«Առանց լուրջ փոփոխությունների՝ ոչինչ չենք կարող անել՝ ամեն ինչ արվելու է այնքան վատ, որքան արվեց այս պատերազմի ժամանակ». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, հատկապես Թուրքիայի խորհրդարանի հայտնի որոշումից հետո, որ թուրքական զորքը պաշտոնապես և բացահայտ մտնում է Ադրբեջան, նաև Արցախի այն տարածքներ, որոնք պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է։
«Սա նշանակում է, այսինքն՝ կա հնարավորություններ, որ թուրքական ավելի լայնածավալ հակամարտություն կարող է լինել, ինչն ինքնըստինքյան բավականին դժվար կացության մեջ կդնի Հայաստանին։ Միևնույն ժամանակ՝ այդ ամենը կլինի փրկություն Հայաստանի ու Արցախի համար, քանի որ ռուս-թուրքական պատերազմները ցույց են տվել, որ ռուսական զենքը մշտապես հաղթել է թուրքական յաթաղանին։ Կան որոշակի կանխատեսումներ, որ ռուս-հունական ուժերը, որի մեջ մտնում են նաև հայկական ուժերը, կարող են անգամ Թուրքիային այն աստիճանի հարվածներ հասցնել, որ Ստամբուլը նորից վերածվի Կոնստանդնապոլիսի, այսինքն՝ անցնի հունական վերահսկողության տակ։ Կարծում եմ՝ այդ օպերացիան էլ կարող է որոշակի դժվարություններ ունենալ, եթե Հայաստանում այս կառավարությունը մնա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Քաղաքագետը դժվարացավ ասել, թե ստեղծված իրավիճակում արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտում ինչ քայլեր պետք է արվեն, քանի որ չգիտի, թե ով պետք է անի։
«Առայժմ նույն ուժերը, որոնք հրահրեցին այս պատերազմը, դեռ իշխում են Հայաստանում։ Առանց լուրջ փոփոխությունների՝ ոչինչ չենք կարող անել, և ամեն ինչ արվելու է այնքան վատ, որքան արվեց այս պատերազմի ժամանակ։ Ակնհայտ է, որ Հայաստանն իր կապերը մաքսիմալ պետք է ամրապնդի Ռուսաստանի հետ, որովհետև ոմանց դուրը գալիս է այդ կայսրությունը, ոմանց՝ ոչ։ Վերջին 200 տարիների ընթացքում հայկական պետության գոյությունը պահպանվել է նաև այդ կայսրության շնորհիվ, ինչպես ցույց տվեց նաև վերջին պատերազմը, այլ երկրներ որևէ քայլ չկատարեցին ու չհետաքրքրվեցին։ Օրինակ, երբ Նավալնիի վրա մահափորձ կատարվեց, բազմաթիվ «սև ցուցակներ» հրատարակեցին, սանկցիաներ մտածեցին, սակայն որևէ խոսք չեղավ Արցախում տեղի ունեցածի մասին։ Ամեն դեպքում այսօր Արցախում ռուս խաղաղապահները պահում են մեր ազգի ֆիզիկական գոյությունն Արցախի տարածքում»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Իրանին, քաղաքագետն ասաց, որ դեռևս 2,5 տարի առաջ ասել էր, որ լինելու է Արցախյան պատերազմ, որի հիմնական նպատակներից մեկը լինելու է Արցախի ու Իրանի միջև սահմանի բացումը, ինչը տեղի ունեցավ։
«Ես այս օրերին միշտ ասել եմ, որ Հայաստանը պատերազմում էր ոչ միայն՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, այլև՝ Իսրայելի դեմ, որովհետև նրանց աշխարհաքաղաքական հիմնական հետաքրքրությունն այդ պատերազմում այն էր, որպեսզի փորձեն շրջափակել Իրանին։ Այնպես, որ Իրանը, այսպես ասած, արևելյան իմաստնությամբ է վարում իր քաղաքականությունը, նա անմիջական չխառնվեց այս գործողություններին, չնայած կային որոշակի տեղեկություններ, որ նրանց կողմից մարդիկ մասնակցում էին՝ հօգուտ հայկական կողմի։ Պետք է հիշենք նաև այն հանգամանքը, որ Իրանն այն պետություններից էր, որ մի քանի օր ուշացումով շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Լավ իմանալով Իրանի տարվող քաղաքականությունը, սրանով իրանական կողմն իրենց խորագույն դժգոհությունը հայտնեցին Հայաստանին այն քաղաքականության համար, որը վարում էր Հայաստանը։ Այնպես որ, Իրանն իրեն բավականին ադեկվատ պահեց»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Նա նաև ընդգծեց, որ ռուս խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախումէ ավելի է մեծացնելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, և չի բացառվում, որ Արցախն ընդունվի այն կարգավիճակով, ինչ Հարավային Օսիան, Աբխազիան։
«Սա միակ երաշխիքը կլինի Արցախի անվտանգության, և կարելի է ասել, այո, պետք է սպասել նոր զարգացումների»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։