Բերիայի ճակատագրական ապտակը. Ինչո՞ւ դերասանուհի Եվգենյա Գարկուշայի կյանքն ընդհատվեց 33 տարեկանում
Նա հասցրեց նկարահանվել ընդամենը 2 ֆիլմում, ինչից հետո ասես անէացավ։ Եվգենյա Գարկուշան՝ վառ, տաղանդավոր ու երջանիկ մի դերասանուհի, անհետացավ էկրաններից, ազատվեց Մոսսովետի թատրոնից ու հեռացավ իր համար երկու ամենաթանկ մարդկանց՝ ամուսնու՝ Պյոտր Շիրշովի, ու մեկուկեսամյա դստեր՝ Մարինայի կյանքից։ Նրա անունը մոռացության մատնվեց, և միայն տարիներ անց արդեն մեծացած Մարինա Պետրովնա Շիրշովային հաջողվեց վերականգնել մոր զոհվելու հանգամանքները՝ ըստ հոր օրագրի գրառումների։
Կարճատև երջանկություն։
Պյոտր Շիրշովը Եվգենյա Գարկուշային առաջին անգամ տեսավ կինոթատրոնի էկրանին։ Հմայիչ աղջիկը օդաչուի դեր էր խաղում «Հինգերորդ օվկիանոս» ֆիլմում։ Որոշ ժամանակ անց՝ արդեն 1941թ., Մոսկվայի փողոցներով ավտոմեքենայով անցնելիս նա տեսավ մի աղջկա, ով զարմանալիորեն նման էր Սանյային՝ սիրված ֆիլմի հերոսուհուն… Ու նետվեց նրա հետևից։
Նրանք ողջ օրը թափառեցին փողոցներով։ Պյոտր Շիրշովը պատմում էր իր բևեռային արշավների մասին, իսկ Ժենյան նրանից չէր կտրում իր հիացած աչքերը։ Երիտասարդ, գեղեցիկ, ինչ-որ բանով Ջեկ Լոնդոնին հիշեցնող Շիրշովը նրան աղջկական երազանքի մարմնացում էր թվում։ Զգացմունքներն արդեն նրանց առել էին իրենց խելահեղ շրջապտույտի մեջ, ասես ոչինչ և ոչ ոք նրանց կյանքում մինչև ճակատագրական հանդիպումը չէր եղել։
Այդ ժամանակ նա իր ընտանիքն ուղարկեց էվակուացիա։ Պարզ աչքերով այդ աղջիկը դարձավ նրա երջանկությունը։ Նա ամենուր ուղեկցում էր նրան, իսկ Շիրշովի ընտանիքի՝ էվակուացիայից վերադառնալու պահին նա և Եվգենյան արդեն դուստր ունեին։ Եվ ծովային նավատորմի երիտասարդ ժողկոմը մնաց նոր սիրեցյալի հետ։ Այդ ժամանակ զգացմունքով արբած սիրահարները դեռևս չգիտեին, որ իրենց շատ քիչ ժամանակ է տրված երջանիկ լինելու համար։
1946թ. Կրեմլում ընդունելության ժամանակ Եվգենյա Գարկուշայի վրա ուշադրություն դարձրեց Լավրենտի Բերիան։ Նա արդեն պետական անվտանգության ժողկոմն էր, բայց նախկինի պես ուներ ազդեցություն և կշիռ՝ զբաղեցնելով Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի պաշտոնը։
Բնականաբար, Բերիան գործնականորեն մերժում չէր ընդունում, և այդ պատճառով էլ շատ սովորական ձևով ԽՍՀՄ ծովային նավատորմի ժողկոմի կնոջն առաջարկեց իր հետ անկողին կիսել։ Մինչև հոգու խորքը վիրավորված ինքնասեր ու բավականին ամբիցիոզ դերասանուհին Բերիային պատասխանեց շառաչուն ապտակով։ Այդ պահին նա հազիվ թե մտածեց, որ իր այդ արարքը կկործանի թե իր, թե իր ողջ ընտանիքի կյանքը։
Վճար՝ սիրո համար։
Դրանից մի քանի օր անց նրանք բոլորով միասին ամառանոցում էին։ 1 տարեկան Մարինան քնած էր իր օրորոցում, իսկ Պյոտր Պետրովիչը կանգնած էր պատշգամբում ու հիանում էր մերձմոսկովյան մայրամուտով։ Նրա Ժենյան վազեց պատշգամբ ու փարվեց ամուսնուն։ Նա ինչ-որ բան էր ասում իր երջանկության մասին, հետո նրանք միասին երազում էին, թե ինչպես ևս մեկ Մարինկա կունենան, և թե ինչքան լավ կզգան իրենց արդեն չորսով։ Այդ ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ դա իրենց վերջին երեկոն է երկուսով։
1946թ. հուլիսի 28-ի առավոտյան նա մեկնեց աշխատանքի, իսկ Ժենյան դստեր ու արձակուրդներն իրենց հետ ամառանոցում անցկացնող ամուսնու որդու՝ Ռոնալդի հետ մնաց տանը։ Կեսօրին, անհասկանալի տագնապ զգալով, Պյոտր Շիրշովը սկսեց զանգել կնոջը, բայց հեռախոսն անվերջ զբաղված էր։ Նրան կանչեցին Լուբյանկա ու հայտնեցին սիրելի կնոջ՝ իր սիրելի Ժենյայի ձերբակալության լուրը։
Նրա հետևից ամառանոց եկավ ինքը՝ Պետանվտանգության նախարար Վիկտոր Աբակումովը։ Պատճառաբանելով, որ հեռախոսը նորմալ չի աշխատում, հայտնեց այն մասին, որ իրեն շտապ թատրոն են հրավիրում, ու առաջարկեց իր հետ մինչև Մոսկվա տանել։ Նա, ուրախացած նորությամբ, հույս ուներ, որ շտապ կանչը կապված է առաջիկա հյուրախաղերի հետ, որոնց նա այնքան սպասում էր։ Անմիջապես նստեց մեքենան՝ բացարձակ չկասկածելով Աբակումովի խոսքերի ճշմարտացիությանը։ Տուն նա այլևս չվերադարձավ։
Կործանված կյանքեր։
Պյոտր Պետրովիչը սկզբում հրաժարվեց հավատալ կատարվածին։ Այդ ամենը նրան վատ ֆիլմ էր հիշեցնում։ Դեռ երեկ երջանիկ ծիծաղող կինը փարվել էր իրեն, և ահա այսօր ինքը չգիտի, թե որտեղ է նա։
Օրերը հաջորդում էին միմյանց, իսկ նրան հրաժարվում էին հայտնել կնոջ գտնվելու վայրի մասին որևէ լուր։ Բերիային ուղղված հերթական հարցումից հետո վերջինս նրան բավականին կտրուկ պատասխանեց՝ խոստանալով պարզապես գնդակահարել Շիրշովին, եթե նա համարձակվի ևս մեկ անգամ հետաքրքրվել կնոջ ճակատագրով։ Դրանից հետո Շիրշովը դիմեց Ստալինին, իհարկե, ոչ անձամբ, այլ լեգենդար Իվան Պապանինին համոզեց հարցնել Առաջնորդին։ Պատասխանն իր դաժանությամբ անխնա էր. «Մենք նրա համար ուրիշ կին կգտնենք, իսկ դրա մասին թող մոռանա»։ Բայց Շիրշովը չէր ցանկանում մոռանալ։
Կես տարի Եվգենյա Գարկուշա-Շիրշովան բոլոր ցուցակներում հաշվարկվում էր՝ որպես 13-րդ համարի ազատազրկված։ Միայն 1946թ. դեկտեմբերի 29-ին ստորագրվեց նրա ձերբակալության հրամանը։ Նա բանտում 16 ամիս անցկացրեց՝ հարցաքննությունների ժամանակ ստորագրելով բոլոր թղթերն ու համաձայնելով բոլոր մեղադրանքների հետ։ Ժենյային պատմում էին այն մասին, թե իբր իր ամուսինը մոռացել է նրան։ Իսկ նա 16 ամիսների անվերջ հոգեբանական բռնության արդյունքում ընկղմվեց խորը ընկճախտի մեջ։
1947թ. վերջին նրան դատապարտեցին Կոլիմա 8 տարվա աքսորի։
Պատժի կրման վայր Եվգենյա Գարկուշային ուղեկցեցին ուժեղացված հսկողությամբ, իսկ ուղեկցող նամակի մեջ գրված էր, որ նրան օգտագործեն միայն ոսկու արդյունահանման աշխատանքներում՝ նրան հնարավորություն չտալով անգամ ինքնագործունեությամբ զբաղվել։
1948թ. օգոստոսի 11-ին Եվգենյա Գարկուշան մահացավ՝ խմելով քնաբերի չափազանց մեծ չափաբաժին։
Գործընկերների հիշողություններով՝ Պյոտր Շիրշովը մահացավ նրա հետ միասին։ Ինքնասպանությունից նրան փրկում էր միայն դստեր համար հոգ տանելու, նրան խնամելու անհրաժեշտությունը։ Նա ապրեց մինչև 1953թ. և մահացավ քաղցկեղից։ 1956թ. Եվգենյա Գարկուշան ամբողջովին արդարացվեց։
Մարինա Շիրշովան երկար ժամանակ ապրում էր՝ հույս ունենալով իմանալ իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառների մասին։ Նա նամակագրություն էր վարում նրանց հետ, ովքեր հիշում էին Կոլիմայում պատիժը կրած Եվգենյային, իսկ ՊԱԿ արխիվները բացելուց հետո ծանոթացավ իր մոր գործին։ Մարինա Պետրովնայի շնորհիվ 2003թ. հրատարակվեց «Բևեռային կենսաբանի մոռացված օրագիրը» գիրքը, որն իր հոր օրագրային գրառումների ու իր անձնական հիշողությունների հանրագումարն էր իր ընտանիքի մասին։
Մարինա Պետրովնան իր մոր պես երազում էր դերասանուհի դառնալ, բայց արդյունքում՝ աշխատում է Օվկիանոսագիտության ինստիտուտում, որի հիմնադիրը Պյոտր Շիրշովն էր։ Եվ ողջ կյանքում հիշում է իր ընտանիքի մեծ սիրո ու անուղղելի դժբախտության պատմությունը։
ԽՍՀՄ պետական այրերի կանայք տարբեր էին՝ տնային տնտեսուհիներ ու ակտիվ գործիչներ, սիրող ու դավաճանություն ներող կանայք, հասարակ և ինտելիգենտ տիկնայք, բայց հաճախ իշխանության ղեկին գտնվող ու ամենաբարձրաստիճան աշխատասենյակներ մուտք գործող նրանց ամուսինները չէին կարողանում պաշտպանել իրենց կանանց բռնադատումների երկաթյա ճիրաններից։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը