Փաշինյանական «Քուանշ»՝ չեմ հավատում
Ընդամենը 15 կետ: Բարի ցանկությունների ֆեյսբուքյան հերթական գրառում, որը, եթե թղթի վրա լիներ գրված, ինչպես վարչապետ Փաշինյանը վերջերս ասաց իր ստորագրած հայտարարության մասին, կարելի էր պատռել, բայց դե, ֆեյսբուքյան գրառումն էլ ընդամենը մի կոճակի սեղմումով կարելի է հեռացնել: Ոչ այն պատճառով, որ այդ բարի ցանկությունների մեջ չկան ճիշտ և կարևոր կետեր, այլ որովհետև, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության և Փաշինյանի այլ հեքիաթային ծրագրերի ու խոստումների նման՝ անորոշ են, չհաշվարկված, չվերլուծված ու չհիմնավորված:
Բայց նույնիսկ դա էլ ոչինչ, պարզապես, ինչպես Ստանիսլավսկին էր ասում՝ չեմ հավատում, կամ ինչպես ինքը՝ պատգամավոր Փաշինյանը, մի քանի տարի առաջ ասաց գլխավոր դատախազին՝ «քուանշ»։ Ախր դեռ 2018 թվականի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, երբ դուք ստանձնեցիք վարչապետի պաշտոնը, խորհրդարանի ամբիոնից դիմեցիք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համացանցով և հեռուստացույցով գործընթացներին հետևողին և ասացիք. «Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, և ես նախ և առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ և շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»։
Դրանից ավելի քան երկու տարի անց այդ նույն ամբիոնից, բոլորովին այլ գործընթացներին հետևող հանրությանը Դուք ասացիք. «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին»: Դե արի ու հավատա․․․
Այդքանից հետո իմ երկրի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում նորից սին խոստումներ է տալիս: Իբր ինքնախոստովանական Ձեր այս գրառումը՝ պատասխանատվությունից չհրաժարվելու, ամբողջությամբ գործին լծվելու մասին, սին են և հավատ չներշնչող:
Իսկ հիմա հերթով, կետ առ կետ հիմնավորեմ իմ այս տեսակետը:
Չեմ հավատում-1
«1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»,- Նիկոլ Փաշինյան:
Իսկ արդյոք կարո՞ղ է պարտված, կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած վարչապետ Փաշինյանը բանակցել իրեն շարունակաբար դաժան քննադատության ենթարկած, վարկաբեկած ու ծաղրուծանակի ենթարկած նախագահ Ալիևի հետ։ 2,5տարվա ընթացքում սխալ ուղղությամբ բանակցություններ վարած, չմտածված ու վտանգավոր հայտարարություններ, գործողություններ կատարած վարչապետը ինչպե՞ս պետք է բանակցի Արցախի կարգավիճակի շուրջ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը կտրականապես մերժում է Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում, անգամ հրաժարվել է Ադրբեջանի կազմում Արցախին որևէ կարգավիճակ շնորհելուց։ «Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ, և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում»,- ասել է Ալիևը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արդեն ստորագրել է երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ադրբեջանում թուրքական զորք տեղակայելու մասին։ Ի՞նչ հույս, վստահություն կա, որ էմոցիոնալ, էյֆորիայի ազդեցության տակ Նիկոլ Փաշինյանն այս վեց ամսվա ընթացքում նորից չմտածված հայտարարություններ չի՞ անի, նոր պատերազմի չի՞ դրդի թշնամի երկրներին, և այս անգամ հետևանքը չի՞ լինի Արցախն ամբողջությամբ կորցնելը: Հետո էլ՝ Հայաստանը։
Չեմ հավատում–2
«2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»,- Նիկոլ Փաշինյան:
Ո՞ւմ և ի՞նչի հույսով, անվտանգության ի՞նչ երաշխիքներով է Նիկոլ Փաշինյանն ապահովելու արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Հայաստանի տնտեսության ներկա պայմաններում ինչպե՞ս է վերականգնելու ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տները, բնակարաններն ու ենթակառուցվածքները։ Տնտեսական լուրջ հաշվարկներ կատարվե՞լ են, թե՞ սա էլ հերթական էյֆորիկ ու բարի ցանկությունների մասին հայտարարություն է: Ու նորից չկա որոշակիություն՝ ով, երբ, ինչպես, ինչ միջոցներով։ Գուցե հույսը նորից Հայաստանի ժողովրդի և սփյուռքահայության նախաձեռնած հանգանակությո՞ւնն է։ Պարտքերի մեջ կքած պետությունը ինչպե՞ս պետք է կատարի փաշինյանական անորոշ տեսլականը։
Չեմ հավատում-3, 4
«3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում»,- Նիկոլ Փաշինյան:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո էլ երկու տասնյակից ավելի միջոցառումներ ձեռնարկեցիք, սոցիալական աջակցություն, գործարարին թիկունք կանգնելու խոստումներ, գազի և էլեկտականության համար պարտքերի հատուցում: Իսկ ի՞նչ պարզվեց՝ սխալ շահառուների ընտրություն, նույն մարդկանց հարկերի հաշվին՝ բյուջեից տրամադրվող ինչ-որ չնչին գումար, որը, ըստ էության, ոչնչով չթեթևացրեց մարդկանց հոգսը: Այդ նպատակով ներգրավված ֆինանսական միջոցների կամայական վերաբաշխում՝ ձեր և ձեր նախարարի հետ առնչություն ունեցող բուժհաստատություններին, կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումներ մամուլում։ Այս ժամանակահատվածում հասցրե՞լ եք կարգավորել, գոնե մասամբ բացահայտել ու թեկուզ մասամբ շտկել սխալները, թերություններով լի ցուցակները, ֆինանսական թափանցիկություն ապահովել:
Չեմ հավատում-5
«5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում»,- Նիկոլ Փաշինյան:
Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով: Մասնագիտական վերապատրաստման ապահովման մասին մինչև պատերազմը խաղաղ պայմաններում էլ էիք խոստումներ տալիս, ի՞նչ արեցիք, քանի՞ ճարահատյալ գործազուրկի վերապատրաստվելու հնարավորություն տվեցիք: Ներդրումներ՝ գրեթե ԶՐՈ, քայքայված տնտեսություն և տնտեսական միջավայր, գործազրկության ավելացում, հազարավոր բիզնես ընկերությունների փակում։ Սա է 2,5 տարվա ձեր կառավարման հետևանքը։
Չեմ հավատում-6
«6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»,- Նիկոլ Փաշինյան:
Այս խոստման կատարումը Ձեզանով չէ պայմանավորված, Դուք էլ լավ գիտեք:
Չեմ հավատում-7
«7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»,- Նիկոլ Փաշինյան:
Ավելի քան երկու տարի անձամբ Ձեր և Ձեր թիմակիցների ձեռամբ մեր ողջ հանրությունը պառակտված է՝ սևերի ու սպիտակների: Ավելի քան երկու տարի միմյանց հայհոյում ու վիրավորում են: Ավելի քան երկու տարի վիրտուալ կյանքով ապրող ժողովրդի զգալի մասը հոգեբանական վայրիվերումների մեջ է: Ի՞նչ արեցիք ռեաբիլիտացիայի համար, հոգեբաններն անընդհատ ահազանգում էին, Դուք, Ձեր ղեկավարած կառավարությունն ու ըստ էության միակուսակցական խորհրդարանն ի՞նչ արեցիք:
Չեմ հավատում-8
«8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»,- Նիկոլ Փաշինյան:
Ժողովուրդն ասում է՝ «լավ է ուշ, քան երբեք»: Զինված ուժերի բարեփոխումները պետք է շարունակական լինեն, տեխնիկան անընդհատ զարգանում է, պաշտպանվելու և հարձակվելու նոր հնարավորություններ են ստեղծվում: Իսկ Դուք ի՞նչ արեցիք այս երկու տարվա ընթացքում: Հպարտ քաղաքացիներին՝ հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ տեղեկացնում էիք զինված ուժերի բարեփոխումների մասին, սնունդ, ելակ, ներքնահագուստ, աննախադեպ նոր զենքեր… այ հենց այս վերջիններն ո՞ւր էին պատերազմի ժամանակ, ինչո՞ւ չկարողացանք դրանով պաշտպանվել: Բանակում զինվորներին թույլատրեցիք հեռախոսներ օգտագործել: Եվ խորամանկ թշնամին հենց այդ հեռախոսների շնորհիվ բացահայտեց ու թիրախավորեց մեր տղաներին: Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե ինչ քայլեր պետք է անեիք իրական բարեփոխումների համար, բայց մասնագետների հետ խորհրդակցե՞լ եք, եթե անգամ խորհրդակցել եք, ապա նրանց խորհուրդները հաշվի առե՞լ եք, ականջալուր եղե՞լ եք երբևէ:
Չեմ հավատում-9
«9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում»,- Նիկոլ Փաշինյան:
Այ սա մի անգամ տեսել ենք, ցավոք… հակասական հայտարարություններով, իրար հետևից փոխվող որոշումներով՝ թթի արաղից ու պինցետից՝ մինչև հսկայական տուգանքներ ու «գետնին փռել», կորոնավիրուսի համավարակի տարածումը թաքցնելով՝ քարոզարշավը շարունակել… Մինչև պատերազմն ինչո՞ւ բավարար աշխատանք չէիք անում:
Չեմ հավատում-10
«10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»,- Նիկոլ Փաշինյան:
Իսկ այս միջոցառումը կամ խոստումը կատարելու համար ճշգրիտ հաշվարկներ, համապարփակ վերլուծություններ արե՞լ եք: Բյուջեի նախագիծ եք ներկայացրել Ձեր խորհրդարանի դատին, նախագիծ, որն ամենայն հավանականությամբ գրվել է պատերազմից առաջ ու քննարկվել պատերազմի ընթացքում, հաշվի առե՞լ եք կորոնավիրուսի նոր՝ «աննախադեպ» զարգացումը, պատերազմի հետևանքները: Իհարկե ոչ, համենայն դեպս նախագծի շուրջ քննարկումներին հետևելիս՝ ամենևին այդ տպավորությունը չստացանք ոչ ես, և ոչ էլ քննարկմանը մասնակցող ընդդիմադիր պատգամավորները:
Չեմ հավատում-11
«11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»,- Նիկոլ Փաշինյան:
Ինչպե՞ս: 6 ամսո՞ւմ: 6 ամսվա ծնված երեխան թերհաս է լինում, պարոն վարչապետ:
Չեմ հավատում-12
«12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»,- Նիկոլ Փաշինյան:
Գրեթե երեք տարի առաջ երկրում փորձ կատարվեց փոփոխել Ձեր նշած օրենքները և… օրենքները փոխելու փոխարեն՝ լծվեցիք նախ՝ առանց դրա արտահերթ ընտրություն կազմակերպելու, կեղծ խոստումներ տալով հուշագրեր ստորագրելու գործընթացին: Ըստ էության միանձնյա քարոզարշավ անելուց հետո ձևավորեցիք Ձեր սրտի խորհրդարանը, Ձեր սրտի կառավարությունը, հետո անցաք ՍԴ-ն քանդելու և դեռևս չմարսած Սահմանադրությունը նորից փոխելու անիմաստ գործին։
Մոռացաք Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի մասին: Ձեզ և Ձեր թիմին դա պետք չէր: Ի՞նչ վստահություն կարող է ունենալ մեր պարզ ու դյուրահավատ ժողովուրդը, որ պատմությունը չի կրկնվի:
Չեմ հավատում-13
«13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»,- Նիկոլ Փաշինյան:
Դատավորների ինստիտուտն այնպես եք վարկաբեկել, որ չեմ պատկերացնում, թե ինչպես եք կորացած մեջքն ուղղելու: Բայց այ, վերջին խոստմանը, թերևս, հավատում եմ՝ տուգանելը, բռնագանձելը, ապօրինի կալանքի հրաման տալն ու ասֆալտին փռելը Ձեզ մոտ լավ է ստացվում:
Չեմ հավատում-14
«14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»,- Նիկոլ Փաշինյան:
Կոնսուլտացիանե՞ր, ախր ինչպե՞ս հավատամ, երբ այս երկու տարվա ընթացքում տեսել եմ միայն, որ որոշումները մեկ անձ է կայացրել: Կառավարության նիստերի ժամանակ էլ, երբ որևէ մեկը հանդգնում էր ընդդիմանալ, հակառակվել, սաստում էիք։
Չեմ հավատում-15
«15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»,- Նիկոլ Փաշինյան:
Իսկ կվստահե՞ն հիմա նրանք Ձեզ, երբ շատերին Ձեր տարբեր հայտարարություններով հասցրել եք վիրավորել, մեկուսացնել ընդհանուր գործընթացներից: Թեև գիտեմ, որ կան նրանց մեջ իրական հայրենասերներ, որ բոլոր դեպքերում հայրենիքին օգնելու ցանկություն միշտ են ունեցել: Բայց սրան թող իրենք պատասխանեն:
Ասելիք շատ կա՝ փաստերով, կոնկրետ հիմնավորումներով, բայց ժամանակ չկա: Ի գործ, իհարկե, ճիշտ եք, պարոն վարչապետ, բայց առանց խոսքի, նախկին լրագրո՛ղ, որ մոռացել կամ գուցե չի էլ իմացել լրագրության հիմնական սկզբունքները: Կրկնեմ նորից՝ Ձեր գրառումը քարտեզ չէ, ճանապարհային քարտեզ չէ, դրանք ընդամենը բարի ցանկության թեզեր են, որոնք տարբեր ժամանակներում, տարբեր միջոցներով ու տարբեր ամբիոններից առաջարկել են տարբեր գործիչներ՝ քաղաքական և հասարակական գործիչներ, մասնագետներ:
Այնպես որ, ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՓՈՐՁԵՔ ՀԱՄՈԶԵԼ, ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՂՆ ԻՐ ՀՈԴՎԱԾՈՎ:
ՇՈՒՇԻ ԳԱՐԱԳԱՇ