«Շուտ-ի և ուշ-ի տարբերություն, ըստ էության, բովանդակային չկա». Փաշինյանը՝ Շուշիի անկման մասին
Շուշիի անկումից ու ստորագրած հայտարարությամբ այն Ադրբեջանին հանձնելուց հետո հայ հանրության շրջանում շրջանառվում էին խոսակցություններ, որ Շուշին հանձնվել է: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Շուշիի անկումը շատ հարցեր է առաջացրել հանրության ու փորձագետների մոտ: Կան կարծիքներ, որ Շուշին՝ որպես բերդաքաղաք, անառիկ է, և պայքարի դեպքում այն չէր կարող ընկնել: Կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է ընկել Շուշին: Դուք Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, նաև մինչև քաղաքի ընկնելը: Ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, և կարո՞ղ եք մանրամասնել, թե պատերազմի սկզբից ռազմական գործողությունների դադարեցման համար ի՞նչ առաջարկներ ու տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական ու ադրբեջանական կողմերից»,- ասված էր «Ազատություն» ռադիոկայանի հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, թե կարևորագույն քննարկումներից մեկն ու ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ, որովհետև շատ են ասում, թե Շուշին հանձնվել է:
«Այսօր ես Արցախի նախագահի գրառումը կարդացի, էնտեղ, ցավոք սրտի, ինքը ասում էր՝ այդ աշխատանքների արդյունքում 100-ից ավել մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Բա եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:
Ես ավելին ասեմ՝ կային հայտարարություններ, որ քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Եվ ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, և ես տեղյակ եմ, որ հրավիրել են և փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքե՞ր են դավադիրները, ի՞նչ դավադրության մասին է խոսքը, և ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Եվ, ինչքան ես տեղյակ եմ, ինչքանով ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակլը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ:
Եվ էստեղից եզրակացությունը հետևյալն է: Եթե կա դավաճանություն, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանության մասին և հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է, ըստ էության, ըստ էության կոնկրետ տեղեկատվություն տալ, դա ըստ էության ստացվում է՝ մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկը ասում է, որ ինքը իրավապահ մարմիններին չի վստահում, որի համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի: Թող հրապարակային հայտարարի՝ ովքեր են էդ հայտարարությունը արել, ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել էն, ինչ որ պաշտոնապես հայտարարվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա, անդրադառնալով հարցի երկրորդ մասին, որն առնչվում էր Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքին, թե մինչև Շուշիի ընկնելն այն պահանջվում էր պատերազմը դադարեցնելու համար, Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցրեց իր արտահայտած տեսակետը, թե երբ որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել Հայաստանի, հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար: Ապա կրկին անդրադարձավ իր բարձրացրած մեկ հարցի, թե՝ կարող էինք խուսափել պատերազմից:
«Այո, կարող էինք, եթե համաձայնվեինք, համաձայնվեինք Ադրբեջանին վերադարձնել 7, հանձնել 7 շրջանները՝ ներառյալ Շուշին: Այո, կարող էինք: Բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր այդ քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե որոշվել է ընդունել մարտահրավերը ու կռվել:
«Հիմա շուտ-ի և ուշ-ի տարբերությունը, ես ուզում եմ, որ էս նրբությունն էլ մեր հայրենակիցները ճիշտ ընկալեն, շուտ-ի և ուշ-ի տարբերությունը, ըստ էության բովանդակային չկա, որովհետև էդ հարցի մեջ էր: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս, սկզբնական շրջանում: Եվ ինչո՞ւ է կառավարությունը, և ինչո՞ւ ենք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել էս ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, թեկուզ տեսական հնարավորություն՝ պաշտպանել էդ ամեն ինչը, Պաշտպանության բանակը, Հայաստանի ԶՈՒ ԳՇ-ն որոշել է կռիվ տալ մինչև վերջ, և նրանք կռիվ են տվել հերոսաբար մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին վայրկյանը: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա արձանագրենք: Բայց, ցավոք սրտի, մենք չենք կարողացել էդ խնդիրը լուծել:
Մե՞նք ենք դրա պատասխանատուն: Այո, մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2.5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել, շատ դեպքերում չենք կարողացել լրացնել, ասենք, տասնյակ տարիներով չարվածը: Այո, դրա համար մենք, իհարկե, պատասխանատու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: