Բաժիններ՝

«Զանգել ենք, որ հետը խոսենք, չի պատասխանել, ընկերներից ենք իմացել…». Արցախում զոհված Աղասին ընտանիքի միակ որդին էր

«Աղասին բնավորությամբ շատ զուսպ, բայց նաև շատ խիզախ, չընկճվող, պայքարող, շատ ընտիր մարդու կերպար էր». 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 19-ամյա Աղասի Արամայիսի Խունոյանին այսպես նկարագրեց նրա հորաքույրը՝ Մանուշ Խունոյանը:

Աղասին  Գավառ քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկի և իրենից մեծ քրոջ հետ, նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել, որոշել էր վերադառնալ և ընդունվել համալսարան:

«Անցած տարի՝ հուլիսի 31-ին էր զորակոչվել, 1 տարի 3 ամսվա ծառայող էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր քոլեջ, այնտեղ էլ ավարտեց և զորակոչվեց, մտածում էր՝ վերադառնար, շարունակեր կրթությունը…»,- պատմեց Աղասիի հորաքույրը:

Նա հիշում է, որ Աղասին ծառայության մասին հարազատներին ոչինչ չէր պատմում, միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է.

«Առանձնապես ոչ մի բան չէր ասում, միշտ ասում էր՝ լավ ենք, լավ ենք ու լավ ենք, վերջ, այդքանն էր պատասխանը մեր բոլոր հարցերի: Ծառայության 6 ամիսը, որ լրացել էր, եկավ արձակուրդ, 1 շաբաթ մնաց ու գնաց: Ինքը ծառայության նկատմամբ շատ լավ էր տրամադրված»:

Աղասին պատերազմական օրերին էլ ամեն օր կարողացել է տուն զանգել, կրկին վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան կարգին է:

«Մարտակերտում էր ծառայում, ամեն օր զանգում էր, ծնողների հետ խոսում էր, հանգստացնում էր՝ ես լավ եմ, դուք մի մտածեք: Վերջին անգամ հենց այդ դեպքի երեկոյան էր զանգել՝ հոկտեմբերի 21-ին, հոկտեմբերի 22-ին՝ գիշերը ժամը 2:30 ինքը հերթապահ է եղել, այդ ժամանակ է եղել: Ընկերներից ենք իմացել, զանգել ենք, որ հետը խոսենք, չի պատասխանել, ընկերներից ենք իմացել, որ այդպիսի դեպք է պատահել…»,- պատմեց Աղասիի հորաքույրը:

Աղասի Խունոյանին հուղարկավորել են  Գավառ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս