««1992 թ.-ից չէր եղել որևէ փաստաթուղթ, անգամ միջնորդական որևէ ակնարկ, որով Շուշին, Հադրութը կամ Մարտունու գյուղերը կհանձնվեին Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի մասին կլիներ 0 բառ». Սամվել ֆարմանյան
Տեղի ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ աղետը վերջին 100 տարվա ընթացքում, և մենք կորցրել ենք պատերազմական գործողությունների և դրան հաջորդած հայտարարության ուժով մեր հայրենիքի մի շատ մեծ հատված, և սա ոչ միայն Արցախի և հարակից տարածքների կորուստ է, այլ նաև Հայաստանի, իսկ Արցախի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա, թեև վերջին 30 տարվա բանակցային գործընթացի հարցերի հարցը մշտապես եղել է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը՝ որպես անվտանգության երկաթե երաշխիք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը, ասաց «Քառյակ» մեդիայի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։
«Այդ ո՞ր իրավունքով է ՀՀ վարչապետն իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որով սակարկման առարկա են դառնում Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքները։ Հիմա փոքր դետալ պետք է բացեմ՝ 90-ական թվականներից Հայաստանը մշտապես ասել է, որ Արցախի ժողովրդի երաշխավորն է, իսկ հակամարտության հիմնական կողմն Արցախն է։ Հիմա, երբ դու գնում և այդ հայտարարության տակ դնում ես քո ստորագրությունը, տարածքները վերադարձնելով, վաղը քո թշնամին օգտվելու է դրանից, որ դու ես եղել այդ տարածքների դե յուրե տիրապետողը, և այսօր արդեն Ադրբեջանը խոսում է Հայաստանից միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջի մասին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ նվազագույնը, որը պետք է գոնե Փաշինյանը ստորագրեր, դա քաղաքական հայտարարությունն էր, իսկ իրավական մասով թղթի վրա պետք է դրվեր Արցախի նախագահի ստորագրությունը։
Ըստ Ֆարմանյանի՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին, սակայն արդեն հրապարակվում են փաստաթղթեր այն մասին, թե ինչ են առաջարկել վարչապետ Փաշինյանին պատերազմի 3-րդ օրը։
«92-թթ. ից չի՛ եղել որևէ գրավոր փաստաթուղթ, փակ սենյակում բանավոր քննարկում՝ Շուշին, Հադրութը Մարտունու գյուղերը հանձնելու մասին։ Չի՛ եղել նման բան»,- ասաց Ֆարմանյանը:
Ապա հարց հնչեցրեց՝ լավ, մարդ որքա՞ն կարող է սեփական երկրի պատմությանն անտեղյակ լինի, որքա՞ն անտեղյակ կարող էր լինել քարտեզից, որ նման հայտարարության տակ ստորագրություն դներ։
«Լավ, որքա՞ն պետք էր անտեղյակ լինել, որ ստորագրություն դնել մի թղթի տակ, որով Սյունիքով Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են տրանսպորտային կապ, չէ՞ որ դարերով խոսել են պանթուրքական ծրագրի մասին։ Լավ, ինչո՞ւ էր կռվում Նժդեհը, ինչո՞ւ էր Թուրքիայի համար այդքան կարևոր այդ ցամաքային կապը։ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը բացում է Մեղրիի դարպասները և Թուրքիային հրավիրում Սյունիքով Ադրբեջան ու մեր տարածաշրջան. սա խելագարություն էլ չի։ Իսկ երբ նա ասում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին Նախիջևանով ճանապարհ է բացելու դեպի Սյունիք և Իրան, ապա թղթի մեջ նման բան չկա, հարց՝ թղթի մեջ ինչո՞ւ դա արձանագրված չէ, այ անտեղյակ»,- ասաց նա։
Ըստ հասարակական-քաղաքական գործչի՝ կանխելու համար ավելի վատ սցենարը՝ քաղաքացիական բախումները, որի հոտն արդեն գալիս է և հրահրվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ժողովուրդը պետք է սթափ գնահատի այս աղետալի իրավիճակը։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ տեղի ունեցած աղետն առավելագույնն է, ապա սխալվում է։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք Նիկոլ Փաշինյանի դիվական երևակայության սահմաններին լավ ծանոթ չեք, նա կարող է երկիրը տանել քաղաքացիական բախումների, մի իրավիճակի, երբ Հայաստանն ու Արցախի մնացած հատվածը դառնան սակարկման առարկա»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս կանխել երկրում ստեղծված անիշխանությունը, ինչպես պնդում է ինքը, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալ լինի այն ուժերին, որոնք այսօր պրոցեսը փորձում են տեղափոխել քաղաքական հուն։ Նրա շահերից է բխում իր հրաժարականը, որովհետև այս հայտարարությանը հաջորդելու են բանակցություններ, որը կոչվելու է խաղաղության մայր պայմանագիր, որտեղ բոլոր հարցերի վերաբերյալ պետք է լինեն պայմանավորվածություններ երեք պետությունների կողմից։ Պարտված ղեկավարին որևէ մեկը որևէ բան չի՛ զիջելու։ ՀՀ-ի բանակցողների նոր թիմը պետք է ունենա մեկնարկային հնարավորություններ որոշ ուղղություններով շտկումներ անելու և Շուշին, Հադրութը հետ բերելու շանս ստեղծելու, ինչպես նաև Լաչինի միջանցքի լայնության հարցը լուծելու համար։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում՝ նա ստիպված է լինելու Հայաստանը տանել բռնատիրության ճանապարհով, որովհետև այդպիսին է պատմության տրամաբանությունը։ Փաշինյանի մնալն իշխանության ղեկին դա նաև մարտահրավեր է հասարակական համախմբվածությանը»։
Հարցին՝ եթե Փաշինյանը հրաժարական չի ներկայացնում, իսկ քաղաքական մեծամասնությունն էլ չի միանում անվստահություն հայտնելու հարցին, ի՞նչ է մեզ սպասվում, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց.
«Լավ էլ հայտնում է, մի՛ շտապեք, Փաշինյանը Հայաստանում կորցրել է իշխանությունը, երկրում կա քաղաքական ճգնաժամ, տեղի է ունենում խորացող անիշխանության գործընթաց»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում