«Կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին». Արայիկ Հարությունյան

«Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը. ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ»,- իր ուղերձում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92-94թթ. կորցնելով շատ հարազատներ, որոնց վերջին խոսքը, վերջին բառը եղել է իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց եղել է ստիպված: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով՝ 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին»,-ընդգծեց նա:

Արցախի նախագահի խոսքով՝ մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա. «Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք՝ անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում, այդ 43 օրը հերոսաբար պայքարող, մանավանդ, մեր ժամկետային զինվորների մասով: Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ կրկնում եմ՝ շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին ունենալ»:

Նա ընդգծեց. «Կարծես թե, մի քանի օր հակաօդային ուժերի առումով մեզ հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում՝ Մարտունու շրջանում, և այդ բոլորը կորուստները նույն անօդաչուներով, և այդպես էլ մեզ չհաջողվեց: Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքը ուներ, այդ խնդիրն առկա էր, բոլորս, ովքեր զբաղեցրել էինք պաշտոններ վերջին տասնամյակներում: Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել, զորքը թութքով, դիզենտերիայով, COVID-ով հյուծված վիճակում էր, 43 օր գտնվում էին առաջնագծում և չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն և այդ ամենով, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինվախ ուժերի: Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում, Թուրքիայի զինվորականների մասնակցություն նույնպես եղել է: Ահաբեկիչների, վարձկանների, տարբեր երկրների(ունենք փաստեր՝ գերիներ),  դեմ կռվում էր հայ կամավորը, հայ զինվորը:

Ես խոնարհվում եմ, առաջին հերթին, մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել՝ ինչո՞ւ մենք ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից. կոչ եմ արել Աղդամից, այս նույն աթոռից, հիշեցնելով, որ՝ սիրելի հայրենակիցներ ձեր կարիքը ունենք: Հոկտեմբերի 29-ին Շուշիից՝ Ղազանչեցոց եկեղեցու առջև ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում է 5 կմ հեռավորության վրա:

Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքում է, թե չէ, բայց Շուշիի հիմնական վերահսկողությունը մենք կորցրել ենք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, անհնարին էր կռվել արդեն մարդկային և զինտեխնիկայի եղած ռեսուրներով: Շատ երկար փորձում էինք բանակցությունների սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել, հնարավոր չէր, իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին»:

Տեսանյութեր

Լրահոս