր դուրս եկան: Արտաքին քաղաքական, որոշ ներքաղաքական, բայց հիմնականում արտաքին քաղաքական հարցեր էին քննարկվում: Խոսում էինք խորհրդարանական դիվանագիտությունից, Արցախյան հիմնախնդրի առկա վիճակից, ձևաչափերից հարցի քննարկման ու հարակից այլ թեմաներից: Տարբեր կարծիքներ հնչեցին, աշխատանքային քննարկում էր: Վարչապետը ցանկանում էր լսել մեր տեսակետները, մենք էլ ցանկանում էինք իր տեսակետները լսել: Այնպես չէ, որ ինչ-որ բացառիկ հանդիպում էր, հաճախ ենք այսպիսի հանդիպումներ ունենում, ուղղակի այս անգամ Կառավարությունում էր, դրա համար երևի ուշադրություն գրավեց»,- ասաց Եղոյանը:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» հանդիպում ունի՞ նաև Աննա Հակոբյանի հետ, պատգամավորն արձագանքեց.

«Չէ, չունի: Ես «Իմ քայլից» եմ, ես տեղյակ չեմ նման հանդիպումից»:

Տեսանյութեր

Լրահոս