«Չգիտեմ՝ ոնց եմ նայելու արցախցի երեխաների աչքերի մեջ, որովհետև ես անձամբ իրենց ասում էի, որ մենք հաղթելու ենք». Քրիստինա Երեմյան
«Լսելով իմ երկրում տիրող տխուր իրավիճակի մասին, ես նախաձեռնեցի գալ Հայաստան և անձամբ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքներին և զինված զինծառայողների ընտանիքներին: Իմ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատ մարդիկ: Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք որոշակի գումար, որը ես բերեցի Հայաստան ինձ հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քրիստինե Երեմյանը, ով հիմնադրամներին գումար ուղարկելու փոխարեն՝ որոշել է անձամբ ԱՄՆ-ից գալ Հայաստան և գումարն ավելի հասցեական օգտագործել:
Նա նշեց, որ ԱՄՆ-ում կազմակերպվող որոշ ցույցերի սկզբում մասնակցել է, բայց հետո մտածել է, որ ավելի օգտակար կլինի գալ Հայաստան և տեղում օգնել ընտանիքներին. «Ցույցերին մասնակցելով՝ շատ քիչ կարող ենք օգնել: Շատ ցույցերի մասնակցեցին, շատ տեղերում «փոստեր» արեցին, բայց իրականում ոչնչով չօգնեց դա, այս արդյունքները, ինչ որ տեսանք, շատ քիչ օգնեց: Եթե ճշմարտությունը խոսենք, Սփյուռքում իմանան, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, այնտեղ ավելի մեծ կլինի Հայաստանին օգնելու ցանկությունը: Հիմնադրամին գումար ուղարկելով՝ սփյուռքահայերը չեն զգում, որ մինչև վերջ օգնել են»:
Քրիստինան ասաց, որ հիմնականում եղել են Շիրակի մարզի գյուղերում. «Տխուր իրավիճակ էր իրականում ընտանիքներում. Բոլոր մայրերն ասում էին, որ իրենց պետք չէր հերոս, իրենց պետք էր իրենց զավակը, ինչը հասկանալի է: Նայում ես նրանց աչքերին՝ տեսնում ես, որ խավարած են: Ճիշտ է՝ բարի, հպարտ աչքեր ունեն, բայց հայացքը խավարած է այդ մայրերի: Այցելել ենք կանանց, որոնք եղել են միայնակ և ունեցել երեխաներ, նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ. Աշխատանք չունեն այդ կանայք, իրենց միակ օգնողն իրենց ամուսինն էր, ով էլ չկա: Ինձ համար զարմանալին այն էր, որ այդ մարդիկ սգի մեջ լինելով, այդքան ցավ ունենալով, կարողացել են մեզ ընդունել իրենց օջախներ, ինչպես հարազատի կընդունեին: Սա հայի հատկանիշ է: Այս մարդիկ ունեին գումարի կարիք, բայց հոգևոր աջակցության կարիքը ավելի շատ էր և ավելի շատ էր գնահատվում, որ ԱՄՆ-ից ինչ-որ մեկը եկել է, որ իրենց հետ կիսի իրենց կորուստը, ցավը»:
Հետաքրքրվեցին՝ որպես Սփյուռքի ներկայացուցիչ՝ իր համար ընդունելի՞ էր Նիկոլ Փաշինյանի ստորագրած՝ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթը:
«Ինձ համար շատ դժվար է պատասխանել այդ հարցին. Միայն կարող եմ ասել, որ ժողովուրդը շատ հուսահատված է, ինչը հասկանալի է՝ մինչև վերջին պահը մեզ հույս էին տալիս, որ հաղթելու ենք, նույնիսկ Շուշիի հարցը, երբ ասում էին՝ Շուշին մերն է, բայց հետո պարզվեց, որ Շուշին հանձնվել է օրեր առաջ: Մենք ավելի մեծ հույսեր ունեինք մեր վարչապետի հետ կապված: Մեզ համար դա անսպասելի էր, բոլորը շոկի ենթարկվեցին դա կարդալով: Ժողովուրդն այդքան նրան օգնեց, որ նա դառնա մեր երկրի վարչապետը, քանի որ հավատում էր, որ նա կխորհրդակցի ժողովրդի հետ՝ որոշումներ կայացնելուց առաջ, բայց ինչպես տեսանք՝ նույնիսկ երկրի նախագահը տեղյակ չէր՝ ինչ է կատարվում, տեղյակ չէր, որ այդպիսի փաստաթուղթ է ստորագրել»,- ի պատասխան՝ ասաց նա:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի ստորագրեց այդ փաստաթուղթը, որովհետև ժողովուրդը երբեք չէր համաձայնի դրան. «Ժողովրդին մինչև վերջ հույս էին տալիս: Եթե առավոտյան ասում են, որ Շուշին մերն է, ինչո՞ւ պետք է գիշերը ժողովուրդը համաձայներ այդ հողերը հանձնել թուրքերին: Ժողովրդին տված խոստումը չեն պահել»:
Հարցին՝ ամերիկահայերի մի հատված անվերապահորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ինչո՞վ է դա պայմանավորված, Քրիստինան պատասխանեց. «Պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում գտնվելով՝ նրանք այդքան էլ ճիշտ տեղեկացված չեն՝ ինչ է կատարվում երկրում: Ես էլ ԱՄՆ-ում գտնվելով՝ չէի պատկերացնի ինչպիսին է վիճակը: Ես Ամերիկայի իմ ընկերներին, ծանոթներին ասել եմ՝ եկեք Հայաստան և նոր արտահայտեք ձեր կարծիքը, որովհետև Հայաստանի ժողովրդի մեծ մասը հաստատ համաձայն չի լինի ձեզ հետ: Երբ ԱՄՆ-ում էի, պատկերացնում էի, որ ինչպես ներկայացնում են՝ այդպես է վիճակը Հայաստանում, որ իրոք ժողովրդի կարծիքը լսում են, որ ժողովուրդն ունի իր կարծիքն արտահայտելու ազատությունը, բայց այդպես չէ: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր զուտ իրենց կարծիքը արտահայտելու համար սպառնալիքների են արժանացել»:
Նա ընդգծեց՝ իդեալական կառավարությունը պետք է համախմբի ժողովրդին, ոչ թե այնպես անի, որ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվի. «Մարդիկ ուզում են մինչև վերջ հույս ունենալ, որ մեր վարչապետը իր խոստումները կպահի, բայց արդեն քանի անգամ մենք տեսանք, որ մեր վարչապետը ոչ մի խոստում էլ չպահեց: Շատ մարդիկ, ովքեր վստահում էին, արդեն չեն վստահում Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, կմնան մարդիկ, ովքեր նրան կվստահեն՝ իրենց շահից ելնելով»:
Քրիստինան հույս ունի, որ կկարողանանք վերադարձնել կապիտուլյացիայի փաստաթղթով կորցրած մեր հայրենիքը. «Այն երեխաները, որոնք կորցրել են իրենց հայրիկներին, արժանի են դրան: Դա է միակ արդար ճանապարհը մեր ժողովրդի համար, այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Մենք պետք է վերադարձնենք այդ հողերը: Ես համոզված եմ՝ ժողովուրդը պատրաստ է պատերազմը շարունակել, որպեսզի մեր հողերը վերադարձնեն: Արցախցիները երբեք պատրաստ չեն լինի թողնել իրենց տները. Ես անձամբ այցելել եմ Արցախից եկած ընտանիքներին, ովքեր ապաստան էին գնել ԱՄՆ-ից եկած մի մարդու տանը: Նրանց հետ շփվելով՝ հասկացա, որ հույս ունեն վերադառնալ իրենց տները, նույնիսկ երեխաները սպասում էին, որ վերադառնան դպրոց: Չգիտեմ՝ ոնց եմ նայելու այդ երեխաների աչքերի մեջ, որովհետև ես անձամբ իրենց ասում էի, որ մենք հաղթելու ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում