
«Հիտլերը նույնիսկ, երբ զգաց Գերմանիան կապիտուլացվել է, ինքը հրաժարական չտվեց, մենք գիտենք՝ ինչ եղավ Հիտլերի հետ». Բողոքի ակցիա՝ ԱԺ –ի մոտ

«Մենք պահանջում ենք, որ դուք՝ որպես պատգամավորներ, կանգնեք ձեզ ձայն տված ժողովրդի կողքին ու անեք էն, ինչ ասում է ժողովուրդը, մեր պահանջը դրանում է: Դուք չե՞ք մտածում, որ ժողովուրդը չի ընդունում իր արած քայլերը: Ազնվորե՛ն ասեք»,- ԱԺ դռների մուտքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին այս հարցադրումներն ուղղեցին բողոքի ակցիայի մասնակիցները:
Ի պատասխան՝ պատգամավորը նկատեց. «Ես մտածում եմ, որ մի մասը չի ընդունում»:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արձագանքեցին՝ «մեծ մասը» չի ընդունում, ապա դիմեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով, ինչին ի պատասխան էլ՝ Արմեն Խաչատրյանը հակադարձեց. «Ժողովուրդ ջան, հիմա արտահերթ ընտրություններ, էս վիճակում, որ հիվանդանոցները լեփ-լեցուն…»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը անդրադարձավ երեկ՝ ՌԴ նախագահի ելույթին՝ նշելով. «Լսելով, թե ինչ է եղել մինչ այդ՝ մինչ կապիտուլյացիայի թղթի ստորագրումը, մինչ այդ ինչ հնարավորություններ ենք ունեցել, թեկուզ ոչ ռազմական, դիվանագիտական կորպուսից մենք ունեցել ենք հնարավորություն, չի աշխատել մեր ԱԳՆ-ն բոլորը հերթով հրաժարական են տալիս: Այդ թվում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին այլ առաջարկներ են եղել՝ ավելի լավ: Դրա մասին խոսեց նաև ՌԴ նախագահը՝ երեկ: Ու մենք կանգնել ենք փաստի առաջ»:
Արմեն Խաչատրյանը սակայն նկատեց. «Երբ բանակը դեռ մարտունակ է եղել, ինքը ո՞նց կարող էր ընդունել: Վլադիմիր Պուտինը երեկ ասեց, որ ինքը ասել է, ո՛չ, անընդունելի է, գնում եմ մինչև վերջ, բո՛յ եմ տալու: Այսինքն՝ մարդը պարտվողական չի եղել, դավաճանաություն չկա էդտեղ, մինչև վերջ պայքարել է, բայց հաջողության չենք հասել»:
«Մեր ընդհանուր ցավը հիմա մեր երկիրը հետ բերելն է, էստեղ ոչ մեկ իշխանություն չի մուրում»,- արձագանքեցին մասնակիցները:
«Ձև ասեք»՝ իշխանական պատգամավորի հարցին՝ նրանք պատասխանեցին. «Անվստահություն հայտնեք»։
Ապա մասնակիցներից մեկը հավելեց. «Կարելի է անցնցում բերել իշխանություն, որը հենց հիմա կարող է այդ հարցը լուծել, որովհետև Հիտլերը նույնիսկ, երբ զգաց Գերմանիան կապիտուլացվել է, ինքը հրաժարական չտվեց, մենք գիտենք՝ ինչ եղավ Հիտլերի հետ: Հիմա ես չեմ ուզում իրավիճակը ծայրահեղորեն բարդացնել, բայց այս իրավիճակում պարտված երկրի ղեկավարը պետք է բարոյական, բոլոր զգացմունքները մի կողմ դնելով, հրաժարական տա»:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հարցրեց. «Փաշինյանը, որ սկզբից ասում էր՝ ես երբեք ժողվրդի մեջքի հետևում թաքուն պայամանավորվածություն ձեռք չեմ բերի Ղարաբաղի հարցում, սա թաքո՞ւն չէր»:
«Երեկ դա պարզաբանվեց, որ րոպեների, ժամերի..․ և քննարկման ժամ չի էլ եղել,- ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով,- Որ ժողովրդից հարցներ, կարող է շատ ուշ լիներ արդեն, մեզ էլ չեն հարցրել…:
Լավ, ժողովուրդ ջան, դուք կարծում եք, որ ինքը պետք է հեռանա, հարգում եմ բոլորիդ կարծիքը, մի 100-200-500 հազար մարդ էլ կարծում է, որ ինքը չպետք է հեռանա»:
«Չեք իմանա, Դուք 200-500 հազար մարդու անունից մի՛ խոսեք»,- արձագանքեցին բողոքի ակցիայի մասնակիցները: