Արման Բաբաջանյանը և Արմեն Փամբուխչյանը Կառավարությունում Արցախի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանն էին

Այսօր Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարներին: Քիչ առաջ Կառավարությունից դուրս եկավ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 168.am-ի լրագրողի հարցին, թե նա Աննա Հակոբյանի հետ հանդիպմա՞ն էր եկել, պատգամավորը պատասխանեց.

«Ոչ, ես Արցախի հետ կապված աշխատանքային խմբի հանդիպմանն էի՝ կապված ենթակառուցվածքների հետ»,- ասաց Բաբաջանյանը:

Նա չպատասխանեց լրագրողի հարցին, թե Աննա Հակոբյանը գտնվո՞ւմ է Կառավարությունում, թե՞ ոչ:

Այս ընթացքում Կառավարությունից դուրս եկավ նաև ԱԻՆ նախարարին փոխարինող Արմեն Փամբուխչյանը: Նա ևս պնդեց, թե նույն հանդիպմանն էր մասնակցում:

«Մենք Արցախի հետ կապված, Արցախից ժամանած քաղաքացիների հետ կապված և իրենց վերադարձի կազմակերպման հանձնաժողովի նիստին էինք, ես դրան էի մասնակցում»:

Փամբուխչյանը նշեց, որ այլ հանդիպման մասին տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ 168.am-ի նկարահանող խումբը Կառավարության շենքի մոտ տվյալ ժամանակահատվածում ֆիքսել է, որ Կառավարություն են եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր՝ Ռուբեն Ռուբինյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հայկ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս