«Թուրքիան և Ադրբեջանը նման արկածախնդրության գնալուց առաջ պետք է լավ մտածեն». Վարդան Ոսկանյան

Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։

Ինչպես հաղորդում է khabaronline-ը, Աբոլֆազլ Շեքարչին մասնավորապես ասել է. «Քանի որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի, Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։ Երկու երկրները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն էլ վճռական արձագանքի է արժանանալու։ Ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար մենք շատ լավ պատրաստվածություն ունենք։ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում։ Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է, մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։ Այդ երկու հարցը մեզ համար շատ սկզբունքային է, հակամարտող երկրներն այդ խնդրին պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն»։

Միևնույն ժամանակ իրանական «Ազարիհա» հեռուստաալիքը հայտնել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են պանթյուրքիզմի և թաքֆիր-ահաբեկիչների կոալիցիայի չնչին սխալի դեպքում որոշ կեղծ երկրներ ջնջել քարտեզից, այդ թվում՝ Սյունիքի մարզի հարձակման դեպքում։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ հարցին, թե Իրանի համար ինչ նշանակություն ունի Սյունիքի մարզը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում արդյո՞ք Իրանը կանցնի հակահարվածի։

«Իրականության մեջ իրանական սահմանի այդ հատվածը չափազանց կարևոր է  Իրանի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության դրա միջոցով ելք է ապահովվում դեպի Սև ծով։ Սա իրանական կողմը բազմիցս շեշտել է իր տնտեսական ծրագրերի համատեքստում։ Մյուս կողմից էլ, այն ոչ միայն Հայաստան-Իրան սահմանն է, այլև տնտեսական իմաստով Իրան-ԵԱՏՄ սահման է, հետևաբար՝ իրանցիների համար այդ սահմանի տնտեսական բաղադրիչը չափազանց կարևոր է։ Եթե խոսենք դրա աշխարհաքաղաքական բաղադրիչից, ապա ակնհայտ է, որ այդ հատվածի գոյությունը թույլ չի տալիս, որպեսզի իրականում Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով միանան միմյանց, որը, բնականաբար, չի բխում Իրանի շահերից»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ իրանցիների համար շատ կարևոր է նաև հայ-իրանական սահմանի արցախաիրանական հատվածը, այն հատվածը, որի մի մասն այժմ գտնվում է ադրբեջանական զորքերի բռնազավթման տակ։ Այդ հատվածի առկայությունը ևս ապահովում է Իրանի հյուսիսի անվտանգության կարևոր բաղադրիչը։

Իրանցիները կգնա՞ն անդրսահմանային գործողությունների արցախաիրանական սահմանի հատվածում. այս հարցի վերաբերյալ էլ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այս պահի դրությամբ դժվար է, սակայն կան հետաքրքիր ուղերձներ, որը կար նաև Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձում։

«Իրանցիները հռետորաբանական մակարդակում նախապատրաստել են սեփական հասարակությանը, նաև արտաքին աշխարհին, որ, եթե ահաբեկիչները նույնիսկ մոտենան իրանական սահմանին, ապա կարժանանան հակահարվածի։ Ըստ էության իրանցիներն այստեղ էլ անդրսահմանային գործողության դուռը չեն փակել, և այն ժամանակ, երբ մեր զորքերն անցնեն հակահարձակման, իրանցիների հետ ճշգրիտ համակարգման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի աջակցություն կլինի»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է Իրան-Մեղրի սահմանի ռազմական միջամտությանը, Վարդան Ոսկանյանը նշեց, որ այստեղ դրա կարիքը չի զգացվի, քանի որ այդ սահմանում հսկում է՝ ինչպես հայկական բանակը, այնպես էլ՝ ռուսական սահմանապահ զորքը։

«Կարծում եմ՝ Թուրքիան և Ադրբեջանը նման արկածախնդրության գնալուց առաջ պետք է  չափազանց լավ մտածեն, որովհետև իրականության մեջ բախվելու են հայ-ռուս-իրանական դաշինքին, որովհետև այստեղ  որևէ խնդիր չկա, և արձագանքը կլինի ավելի շուտ և շատ կոշտ»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս