Բաժիններ՝

«Մամ ջան, շատ ժամանակ չունեմ խոսելու…». 19-ամյա Արտակը մոր հետ խոսելուց մոտ 2 ժամ անց զոհվել է

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 19-ամյա Արտակ Արայիկի Մարտիրոսյանը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասից էր: Ապրում էր ծնողների և իրենից մեծ եղբոր հետ: Նրա մայրը՝ Աննա Մարգարյանը, 168.am-ի հետ զրույցում որդուն բնութագրեց՝ որպես անսահման հումորի տեր անձնավորություն:

«Արտակը՝ աշխույժ, ուրախ, լուսավոր, շատ մեծ հումոր ուներ, իր անունը տալիս՝ բոլորը ժպտում են: Անսահման հումոր ուներ ու անսահման մեծ սիրտ, մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր: Արտակիս բոլոր ընկերներն իրենից տարիքով մեծ են, բայց չեն իմացել, որ ինքը փոքր է իրենցից, իր տարիքի համեմատ՝ բավականին հասուն անձնավորություն էր: Ամեն ինչ սիրում էր, բայց հատկապես զինվորական կյանքն էր շատ սիրում: 18 տարին լրանալուց այդքան չէր ուրախացել, որ չափահաս է, ինչքան, որ արդեն բանակ պետք է գնար»,- ասաց Արտակի մայրը:

Տիկին Աննան պատմեց, որ մինչև զորակոչվելը Արտակը հասցրել էր ընդունվել քոլեջ, ապա՝ համալսարան.

«Արտակը դպրոցն ավարտեց, ընդունվեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ հաշվապահական բաժին, ավարտեց կարմիր դիպլոմով, ընդունվեց Տնտեսագիտական համալսարան՝ կառավարման բաժին, 2-րդ կուրս միանգամից: Հասցրեց դասընթացին մասնակցել, հասցրեց բոլոր քննությունները հանձնել: Մինչև ամսի 13-ը քննություն ուներ, գնաց հանձնեց, 2020 թվականի հունվարի 14-ին մեկնեց ծառայության, ասում էր, որ ոչ մեկին պարտք չմնամ»:

Արտակի մայրը պատմեց, որ որդին սովորելուն զուգահեռ՝ նաև աշխատում էր: Նպատակներ էր դնում իր առջև ու անպայման հասնում դրանց:

«Փառք Աստծո, Արտակի աշխատանքի կարիքը չունեինք, բայց ինքը շատ ինքնուրույն անձնավորություն էր, սիրում էր ամեն ինչ կարողանալ, հասնել, ամեն ինչի: Եթե իր առջև նպատակ էր դնում, անպայման դրան պետք է հասներ: Ինքը ոչ մի րոպե չթողեց աշխատանքը, ասում էր՝ ես ամեն ինչ կհասցնեմ: Արտակը Մարտունի 3-ում էր ծառայում, հենց գնաց բանակ, իր առջև միանգամից նպատակ էր դրել, որ պետք է կոչում ստանար: Հասցրեց դա էլ անել տղաս, կրտսեր սերժանտի կոչում էր ստացել: «Ես պիտի դառնամ սերժանտ», ու դարձավ: Ծառայությունն իր տարերքն էր, մինչև դպրոցն ավարտելն ինքը սկաուտական շարժման անդամ է եղել, անդամագրվել էր պատանի երկրապահ խմբին… Բանակն իր տարերքն էր, նույնիսկ մի պահ ուզում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ես չհամաձայնեցի…»,- պատմեց Արտակի մայրը:

Նա հիշում է, որ որդու ամենասիրած տոնը մայիսի 9-ն էր: Ամեն տարի այդ օրը Արտակը գնում էր իրենց գյուղի հուշահամալիր, որտեղ միջոցառումներ էին կազմակերպվում.

«Հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրն է, որտեղ արցախյան առաջին պատերազմի հերոսներն են թաղված: Մայիսի 9-ն իր համար տարերք էր՝ զինվորական շորեր հագնելու և այնտեղ պատվո պահակ կանգնելու համար: Հիմա ինքն այնտեղ պատվո պահակ է ընդմիշտ…»:

Արտակի մայրը նաև պատմեց, որ անգամ պատերազմական օրերին, երբ որդին իրենց էր զանգում, վստահեցնում էր, որ ամեն բան լավ է լինելու.

«Բանակն իր համար ամեն ինչ էր, երբեք չի դժգոհել, նույնիսկ պատերազմական օրերին, որ զանգում էր, մենք չենք իմացել, որ ինքը հրետակոծության տակից է զանգում: Ասում էր՝ հենց նոր հաց կերա, ամեն ինչ լավ է: Վերջին անգամ տղաս ինձ հետ է խոսել հոկտեմբերի 27-ին, ժամը 19:33, ուրախ-ուրախ խոսեց, բոլորիս բարևեց, հարցրեցի՝ հաց կերե՞լ ես, պատասխանեց՝ հա, բա ո՞նց, իր սիրած խոսքն էր: Հարցրեցի՝ գոնե հասցրե՞լ ես թրաշվել, որովհետև ինքն ընդհանրապես չէր սիրում չթրաշված, պատասխանեց՝ չէ, մամ ջան, մազերս այնքան է երկարել, արդեն լցվում է բերանս, ու ծիծաղեց իր ասածից: Ասաց՝ դե լավ, մամ ջան, շատ ժամանակ չունեմ խոսելու… Իր զանգից երևի 1-2 ժամ հետո տղաս զոհվել է, բայց մենք իմացել ենք 29-ի առավոտյան: Որդուս նպատակները շատ էին, ամեն ինչ կապված էր եղբոր հետ, ասում էր՝ ապեր, կգամ՝ սա կանենք, նա կանենք, օրը մի բիզնես էր մտածում, զանգում ասում էր՝ այսինչ բանն եմ մտածել, դու էլ մտածիր: Եղբորն ասում էր՝ դու ֆինանսները կկառավարես, ես՝ ամբողջ բիզնեսը: Շատ էին իր նպատակները…»:

Արտակ Արայիկի Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Ջրառատի կենտրոնական գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս