Առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը. ՊՆ փոխնախարար
ԱԺ-ում այսօր քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող, ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ այս փոփոխությամբ առաջարկվում է օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում նախատեսել գերության մեջ գտնվող զինծառայողի համար զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը պահպանելու իրավունքը:
«Նախագծի ընդունման վերաբերյալ ՀՀ կառավարությունը, որպես այդպիսին, առարկություններ չունի, ողջունելի է մեզ համար: Միաժամանակ կարգավորող հարաբերությունների ամբողջականությունն ապահովելու նկատառումներից և ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ ՔՕ 382-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից որոշակի հանցավոր գործողությունների համար, առաջարկվում է նախագծում ներառել հետևյալ կարգավորումները:
1-ին հոդվածի 1-ին կետում «հետևանք չէ» բառերից հետո լրացնել «կամ եթե առկա չէ ՀՀ ՔՕ 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթ» բառերը: 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա», և 2-րդ մաս ավելացնել՝ «սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորում ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում»: Այսինքն՝ այն կարգավորիչ ենթաօրենսդրական ակտը, որի մասին խոսվում է, պետք է 60 օրացուցային օրվա մեջ ընդունվի»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Նա նշեց, որ հիշյալ կարգավորումները հաշվի առնելու դեպքում կառավարությունը կողմ է նախագծի ընդունմանը: