Ռուսաստանը հասկացրեց՝ Ղարաբաղն Իդլիբ չէ, բայց գործընթացները դեռ կշարունակվեն․ վերլուծաբան
Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է երկրի նախագահի հրամանը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին։ Փաստաթուղթն օրենսդիր մարմին էր ուղարկվել երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին։ Համաձայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ այն ընդունվել է, իսկ այսօր արդեն ստորագրվել է Թուրքիայի նախագահի կողմից։ Թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դերին, բայց Անկարային չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ: «Թուրքական զինվորների ներկայությունը Ղարաբաղի շփման գծում սադրանք է, ու նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դա հասկանում էր»,- ասել էր ՌԴ ղեկավարը։ Նա անդրադարձել է նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի տեղակայման աղմկահարույց հարցին։ «Բաքուն ինքը կարող է որոշում կայացնել, որտեղ պետք է Ադրբեջանում տեղակայվի Ղարաբաղի իրավիճակի մոնիտորինգի համատեղ կենտրոնը»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է Ադրբեջանին, ու դա ԽՍՀՄ-ի փլուզման աշխարհաքաղաքական արդյունք է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին՝ հայտարարել է, որ ռուս և թուրք զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին»։
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջև կայացած տեսակապով բանակցությունների արդյունքում։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ թուրք դիտորդների հարցում, դատելով Ռուսաստանից և Ադրբեջանից հնչող հայտարարություններից, Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել։ Նրա խոսքով, ՌԴ նախագահի դիտարկումներից կարելի է հասկանալ, որ լինելու են ոչ թե թուրք խաղաղապահներ, այլ դիտորդներ, նրանք չեն լինելու շփման գծում, այլ լինելու են Ադրբեջանի տարածքում։
«Սակայն հասկանում ենք նաև այն, որ նրանք մոտ են լինելու շփման գծին, քանի որ այդպես է պետք Թուրքիային և Ադրբեջանին, որոնք այս պատերազմով և դրան հաջորդած բոլոր բանակցություններում ներառեցին Թուրքիային և փորձեցին Անդրկովկաս ներքաշել թուրքական գործոն և ռազմական ներկայություն։ Սա, ինչպես տեսանք, Ռուսաստանի համար անընդունելի էր, և Ռուսաստանը կարողացավ Թուրքիային հեռու պահել խաղաղապահ առաքելությունից, բայց Ռուսաստանը չի կարող արգելել թուրք զինվորականների ներկայություն Ադրբեջանի տարածքում, բայց այս հարցում ևս համատեղ կենտրոնի հիմնավորմամբ Ռուսաստանը ստացավ մասնակցություն նաև այս հարցում և կարողացավ լիովին վերահսկելի դարձնել թուրքական ներկայությունը Ադրբեջանում։ Բայց կարծում եմ՝ ռուս-թուրքական խոսակցությունն այս հարցերի շուրջ դեռ մարված չէ։ Թուրքիան փորձում էր սիրիական մոդելը կիրառել Ղարաբաղում, իսկ Ռուսաստանն ասաց, որ դա հնարավոր չէ, որ Ղարաբաղը Իդլիբ կամ Սիրիա չէ, և համատեղ պարեկություն-խաղաղապահություն հնարավոր, ավելին, հարկավոր չէ։ Բարդ բանակցային գործընթաց է ընթանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որում կա և մրցակցություն, և հակաարևմտյան համագործակցության ցանկություն, և տարածաշրջանային շահեր, որոնք ամենուր նույնը չեն։ Ընդհանուր առմամբ խոսակցությունը, թեև բարդ է, ոչ միշտ է տապալված։ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցային ճկունություն են ցուցադրում, իսկ Ռուսաստանը բացատրում է, որ յուրաքանչյուր հակամարտությունում չէ, որ սիրիական մոդելը տեղին ու կիրառելի է։ Կարծում եմ, դիտորդների տեղակայումից և նրանց դիրքավորումից պարզ կդառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում։ Այնուամենայնիվ ռուսական կողմը հստակ նշում է իր կարմիր գծերի մասին, դիրքորոշումների դիմակայությունը շարունակվելու է, քանի որ դեռ հարցեր կան լուծելու, իսկ բազմաթիվ կողմեր դժգոհ են նման հրադադարից և իրերի ներկայիս դրությունից»,- ասաց նա։
Նշենք նաև, որ մամուլում դեռ հստակ տեղեկատվություն չկա, թե թուրքական զինվորականները որտեղ կտեղակայվեն։ Սակայն նախօրեին մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել էր, որ Ադրբեջանը դիտարկում է երկու կետ՝ Շուշի և Բարդա։