«Արցախում սպիտակ ֆոսֆորի օգտագործման հետ կապված՝ Ադրբեջանից որոշակի բացատրություններ են ակնկալվելու»․ Բնապահպանը՝ միջազգային կառույցներին դիմելու մասին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ադրբեջանն Արցախում օգտագործում է սպիտակ ֆոսֆոր։
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- գրել էր նա։
Նշենք, որ մինչ այդ համացանցում հայտնվել էին բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես է Ադրբեջանն Արցախում օգտագործում սպիտակ ֆոսֆոր։ Սրան հաջորդեցին նաև Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված կադրերը՝ կից ներկայացնելով նաև հայտարարություն, որով ադրբեջանական կողմի այդ քայլը որակվում էր՝ որպես պատերազմական հանցագործություններ։
Վերջերս հայաստանյան 50 բնապահպանական կառույցներ նամակով դիմել են միջազգային կառույցներին՝ ահազանգելով Արցախում տեղի ունեցող էկոցիդի մասին։
168.am-ի հետ զրույցում Էկոլոգիական նախաձեռնության անդամ Արևիկ Մկրտչյանն ասաց, որ այս պահին նամակի հետ կապված կա ընդամենը երկու արձագանք, որոնք գործընկերային հարաբերությունների արդյունքում են ստացել։ Սակայն ակնհայտ է, որ միջազգային կառույցների համար որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև ծանոթանան, ապացույցները ստանան, որից հետո ինչ-որ հայտարարություն անեն։ Հետևաբար՝ նախաձեռնության անդամները միջազգային կառույցներից դեռ սպասում են արձագանքի։
«Նամակին միացել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք աշխատել են Հայաստանում, նաև նախաձեռնել են բնապահպանական ծրագրեր Արցախում։ Դիմել ենք 100-ից ավելի միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Բնության պահպանության միջազգային միությանը, որը սահմանում է կենդանիների կարմիր ցանկը։ Գիտենք, որ Արցախում մի շարք կենդանատեսակներ կան, որոնք միգրացիա են կատարում, այսինքն՝ ռեգիոնալ մակարդակով, օրինակ՝ Հայաստանից գնում են Արցախ, այնտեղից էլ՝ Ադրբեջան»,- նշեց Արևիկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ միջազգային արձագանքի առումով ակնկալում են դատապարտող կոչեր և հետագայում՝ առարկայական քայլեր։ Դրա համար պետք են նաև լրացուցիչ ապացույցներ։
«Մինչև այսօր մենք դեռ ունենք միայն Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեսանյութը, երեկ էլ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց հաշվետվություն այրվածքների մասով, որը ցույց է տալիս սպիտակ ֆոսֆորի ազդեցությունը։ Մենք դեռ սպասում ենք նմուշառումների տվյալների, և կարևոր է հասկանալ, որ Արցախում մարտական գործողություններ են ընթանում, և նմուշառում իրականացնել այս պահին հնարավոր չէ։ Մենք տարբեր գործընկերների միջոցով փորձում ենք նմուշառում ստանալ և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Դրանից հետո լինեն նաև տարբեր հոդվածներ, որոնք ներկայացվելու են մի շարք միջազգային կոնֆերանսների, և այստեղ ցուցադրվելու է ֆոսֆորի ազդեցությունն էկոհամակարգերի վրա, որը միայն Հայաստանի ու Արցախի կորուստը չի կարող լինել, որովհետև բնության պահպանությունը ռազմաքաղաքական սահմաններ չի ճանաչում, այն համաշխարհային բնական ժառանգություն է։ Հետագայում գիտական հոդվածների, զեկույցների հիման վրա, առավել քան համոզված եմ, որ Ադրբեջանից որոշակի բացատրություններ են ակնկալվելու, բայց դրա համար կարևոր է, որպեսզի մենք հնարավորինս շատ ապացույցներ ձեռք բերենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը մի շարք բնապահպանական կոնվենցիաներ են ստորագրել, որով պարտավորվել են պահպանել շրջակա միջավայրը, անտառները, ջրերը։
«Կարծում եմ՝ նույն կոնվենցիաների գրասենյակների ղեկավարներն Ադրբեջանից նույնպես կպահանջեն բացատրություններ, և վերջինն ապացուցելու դեպքում, չեմ կարող ասել, թե որոնք կլինեն նրանց քայլերը։ Գուցե ինչ-որ բնապահպանական գրասենյակ որոշի Ադրբեջանի հետ դադարեցնել համագործակցությունը, սա կախված է նաև մեր ակտիվ աշխատանքից, նաև նրանից, թե որքանով Ադրբեջանը կկարողանա խուսանավել կամ չընդունել այդ մեղադրանքը։ Դեռ երկար աշխատանք է մեզ սպասվում»,- եզրափակեց Արևիկ Մկրտչյանը։