«Մենք իրավունք չունենք որևէ կերպ հուզականություն դրսևորել, որովհետև այս պահի հուզականությունը հավերժ մոռանալն է խնդրի կարգավորման». Սոֆյա Հովսեփյան
Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնություն: Տեղեկությունն անսպասելի էր հայ հասարակության համար, և Հայաստանում սկսվեց դժգոհությունների ալիք:
Իսկ նոյեմբերի 11-ին արդեն քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք իրականացրին՝ ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության:
Այս որոշումը հանկարծակիի է բերել հենց «Իմ քայլը» խմբակցության տարբեր ներկայացուցիչների: Խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը համաձայնության ձեռքբերմանը հաջորդած ՀՀ վարչապետի առաջին տեսաուղերձից հետո մասնավորապես գրել էր. «Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ …
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»…», ապա նաև իրեն ներելու խնդրանքով դիմել հայ ժողովրդին:
Ինչպե՞ս եք գնահատում ձեռք բերված եռակողմ համաձայնությունը, սա, ինչպես բնորոշում են այսօր տարբեր շրջանակներ, կապիտուլյացիա՞ է Ձեզ համար, թե՞ ոչ, և արդյո՞ք Ձեր քաղաքական առաջնորդի հետ համամիտ եք այս հարցում՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց Սոֆյա Հովսեփյանին, ի պատասխան՝ նա նշեց.
«Ես որևէ գնահատական չեմ կարող տալ, թե սա կապիտուլյացիա է, թե ինչ է, ինչ չէ: Այս պահին այն լուծումը, որը գտել են, ժամանակավոր լուծում է, բայց որևէ կերպ իմ դիրքորոշումը չէ, կամ խմբակցության, կամ շատ-շատերի: Ինչո՞ւ` որովհետև երբևէ չես կարող տեսնել նման իրավիճակ Արցախում և, առհասարակ, նման լուծումներ, և որևէ մեկս պատրաստ չենք սրան:
Բայց սա (ինչպես որ բանակը ներկայացրեց, որ իրենց խնդրանքով է նաև եղել այս ամեն ինչը), պետք է գիտակցենք, որ ժամանակավոր լուծում է, ու երբ ընկնում ենք ինչ-որ խառը իրավիճակների մեջ, մենք այդ ժամանակը երկարացնում ենք. մենք ժամանակ երկարացնելու և ժամանակ կորցնելու իրավունք չունենք:
Ինչ անուն ուզում են դնել՝ կապիտուլյացիա են ուզում ասել, ուզում են ասել համաձայնագիր, ինչ ասես՝ ասեցին, բայց մենք պետք է գիտակցենք, որ մենք ունենք և նաև չունենք ժամանակ, և այդ ժամանակը ոչ թե պետք է վատնենք քննարկումների, կոնֆլիկտների վրա, այլ այդ ժամանակը պետք է տրամադրենք վաղվա տեսլականը կազմելու վրա»:
Անդրադառնալով բանակի ու զինվորի պայքարին՝ պատգամավորը նշեց, որ չի կարող չգնահատել նրանց արածը. «Այն, ինչ զինվորն է արել, այն, ինչ մեր բանակն է արել… ես զարմանում եմ՝ ինչպես կարող է այսքան կոպիտ լինել քաղաքացիների վերաբերմունքը:
Այն, ինչ զինվորն է արել, չի արել որևէ մեկը, այն, ինչ որ բանակն է արել, չի արել որևէ մեկը: Եվ այսօր մենք պետք է գիտակցենք մի կարևոր բան, որ այն իրավիճակը, որը այս պահին ստեղծվում է տարբեր քաղաքական շահերով….մենք պետք է գիտակցենք, որ մենք ուշացնում ենք այս փաստաթղթի ոչնչացումը: Ընդամենը սա պետք է գիտակցենք»:
Հարցին, թե՝ ասում եք՝ բանակը հաղթել է, նշանակում է՝ պարտվել են քաղաքական գործիչնե՞րը, պարտվել է դիվանագիտությո՞ւնը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ո՛չ: Խնդիրն այն է, որ մեր բանակը փառահեղ պատերազմ է գրանցել, մի իրավիճակ, որտեղ մեկ անձը, մեկ զինվորը՝ 18 տարեկան, կռվել է մինիմումը 50-100 հատուկջոկատայինի կամ ահաբեկչի դեմ: Եվ եթե մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ, փառք Աստծո, մենք ունենք դեռ բանակ, զորք, սա նշանակում է, որ մենք փառահեղ պայքար ենք մղել: Բայց այլ խնդիր է սա, արդյունքն է էական. այսօր մենք ունենք որոշակի իրավիճակ, իրավիճակը որևէ մեկիս գոհացնող չէ, առավել, քան ինձ»:
Պատգամավորը հավելեց, որ այս պահին առկա է ժամանակի խնդիր. «Բանակի առումով բոլոր բացերը, դիվանագիտության առումով բոլոր բացերը պետք է վերացնենք և առավելագույնն անենք՝ լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրը:
Մենք իրավունք չունենք որևէ կերպ հուզականություն դրսևորել, որովհետև այս պահի հուզականությունը հավերժ մոռանալն է խնդրի կարգավորման, մենք պետք է հավասարակշռված լինենք»:
Մեր դիտարկմանը, թե ո՞ւր մնաց ՀՀ վարչապետի խոստումը, որ նման հարցերը քննարկվելու են Հանրապետության հրապարակում, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պատերազմական դրության ժամանակ, որքան էլ ցանկություն լինի շատ հարցեր քննարկելու, կյանքի և մահվան հարց կա. եկեք չմոռանանք, որ այնտեղ կանգնած են եղել մեր ազգի տղամարդիկ: Եվ եթե իրավիճակից ելնելով լուծումներ են գտնում, որը չեմ կիսել, լուծումների տարբերակը, այն փաստաթուղթը, որ ստորագրվել է, ինձ համար անընկալելի տարբերակ է, հանկարծ չմտածեք, որ ես հաշտ եմ այդ տարբերակի հետ, բայց նմանատիպ իրավիճակում, եթե բանակը հստակ բացատրում է, որ մենք խնդիր կունենանք, պետք է շատ արագ գործենք, ապա մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումն այս պահին՝ լավն է, թե վատն է՝ գտնված է, բայց մենք այս լուծումից հետո պետք է ժամանակ չկորցնենք և մեր պետությունը դնենք ռելսի վրա»:
«Դուք փաստորեն այսօրվա արտահերթ նիստին չե՞ք մասնակցելու»՝ մեր վերջին հարցին էլ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ես արտահերթ նիստին չեմ մասնակցելու, որովհետև ես այլ զբաղվածություն ունեմ, սեփական նախաձեռնությամբ և, կներեք, չմեկնաբանեմ»: