«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքը իրացվի». Նիկոլ Փաշինյանը՝ փախստականների վերադարձի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց հայտարարության 7-րդ՝ փախստականների վերադարձի վերաբերյալ կետի մանրամասների մասին:

«Արդյո՞ք Դուք, հայկական կողմը արդեն կոմունիկացրել եք ՄԱԿ-ի փախստականների գծով համապատասխան մարմինների, և արդյո՞ք այն փախստականները, որ այսօր կան Հայաստանում, թե՛ տեղահանված մարդիկ Ղարաբաղում,  կարող են վերադառնալ, և իրենց անվտանգությունը ինչ-որ ձևով կապահովվի ՄԱԿ-ի  կամ խաղաղարար ուժերի կողմից:

Ինձ այսօր մոտեցել են նաև Հադրութի բնակիչները և այդ հարցը տալիս են՝ արդյո՞ք իրենց վերադարձը որևէ միջազգային կազմակերպություն  կամ թեկուզ հայտարարության շրջանակներում՝ խաղաղարար ուժերը կարող են երաշխավորել»,- այս հարցադրումները հղեց պատգամավորը:

Ի պատասխան՝ վարչապետը նկատեց, որ իր կողմից այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի վերականգնման մասին. «Ենթադրվում է, որ այդ քննարկումները և բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները:

Եվ այո, այդ իրավունքը նախատեսված է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքը իրացվի, և այդ իրավունքը ոչ  միայն ֆորմալ գոյություն ունենա, այլև լիարժեք իրականացվի՝ այդ մարդկանց՝ մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության, բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ:

Պատգամավորն ի լրումն ասաց. «Ուղղակի որպես շարունակություն՝ հաշվի առնելով ՄԽ համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը, և երեկ նաև՝ ՌԴ ղեկավարության հայտարարությունը, որ մարդիկ կարող են վերադառնալ (իրենց խոսքով) իրենց ավանդական  տները, ես ենթադրում եմ, որ նրանք նաև նկատի ունեն այն, ինչի մասին որ Դուք ասեցիք, այն, ինչ որ ես շեշտում եմ կոնկրետ՝ այն բնակավայրերը, որտեղ հայերը ապրել են մինչև վերջին պահը՝ պատերազմից առաջ:

Ես ենթադրում եմ, որ Մինսկի խումբը նաև հայտարարություններ կանի,  երևի մենք էլ պետք է դիմենք համապատասխան հայտարարությամբ, որտեղ ինչ-որ ձևով պարզ երևա այդ մարդկանց անվտանգ ապրելու հնարավորությունը և իրավունքը»:

Վարչապետն արձագանքեց. «Ես հենց դա նկատի ունեի, որ այդ թեզի հետագա իրագործման հետ կապված հարցերը պետք է պարզաբանվեն՝ ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ ժամանակացույցով, ի՞նչ գրաֆիկով, ո՞ւմ ուղեկցությամբ, անվտանգության ապահովումն ո՞ւմ վրա է, և այդպես շարունակ:

Այնպես որ, դա  հետագա քննարկումների առարկա պետք է դառնա:  Այս է պատճառը, որ այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետում հենց այդ անհրաժեշտությունն էր հիշատակված»:

 

Տեսանյութեր

Լրահոս