Մենք ևս շատ հարցեր ունենք, քանի որ չենք ստորագրել այդ համաձայնագիրը․ Ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցիներին

Հադրութցիները նամակներ են փոխանցում դեսպաններին՝ Հադրութն Արցախի կազմում թողնելու պահանջով՝ հորդորելով վերադարձնել Հադրութը։

«Մեր ակցիայի նպատակն այն է, որ այն հողերը, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից չեն գրավվել պատերազմի ընթացքում, սակայն համաձայնագրով անցնում են Ադրբեջանի տիրապետության տակ, բանակցենք, և լինեն մերը։ Մի տող չկա Արցախի շահի մասին։ Որտե՞ղ ենք մենք։ Մենք ակցիան անցկացնելու ենք համանախագահող երեք երկրների դեսպանատների դիմաց։ Ստորագրությունը դեռ ոչինչ չի նշանակում, Արցախի Հանրապետության ժողովրդի ճակատագիրը որոշել են ինչ-որ մարդիկ։ Մենք հավատում ենք՝ ամեն ինչ դեռ կորած չէ, մեծ հույսեր ունենք, որ վերադառնալու ենք մեր հայրենի հող»,- ասաց ակցիայի մասնակիցներից Երազիկ Ավանեսյանը՝ նշելով, որ չեն հասկանում, թե ինչպե՞ս կարելի էր Հադրութը տալ, 14.000 հոգու թողնել անտուն։

«Մենք ենք տերը մեր հողի, վերադարձրեք Հադրութը, Հադրութն Արցախ է»,- Ֆրանսիայի դեսպանատան մոտ վանկարկում էին արցախցիները՝ պահանջելով դեօկուպացիա։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հանդիպեց ակցիայի մասնակիցներին՝ նշելով, որ կընդունի նրանց նամակը։

«Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է։ Հադրութն ամենատուժած հատվածներից մեկն է, մենք այդ մասին գիտենք։ Գիտենք նաև, որ հիմա Հայաստանում շատ բարդ իրավիճակ է, և շատ հարցեր կան ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Մենք ևս շատ հարցեր ունենք, քանի որ չենք ստորագրել այդ համաձայնագիրը։ Մեր առաջնահերթություններից է՝ օգնել այն մարդկանց, ովքեր այս հարցում տուժել են։ Այսօր Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվում է, պետք է ներկայացնի  նաև Հայաստանի կողմի շահը»,- ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Հադրութցիները հույս հայտնեցին, որ որքան թույլ կտան դիվանագիտական խողովակները՝ խոչընդոտելու են բանակցություններին՝ հենց նաև Հադրութի համար։

Դեսպանը տեղեկացրեց, որ իրենք տեղյակ չեն եղել այս համաձայնագրի մասին։

Հադրութցիները նույն պահանջը ներկայացնելու համար շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։

Պաշտոնատար որևէ անձ Ռուսաստանի դեսպանատնից դուրս չեկավ, միայն աշխատակիցներից մեկը եկավ նամակ վերցնելու, որին ի պատասխան՝ հադրութցիները արձագանքեցին․

«Իսկ մենք Ռուսաստանի հետ հույս էինք կապում։ Առնվազն տարօրինակ էր այս վերաբերմունքը, բայց մենք չենք հանձնվելու»։

Տեսանյութեր

Լրահոս