«Վիեննայի կոնվենցիայի 51-րդ հոդվածն ասում է՝ սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են». Տարոն Սիմոնյանը՝ նոյեմբերի 10-ի պայմանագրի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է՝ այս իշխանությունների հետ երկրում որևէ դրական բանի չեն կարողանալու հասնել։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Հայստանով պետք է ճանապարհ բացվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նշանակում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլ անել։
«Հնարավոր է՝ ժամանակը գա, և դրա հետ կապված քրեաիրավական գնահատական տրվի, դեռ այս ամենը հասկանալ։ Մեկ բան ակնհայտ է, եթե փաստաթղթի մի կետում ասվում է, որ տեղի է ունենում ապաշրջափակում, այդ «կարիդորը» ինչո՞ւ ենք տալիս, այնքան հարցեր կան, որոնք պարզ չեն։ Այս փաստաթղթի արդյունքում հիմա Ադրբեջանը պատրաստվում է մեզ դատի տալ, այս իշխանության արարքի պատճառով հայ ժողովուրդը ծոռ ու կոռով պատասխան է տալու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթի հետ կապված ՀՀ վարչապետի մակարդակով եղել է հայտարարություն, որ թշնամու կողմից Հայաստանի դեմ դրվել է ուլտիմատում։
«Սպառնալիք է եղել, և Վիեննայի կոնվենցիան՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ, որի անդամ են Հայաստանն ու Ադրբեջանը, ունի 51-րդ հոդված, որտեղ գրված է, որ սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են, հետևաբար՝ դրանից չի կարող բխել որևէ գործողություն։ Բայց մեր ղեկավարությունը բխեցնում է նման գործողությունների արդարացումը, գոնե չարդարացնեն, որպեսզի հաջորդ վարչապետը գար ու օգտագործեր այդ հոդվածի բառապաշարը և ստեղծեր որևէ հայանպաստ իրավիճակ։ Այսօրվա ղեկավարությունը զբաղված է իր կողմից կնքված փաստաթուղթն արդարացնելով, մինչդեռ եթե մենք ունենայինք նոր անձ, ով կարողանար օգտագործել անգամ այս իրավիճակում առկա հնարավորությունները, հնարավոր էր որոշակի հայանպաստ դրույթներ բխեցնել։ Մենք այսօր տեսնում ենք հակառակ գործողություն՝ հայկական գյուղերի հայաթափում, որոնք չէին կանխատեսվում կնքված պայմանագրից»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը։