«Պատերազմող երկիրը չի կարող 6 ամիս որոշի դիմակ դնել ու չդնելու հարց». Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ
«Մեր կորած երեխեքը ուր են, գիտե՞ք Դուք»,- խորհրդարանի մուտքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին դիմեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ամեն երեխա իր տեղն ունի՝ մեկը մահացել է, մեկը դեռ կա, մեկը վիրավոր է: Հանձնաժողով կա: Շատ մարդ դրանով է զբաղված»,- պատասխանեց Արմեն Խաչատրյանը:
«Մենք 2.5 տարի ի՞նչ ենք արել, պատերազմող երկիրը չի կարող 6 ամիս որոշի դիմակ դնել ու չդնելու հարց: Եթե դուք գիտեիք, որ պատերազմական իրավիճակ է, 2018 թվականի օգոստոսի 1-ից սկսել եք գաղտնի բանակցություններ, ու դրա մասին ոչ մեկս չգիտի»,- մեկ այլ մասնակից դիմեց պատգամավորին:
Պատգամավորն արձագանքեց. «Ինչի՞ մասին գաղտնի: Ժողովուրդ, ջան 2013 թվից այդ բանակցությունները գնում է»:
«Սկսեց իր սեփական կետից, ու տեսանք արդյունքը»,- հակադարձեցին ակցիայի մասնակիցները։
Բողոքող քաղաքացիներից Անդրանիկ Տոնոյանը նշեց, որ մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, ապա ասաց. «Երբ որ արցախյան ռազմադաշտում վճռվում էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարց, պատգամավորները պետական բյուջեի պարգևավճարների հարց էիք քննարկում, երբ որ ռազմադաշտում վճռվում էր Արցախի մերը լինելը, թե չլինելը»:
«4750 զոհ ունենք»,- ասաց մեկ այլ մասնակից։
Պատգամավորը հակադարձեց. «Ես չեմ կարող ասել, որ էդ թիվը ճիշտ է»:
«Մենք կարող ենք ասել,- ասացին քաղաքացիները՝ հավելելով,- Ձեր պատգամավորները երեկ դուրս են եկել, խոսում են բռնակներից»:
Արմեն Խաչատրյանի դիտարկմանը, թե հարցը բռնակները չէ, այլ պետական ինստիտուտի դեմ պատերազմական իրադրության պայմաններում հարձակումը, նրանք հիշեցրին Ռադիոտան հայտնի միջադեպը:
Անդրանիկ Տոնոյանը «Իմ քայլ»-ի պատգամավորից նաև հետաքրքրվեց. «Մայիսի 8-ը հայ ազգի համար Բեռլինից Բեռլին է: Շուշիի ազատագրման օրը, էս տարի մայիսի 8-ին տոնական օրը Յուրի Խաչատուրովը, Շուշի ազատագրած Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը ինչի՞ էին դատարանում դատի, էս հարցին պատասխան կտա՞ք»:
«Ինչի՞ է արևը մայր մտնում: Ուրեմն նիստը էդ ժամանակ է դատարանը նշանակել, ես ի՞նչ կապ ունեմ դատարանի հետ: Գնա դատավորին հարցրու՝ ինչո՞ւ է էդ օրը նիստ նշանակել»,- ասաց Արմեն Խաչատրյանը: