«Իսկ 2.5 տարի առաջ մենք բոլորս՝ 3 միլիոնս, ՀՀ վարչապետներ էինք». Լիլիթ Գալստյան
«Երեկ 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը որոշում ուներ՝ այսօր կազմակերպել մամուլիս ասուլիս՝ ներկայացնելու մեր երեկվա հավաքի արդյունքները, ինչպես նաև խոսել անելիքների մասին:
Բայց մեր օրակարգը փոխվեց, որովհետև ճիշտ այս պահին Դաշնակցության գրասենյակ եկան ԱԱԾ ներկայացուցիչներ և, այսպես ասած, հայտնի բանաձևով ԱԱԾ հրավիրեցին Արծվիկ Մինասյանին, որը պիտի վարեր այս մամուլի ասուլիսը, այնուհետև՝ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգի» քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին՝ հենց մեր գրասենյակի մատույցներում»,- Դաշնակցության գրասենյակում այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է:
Լիլիթ Գալստյանը հավելեց, որ դեռ երեկվանից՝ հայտնի հանրահավաքի մեկնարկից առաջ, արդեն Ազատության հրապարակում սկսվել է այլախոհների որսը. «Գնահատականը մեկն է՝ Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, ճնշումների, քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ, փորձելով հայ ժողովրդի ցասումը, ընդվզումը, վիրավորանքը, վիրավորված արժանապատվությունը բռնության գործիքներով լռեցնել:
Իհարկե, մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետև մենք՝ ոչ միայն 17 կուսակցություններս, ովքեր նախաձեռնել են հանրահավաքները և ղեկավարում ենք բողոքի ալիքը… որովհետև մեզ հետ է հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որովհետև մենք չենք պատրաստվում ընդունել մեզ նետված անարժանապատվության այս սև ձեռնոցը, մենք չենք ուզում հաշտվել մեր ճակատագրում, մեր պատմության մեջ արձանագրված այս սև էջին, որովհետև մեզ համար թանկ են մեր երազանքները, մեր որդիների թափված արյունը, մեզ համար թանկ է մեր երկրի ճակատագիրն ու արժանապատվությունը: Մենք վստահ ենք, որ մեր այս տեսակետները կիսում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում»:
ՀՅԴ անդամը, անդրադառնալով օրվա իշխանությունների 2.5 տարվա գործունեությանը ու այս օրերին նրանց որդեգրած կեցվածքին՝ նշեց. «Մենք այսօր գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած մի քաղաքական իշխանության հետ, որը քաղաքական պատասխանատվություն կրելու փոխարեն, որը մեր հարցերին պատասխան տալու փոխարեն, թե ինչպես եղավ, որ 2.5 տարի վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանն այսպիսի ստորացուցիչ, նվաստացուցիչ վիճակում հայտնվեց, այսօր հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ՝ գրեթե անդաշնակից: Եվ այսօր Շուշիում ողբերգությունը… հենց հիմա ես նայում էի կադրերը, թե ինչպես է Շուշիում հնչում նամազը. ավելի սև էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենազրկում է, մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում, հայրենազրկումը Ցեղասպանության բաղադրիչն է, ուրիշ գնահատական տալ չեմ կարող:
Փախած են նրանք. արդեն 4 օր է՝ Հայաստանի իշխանությունը չկա, երեկ ամբողջ օրը նրանք վախեցան. այն քաղաքական իշխանությունը, որը հայտարարում էր, որ ժողովրդի ընտրյալն է, լեգիտիմ են, բարոյական են և այլն․․․ ո՞ւր էր ձեր բարոյականությունը, եթե մի քիչ բարոյականություն և պատասխանատվություն ունեիք, դուք կարող էիք գալ ԱԺ՝ կատարելու ձեր աշխատանքը, հանդիպել ձեր ժողովրդին՝ լսելու նրա պահանջը:
Ո՞ւր է վարչապետը: Գիշերը, հենց այդ գիշերը, կապիտուլյացիայի գիշերը, ստորացուցիչ գիշերը, նա հետևի դռնից փախել է: Իսկ երկուսուկես տարի առաջ մենք բոլորս՝ 3 միլիոնս, ՀՀ վարչապետներ էինք: Հիմա ուզում եմ ասել՝ հանրապետության սիրելի՛ 3 մլն վարչապետներ, ու երևի Սփյուռքն էլ հետը, ձեր թիկունքում միանձնյա ստորագրվել է կապիտուլյացիոն ստորացուցիչ, նվաստացուցիչ, անարժանապատիվ, մեր հեռանկարը մթագնող մի հայտարարություն, համաձայնագիր, իրավական մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ: Եթե սրան ազգային դավաճանություն գնահատականը չտանք, ապա ի՞նչ է: Եվ եթե դուք վստահ եք ձեր գործունեության մեջ, հիմա բունկերներում չէիք թաքնվի, դուք որովհետև բարոյականությունը, արժանապատվությունը չունեք, համարձակությունը չունեք՝ դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, մեր երկրի հեռանկարը, մեր երկրի ապագան»:
Լիլիթ Գալստյանը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը՝ անկախ քաղաքական ճնշումներից. «Մեզ քաղաքական ճնշումներով չե՛ք վախեցնի, մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք, և եթե հայրենիքի ապագայի համար պայքարը հանցագործություն է, քրեորեն հետապնդելի գործ, ապա վստահ ենք, որ բոլորս պետք է պայքարենք մի մարդու պես, մեր պայքարը շարունակվելու է։ Ճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի»: