Ծանր է՝ ապրել հեռվում և չկարողանալ գալ Հայրենիք ու օգնություն ցուցաբերել տեղում․ Իտալաբնակ հայազգի պարուհին՝ սպասվող միջոցառման ու դրան մասնակցելու մասին
Իտալիայում բնակվող պարուհի Ջեմմա Մխիթարյանն իր գործընկերների հետ նոյեմբերի 20-ին կազմակերպում է զումբա ֆիթնեսի միջազգային մաստերկլաս՝ մեկ ու կես ժամ տևողությամբ, հանրահայտ միջազգային մարզիչների մասնակցությամբ, իսկ ամբողջ գումարը կփոխանցվի արցախցի մեր հայ փոքրիկներին, վիրավոր զինվորներին։
«Բոլորը կարող են մասնակցել տնից՝ վճարելով 5 եվրո։ «Զումբա»-ի առավելությունն այն է, որ ամբողջ մարմինը շարժման մեջ է։ Նաև սթրեսի դեմ պայքարելու միջոց է։ Անժխտելի է՝ շատ դժվար օրեր ենք ապրում, մտահոգված եմ իմ ազգի և հայրենիքի համար։
Ծանր է՝ ապրել հեռվում և չկարողանալ գալ Հայրենիք ու օգնություն ցուցաբերել տեղում։ Այդ իսկ պատճառով որոշեցի նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի ժամով 21։00-ին օնլայն դասընթաց կազմակերպել՝ հանրահայտ մարզիչների մասնակցությամբ։ Դասընթացը կտևի 1,5 ժամ։ Հավաքված գումարով կօգնենք ոչ միայն արցախցի փոքրիկներին, այլև վիրավոր զինվորներին։ Մեզ մեծ ուժ է հարկավոր, որպեսզի այս պահը հոգեպես հաղթահարենք ու առաջ գնանք։ Մենք պարտադրված պատերազմում կորցրած ամեն թիզ հող հետ ենք բերելու, եթե լինենք միասնական ու խելացի գործենք»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Մխիթարյանը։
Խոսելով իտալական շատ քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման մասին՝ պարուհին հայտնեց, որ այդ գործընթացը շարունակվում է․ «Մի շարք իտալական համայնքներ համերաշխություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և դատապարտել Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Ավելին՝ Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց՝ հայ ժողովրդին համերաշխություն արտահայտելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար։ Արցախի Հանրապետության անկախությունը»,- հավելեց Ջեմմա Մխիթարյանը։
Նշենք, որ պարուհին իր առաջին քայլերը սկսել է «Բարեկամություն» անսամբլից, բազմաթիվ համերգներ է ունեցել, տարբեր երկրներ շրջագայել, դրանից հետո հանդես է եկել Պարարվեստի ուսումնարանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարի պետական անսամբլում, սակայն, ցավոք, 2000 թվականին կոտրել է ոտքն ու դրանից հետո շարունակել է աշխատել՝ որպես պարուսույց։ Եվ 2009 թվականին, երբ տեղափոխվել է Իտալիա՝ տեղեկացել է պարային ֆիթնես ծրագրերից զումբա ֆիթնեսի մասին ու որոշել է դառնալ մարզիչ։
2016 թվականից գալիս է Երևան և վարպետության դասեր կազմակերպում։ Նրա հետ միասին զումբայի հայտնի մասնագետներ են գալիս, ովքեր ունեն միջազգային որակավորում։