
Ճապոնիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, որը հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Սուգան Բայդենին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ եւ ընդգծել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի դաշինքի կարեւորությունն անվտանգության բնագավառում:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը Բայդենին հաղթանակի առթիվ շնորհավորել էր Twitter-ի միջոցով, իսկ նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել, որ համագործակցության հույս ունի Միացյալ Նահանգների հետ՝ «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման ապահովման» համար:
Ինչպես հաղորդվել է, Բայդենն արդեն հեռախոսազրույց է ունեցել համաշխարհային մի շարք ղեկավարների հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ: ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին:
Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, սակայն նահանգներում քվեաթերթիկների մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերին ավելի ուշ: Սակայն առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները կանխատեսել են նախագահի ընտրություններում Բայդենի հաղթանակը:
Քաղաքական գործիչն ինքը նույնպես իրեն է համարում ընտրություններում հաղթողը. նրան հաջողության կապակցությամբ շնորհավորել են համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ: Սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը, փորձելով վերընտրվել, համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ եւ մտադիր է դրանք մի շարք նահանգներում վիճարկել դատական կարգով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: